Վարդան Սեդրակյանն իր հանցակիցներին զենք ձեռք բերելու համար 1000 դոլա՞ր է տվել
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Վարդան Սեդրակյանի գործն ուղարկվել է դատարան: Datalex.am դատական տեղեկատվական համակարգի տվյալներով՝ մեղադրական եզրակացության համաձայն՝ Վարդան Սեդրակյանը զենք ձեռք բերելու համար գործով մյուս մեղադրյալներին վճարել է 1000 դոլար:
Համաձայն մեղադրական եզրակացության, Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, առաջադրվելով 2013-ի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու, քարոզարշավի րնթացքում, իր մտերիմներ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին 2013-ի հունվարի սկզբներին պատվիրել է «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածուի, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի սպանությունը` նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, որն իրականացնելու նպատակով Վարդան Սեդրակայանը զենք ձեռք բերելու համար հանցակիցներին է տվել 1000 դոլար, ինչը Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը հավասարապես կիսել են միմյանց միջև։
Սակայն, ըստ մեղադրական եզրակացության, ծրագրված հանցագործությունն իրականացնելու համար Խաչատուր Պողոսյանն օգտագործել է իր կողմից 1995-1996-ին ապօրինի կերպով ձեռք բերված և պահված 1941թ. գործարանային արտաղրության 7,62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակը:
Գործով մյուս մեղադրյալ 1996թ. ծնված Խաչատուր Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1995-1996թթ. ՀՀ Բագրատաշեն համայնքի տարածքում քննությամբ չպարզած անձից ապօրինի կերպով ձեռք է բերելով` 1941թ. գործարանային արտադրության 7.62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ և այդ ատրճանակից կրակելու համար նախատեսված` 9 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտներ, մինչև 2013թ. հունվարի 31-ը դրանք ապօրինի կերպով պահել է տանը:
Գործով մեղադրյալ 1972-ի ծնված Սամվել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ընկերոջ՝ Խաչատուր Պողոսյանի հետ, ՀՀ նախագահի՝ 2013-ի փետրվարի 18-ի ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանից 2013-ի հունվարի սկզբներին ստանալով պատվեր՝ «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածու, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի սպանությունն իրագործելու վերաբերյալ, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, տվել են իրենց համաձայնությունը և զենք ձեռք բերելու համար Վարդան Սեդրակյանից ստացել է 1000 դոլար գումար:
Ըստ Datalex.am-ի՝ նախագահող դատավորը Գագիկ Պողոսյանն է: Դատական առաջին նիստի օրը տեղեկատվական համակարգում նշված չէ: Նշված չէ նաև մեղադրողի անունը:
Հ.Գ. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: