
Սաակաշվիլին վետո է դրել դատական բարեփոխումների վրա

Civil Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վետո է դրել դատական համակարգի հետ կապված երկու օրինագծի վրա:
Դրանցից մեկն առնչվում է Արդարադատության բարձրագույն խորհրդին, իսկ մյուսը՝ Երդվյալ ատենակալների դատարանին: Երկու փաստաթուղթն էլ ընդունվել են իշխող «Վրացական երազանք» դաշինքի կողմից:
Արդարադատության բարձրագույն խորհրդի մասին օրինագիծը վերջնական ընթերցմամբ հաստատվել է ապրիլի սկզբին: Այդ մարմինն իրավունք ունի նշանանակել ու հեռացնել դատավորներին, ինչպես նաև նրանց ենթարկել կարգապահական հետապնդման:
Օրինագիծը փոխում է խորհրդի կազմավորման կարգը: Գործող օրենսդրությամբ Արդարադատության բարձրագույն խորհուրդը բաղկացած է 15 անդամից, այն գլխավորում է Վրաստանի Գերագույն դատարանի նախագահը: Բացի նրանից, խորհրդի մնացյալ անդամներն ընտրվում են քառամյա ժամկետով:
Ընդ որում, նրանցից երկուսին նշանակում է նախագահը, ևս չորսին՝ պատգամավորները: Խորհրդի մնացյալ 8 անդամին նշանակում է Դատավորների համաժողովը: Նոր օրինագիծը չի ենթադրում նախագահի ու պատգամավորների կողմից խորհրդի անդամների նշանակում:
Խորհրդարանն այդ վեց անդամին նշանակելու է իրավական շրջանակների ու հասարակական կազմակերպությունների ներկայացրած թեկնածուներից: Մնացյալ 8-ին նախկինի պես ընտրելու է Դատավորների համաժողովը: