Բաժիններ՝

«Առնետները նենց էին կրծոտել, որ երեխեքս արյունլվա էին եղել» (լուսանկարներ)

Չորս տարեկան Մարինեն ու Մանվելը երկվորյակներ են, ծնվել են Հաղթանակ թաղամասի (4-րդ գյուղ) երկաթե տնակում, որտեղից այն կողմ երբևիցե չեն եղել ու չգիտեն, որ իրենց «չոլից» դուրս, սպիտակ, կարմիր, բարձրահարկ, ցածրահարկ շենքեր են կառուցվում: Մարինեն ու Մանվելը տեղյակ չեն, որ մեր հանրապետությունում ակտիվ բնակարանաշինարարական ծրագրեր են իրականացվում, բայց չնայած դրան՝ կառուցվող բնակարաններն անշունչ ու դատարկ են: Լույս աշխարհ գալուց հետո այս փոքրիկ զույգերի համար մոլորակը սկսվում ու ավարտվում է այն վագոն-տնակով, որի դռան առաջ պատվավոր կանգնած է նրանց միակ խաղալիքը՝ աղբանոցից գտած «Սովետի» հիշողություն արթնացնող «ժեշտից» ավտոմեքենան:

Մանվելն իր գիտակցական կյանքում հասցրել է միայն սարսափելու փոխարեն` իր մեջ ուժ գտնել պայքարել իրենց տնակ ներխուժող առնետների դեմ: Մայրը՝ Գեղանուշը, պատմում է, որ մեկ տարի առաջ գիշերը երկու երեխաներին հայտնաբերել են արյունլվա վիճակում:

«Երեխաների լացից արթնացանք ու տեսնենք` ի՞նչ… Մանվելիս ճակատը նենց էր կրծոտել, որ մաշկը քրքրել էր: Երեխայի դեմքն` արնաթաթախ, ամբողջ մաշկը` քրքրած: Մարինեին էլ ձեռքն էին կրծոտել, սաղ դոմիկն արյուն էր»,- վերհիշելով կատարվածը` սարսափահար հայացքով պատմում է երեխաների մայրը:

Մանվելի մոտ հետագայում աղիքային ինֆեկցիա են հայտնաբերել, ինչը մայրը կապում է առնետի հասցրած վնասվածքի հետ: Այդ դեպքից հետո երեխաների հայրը՝ Մկրտիչն, ամբողջ գիշեր մահակը ձեռքին հերթապահում է, որ առնետները երեխաներին չվնասեն:

4-rd gyux (3)

Ասում է՝ «Դոմիկի կողքով կանալ ա անցնում, իսկ մի քիչ էն կողմ էլ` Թռչնաբուծական ֆերմա կա: Առնետները դոմիկի շուրջբոլորն են ու սովորական առնետներ չեն՝ շատ մեծ են:Քանի անգամ պատահել ա` աչքս կպել ա, արթնացել, տեսել եմ՝ տղայիս դեմքին: Հասկանո՞ւմ եք, էս վախը մեզ խելագարության կհասցնի: Ամբողջ գիշեր հանգիստ քնել չկա, վախը սրտներումս ա, որ երեխեքին վնաս կտան»:

Մկրտիչն, արդեն երկու շաբաթ է, վատ ինքնազգացողություն ունի, մշտապես փսխում է, լյարդի շրջանում սուր ցավեր ունի:

Առողջապահական հաստատություն չեն դիմում, քանի որ անգամ հացի գումար չունեն: 36 տարեկան այս տղամարդն ինձ հետ խոսելիս` դողում է, ժամանակ առ ժամանակ շնչահեղձ է լինում: Գեղանուշն ասում է՝ ֆիզիկապես տկարացել է, ու երկու շաբաթ է՝ ինչ ընդունակ չէ նույնիսկ աշխատանքի գնալու: Նախկինում հարակից տարածքի քարի արտադրամասում բանվորություն էր անում, առավոտից իրիկուն քար էր տեղափոխում ու դրա դիմաց ստանում էր օրը 2000 դրամ:

Հիմա ընտանիքը մնացել է 27.000 դրամ ընտանեկան նպաստի հույսին, որով առաջին հերթին` հոսանքի վճարումներն են կատարում, քանի որ անլույս ապրել են և այդ պայմաններում առնետների դեմ կռվելու դժվարություններին ծանոթ են:

4-rd gyux (17)

Ամուսնությունից հետո Մկրտիչն ու Գեղանուշը վերջինիս հայրական տանից դուրս են եկել և տեղափոխվել են Հաղթանակ 3-րդ փողոցի, 4-րդ նրբանցքի այն տարածք, որը հեռվից աղբավայրի տպավորություն է թողնում: Մկրտիչն ասում է, որ հայրական տանն ապրելն անհնար էր, քանի որ այդ տանն, իրենից բացի, իր երկու եղբայրներն ու քույրն էին ապրում իրենց ընտանիքներով: Տեղափոխվել են՝ տարիների ընթացքում այդ տարածքում փոքրիկ տուն կառուցելու մտադրությամբ, բայցգ Կենցաղը, սոցիալական վատ պայմանները, երեխաների ծնվելուց հետո առաջացած դժվարությունները նրանց կյանքն ավելի անտանելի են դարձրել:

