Լեհաստանի դեսպան. Ես հավատում եմ Սերժ Սարգսյանին, դուք նույնպես պետք է հավատաք

Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին այսօր Մամուլի ազգային  ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց, թե փետրվարին 6-ին «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում ինքն ընդամենը մեջբերել է նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը և չի խախտել  դիվանագիտական նորմերը:

«Այդ գնահատականները, որ ես հնչեցրել եմ Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ, իմ գնատահականները չեն, այլ ընդամենը մեջբերումներ էին պարոն նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հարցազրույցներից: Ես հավատում եմ պարոն նախագահին, դուք նույնպես պետք է հավատաք,  քանի որ նա հադիսանում է ձեր երկրի նախագահը»,- ասաց Լեհաստանի դեսպանը:

Հիշեցնենք, որ Լեհաստանի դեսպանն իր հարցազրույցում բավական կոշտ գնահատականներ էր հնչեցրել, ինչին արձագանքեցին իշխանության ներկայացուցիչները, ինչպես նաև արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Օրինակ, խոսելով ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի մասին, դեսպան Ռաչինսկին ասել էր. «Նույնիսկ եթե դա չլիներ քաղաքական մոտիվացիայով, բայց արդյունքը լինելու է քաղաքական: Սա՝ մեկ: Երկրորդը՝ ինձ թվում է, որ, չնայած նման բաներ կարող են տեղի ունենալ ցանկացած երկրում, բայց սա հնարավոր էր, որովհետև Հայաստանում չի վերացել անպատժելիության մթնոլորտը:

Կարդացեք նաև

Սպանությունները, որոնք, ասում են, քաղաքական մոտիվացիաներ ունեին, միշտ չէ որ, մեղմ ասած, բացահայտվել են: Վերցրեք 2008թ. իրադարձությունները: Ոչ ոք պատասխան չտվեց»:

Սակայն այսօր՝ երեք ամիս անց անդրադառնալով իր հարցազրույցին` Լեհաստանի դեսպանը նշեց, թե անպատժելության մթնոլորտի վերաբերյալ գնատահականը ևս Սերժ Սարգսյանի մեջբերումներից էր: Իսկ ինչ վերաբերում է խորհրդարանական գործիչների գնահատականներին, ապա  Զդիսլավ Ռաչինսկու համոզմամբ, նրանք շատ են զբաղված օրենսդիր գործունեությամբ և հավանաբար ժամանակ չեն ունեցել մանրամասն կարդալ իր հարցազրույցը:

«Քաղաքական գործիչները շատ գործ ունեն անելու խորհրդարանում և ժամանակ չունեն ծանոթանալու ինչ-որ դեսպանի հարցազրույցին, եթե իրենք առավել հստակ ծանոթանային հարցազրույցին, կկարդային, որ Հայաստանում մեծ հաջողության է հասել խոսքի  ազատության հարցում, քանի որ ես այդպես եմ գնահատում իրավիճակը:

Եթե խորհրդարանական որոշ գործիչներ չեն հասկացել իմ հարցազրույցը, իմ  մեղքը չէ»,- ասաց դեսպանը:

168.am-ի այն հարցին, թե հնարավո՞ր է, որ այս հարցազրույցի պատճառով խնդիրներ  է ունեցել իր երկրի հետ, քանի որ հարցազրույցում հնչեցրած գնահատականներին արձագանքել էր նաև ՀՀ ԱԳՆ-ն, Լեհաստանի դեսպանը պատասխանեց, թե հարցազրույցից մի քանի օր անց ինքը այլ դեսպանների հետ պատիվ է ունեցել ճաշելու նախագահ Սերժ Սարգսյանի մոտ:

168.am-ը հետաքրքրվեց նաև, թե ինչո՞ւ պիտի ՀՀ քաղաքացին հավատա արդեն հինգ տարի պոշտանավարած Սերժ Սարգսյանին, երբ արտագաղթը չի նվազել, Զդիսլավ Ռաչինսկին պատասխանեց. «Պետք է հավատաք, որովհետև նա մի նախագահ է, ով ընտրվել է ընտրությունների միջոցով  և միջազգային հանրության կողմից ճանաչվել է»:

Տեսանյութեր

Լրահոս