Արման Մուսինյանը` Տարոն Մարգարյանի և ՀՀԿ-ական մյուս թեկնածուների ներկայացրած «աստղաբաշխական հայտարարագրերի» մասին

«Արդեն ակնհայտ է մի բան, որ իշխող Հանրապետական ռեժիմն իր հիմնական թիրախ է տեսնում Հայ ազգային կոնգրեսին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿԿ) ներկայացուցիչ Արման Մուսինյանը` խոսելով մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների մասին:

Արման Մուսինյանի խոսքով` դա ապացուցում են վերջին օրերին`քարոզարշավի ընթացքում, ՀԱԿ համակիրների նկատմամբ գործադրված բռնությունները:

«Գիտեք` Աջափնյակում քրեական տարրերը, իսկ դրանք կազմում են Հանրապետականի ստորին օղակների գրեթե 90 տոկոսը, հարձակվել էին մեր համակիրների վրա, արդյունքում` մեր համակիրներից Ալիկ Հախվերդյանը շտապօգնության մեքենայով հոսպիտալացվել էր (նրա գլխին երեք կար էին դրել), ոստիկանությունը, ինչպես միշտ արձագանքել էր բավական ուշացումով, հիմա գործ է հարուցված, ես որևէ մեծ ակնկալիք չունեմ, որ մեղավորները կբացահայտվեն և կպատժվեն»,- նշեց Մուսինյանը: Բացի այդ, ինչպես նա տեղեկացրեց, դեպքեր են տեղի ունեցել նաև Ավան և Կենտրոն համայքներում:

«Սա ապացույցն է այն բանի, որ ՀՀԿ-ն, իշխանությունը, նրա ընտրական շտաբը, նրա թեկնածուն հասկանում են, որ իրենք արդար ընտրությունների պարագայում պարտվելու են և սկսել են ընտրությունները կեղծելու գործընթացը: Հիմա բռնություններ կիրառելու փուլն է: Ընտրությունների օրը, բնականաբար, կանցնեն կեղծման այլ մեթոդների` բազմակի քվեարկություններին,  ցուցակային աճպարարություններին, և եթե դա էլ չօգնի, չեն խորշի նաև ընտրությունների օրը տեղամասերում բռնություններ կիրառելուց»,- կարծիք հայտնեց ՀԱԿԿ ցուցակի 3-րդ համար Արման Մուսինյանը:

Կարդացեք նաև

Ի դեպ, ցուցակների վերաբերյալ Արման Մուսինյանը նշեց, որ ուսումնասիրության միջոցով հայտնաբերել են ավելի քան 1000 քաղաքացիների, ովքեր 2013 թ. փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ հաշվառված են եղել մարզերում, սակայն այժմ գրանցված են Երևան համայնքում, ինչն ընտրական օրենսգրքի խախտում է:

Միաժամանակ նա նշեց, որ ՀԱԿ-ի վերջին օրերի քարոզարշավը, ցույց է տալիս, որ Հանրապետական կուսակցության նկատմամբ, ըստ էության, կա «տոտալ ատելություն», և հասարակությունը պատրաստ է իր ձայնը պատրաստ է տալ ոչ իշխանական ուժի, սակայն, մյուս կողմից, ընգծեց, որ կա որոշակի անտարբերություն, ինչն, ըստ նրա, կապված է շարունակվող կեղծված ընտրությունների հետ, երբ մարդիկ այլևս հույսեր չեն կապում ընտրությունների միջոցով իշխանությունը փոխելու և իրենց կյանքը բարելավելու հետ:

Մյուս հարցը, որին անդրադարձավ Արման Մուսինյանը, Հանրապետական կուսակցության ներկայացրած քաղաքապետի և ավագանու թեկնածուների հայտարարագրերն են:

«Տարոն Մարգարյանը ներկայացրել է մի խոսուն հայտարարագիր, որտեղ հայտարարագրել է շուրջ 6-7 մլն դոլլարի ունեցվածք, սա մասնագետների գնահատման արդյունք է: Ես ձեզ հիշեցնեմ, որ Տարոն Մարգարյանը, կրթություն ստանալուց անմիջապես հետո անցել է պետական աշխատանքի, ընդ որում չի ծառայել Զինված Ուժերում(սա իմիջիայլոց), բայց բացի պետական աշխատանքից հայտարարագրել է շուրջ 7 մլն դոլլարի ունեցվածք»,- շեշտեց Արման Մուսինյանը:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե որտեղ է ինքը Արման Մուսինյանը ծառայել, ինչին ի պատասխան Մուսինյանն ասաց որ ծառայել է ԶՈւ-ում 2001-2003 թթ.:

Վերադառնալով Տարոն Մարգարյանի ունեցվածքին` նա նշեց, որ նրա այն որևէ բացատրություն չունի, թե ինչպես են այդ միջոցները ձեռք բերվել:

«Ասեմ ավելին, ՀՀԿ-ի ցուցակում տեղ գտած ավագանու թեկնածուներ ներկայացրել են աստղաբաշխական հայտարարագրեր, ընդ որում նաև այնպիսի ավագանիներ, ովքեր ներկայիս թաղապետեր են, ՏԻՄ աշխատողներ»,- ասաց ՀԱԿԿ վարչության անդամը` ավելացնելով, որ այդ հայտարարագրերը պարունակում են «ակնհայտ կոռուպցիոն, փողերի լվացման, ատկատների, չարաշահումների, մեքենայությունների ռիսկեր»:

Ի դեպ, Ա.Մուսինյանից հետաքրքրվեցին, թե արդյոք նա պարզե՞լ է, թե որքան են կազմում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի ներկայացուցիչների կարողությունները, ՀԱԿԿ ներկայացուցիչն ասաց, որ լրագրողներն իրենք կարող են հետաքննություն կատարել և պարզել, իսկ երբ լրագրողներից մեկը շեշտեց,որ ԲՀԿ-ի թեկնածուների ներկայացրած հայտարարագրերը ոչ պակաս աստղաբաշխական են, Արման Մուսինյանը նշեց, որ իրենք թիրախավորում են միայն իշխող Հանրապետական կուսակցությանը:

Տեսանյութեր

Լրահոս