Տնակին կիպ տարածքում քարե պատերով տան հիմքեր կան, որոնք, սակայն, ոչ միայն անավարտ են, այլ՝ փլված: Ասում է՝ «Ծանր աշխատանք էի կատարում, ու կոպեկ-կոպեկ հավաքում էինք, որ շինանյութ գնենք: Քար առանք ու սկսեցինք չորս պատ շարել, բայց, քանի որ փող չկար, ամեն ինչ խնայողաբար էինք անում: Բետոնի համար փողը չհերիքեց, բայց շարունակեցինք շարել: Մի օր էլ պատահական տեսնենք` փլվեց ամբողջ մեր կատարած աշխատանքը, որովհետև բետոնը քիչ էինք արել: Էն երազանքը, որը փայփայելով ապրում էինք, մեզ ապրելու ուժ էր տալիս՝ մի վայրկյանում վերացավ: Ավելի հուսահատվեցինք»:

Մկրտիչն աշխատասեր մարդու, հոգատար հոր ու ամուսնու տպավորություն է թողնում: Նա պարբերաբար գրկում է երեխաներին, նրանց շոյում է ու` երբ խոսում է դժվարություններից՝ նրանց ուղարկում է դուրս:

Գեղանուշը վստահեցնում է, որ ամիսներով, տարիներով մարդամեջ դուրս չի գալիս, քանի որ, ինչպես ինքը, այնպես էլ՝ երեխաները հագուստ չունեն: Մանվելի հագին իրենից մի երկու տարով փոքր երեխայի մարզահագուստ է ու իրենից մի 20 տարով մեծ տղամարդու «ծիծակ» կոշիկներ: Ասում է՝ ինքը սիրում է այդ կոշիկները, քանի որ մի քանի անգամ հասցրել է կոշիկների սուր ծայրերով առնետներին հարվածել: Մարինեի մոտ մասնագետները տեսողության խնդիր հայտնաբերելով` օպտիկական ակնոց են նշանակել, բայց երեխան առայսօր գլուխն այստեղ-այնտեղ հարվածելով` իր մանկությունը «գլորում» է՝ չհասկանալով, որ ակնոց չկրելու արդյունքում` մոտն արդեն աչքերի շլություն է նկատվում:

Երկու օր առաջ Մարինե ու Մանվել զույգերի ծննդյան օրն էր: «Ամուսինս իրան ծեփեց էս պատից էն պատ, ամբողջ օրը` ներվային, լարված: Մեկ էլ տեսնեմ` թաքուն զանգել ա եղբորը, թե՝ ամեն մեկդ 2000 դրամ դրեք, մի բան անենք:

Եղբայրներն էլ մի լավ օրի չեն: Երեխեքս չորս տարվա մեջ չիմացան` ինչ բան ա ծնունդը: Հավատացեք, ուտելիքների անունն էլ չգիտեն, բայց շատ լավ, դաստիարակված ու խելոք բալիկներ են: Երբեք մեզ նեղություն չեն տա, չեն լացի, կամակորություն անեն: Էդ օրը շատ ծանր տարավ Մկրտիչը, շատ վատ էր, պրիստուպներից գալարվում էր: Իրա հայրը երևանյան հիվանդ ա եղել, ու վախենում ենք` հանկարծ իր մոտ էլ էդ երևույթն ի հայտ չգա, բայց, պատկերացրե՛ք, էս վիճակում հիվանդանոց ոտք չենք դնում: Մի անգամ շտապօգնություն ենք կանչել, ցավազրկել են ու ասել են՝ տարեք պառկացրեք: Պառկացնենք, բայց ո՞նցգ»,- ասում է Գեղանուշը` անընդհատ կրկնելով, որ իրենք պատվախնդիր մարդիկ են, բայց ստիպված են դիմել մեզ, քանի որ չեն կարողանում անդունդից դուրս գալ, ապրելու ելք չեն գտնում:

Երկու երեխաների ծնողներ Մկրտիչն ու Գեղանուշն ապրելու ելք չեն գտնում: Նրանք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ են, այսինքն՝ ճիշտ նույն այն համայնքի, որը գտնվում է Երևան քաղաքի վարչական տարածքում. Այսինքն՝ ճիշտ նույն այն քաղաքի, որը շուտով նոր քաղաքապետ է ունենալու: Այսինքն՝ ճիշտ այն նույն քաղաքապետից, որը դեռ տարիներ առաջ Մկրտիչի ու Գեղանուշի կյանքը բարեկեցիկ դարձնելու ծրագրերով էր եկել: Այսինքն՝ ճիշտ այն նույն ծրագրով, որով հիմա բոլորն են ուզում գալ: Նրանք բոլորն էլ ճիշտ այն նույն քաղաքի բնակիչներն են, որի բնակիչներն են նաև Մկրտիչն ու Գեղանուշը: Ինչպես, օրինակ, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով նախընտրական հանդիպումներում հաճախ է ասում. «Ես ձեզանից մեկն եմ»:

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս