Ֆրեզնոյի շրջանը ճանաչել է ԼՂՀ-ի անկախությունը

Հայ-ամերիկյան Asbarez թերթի փոխանցմամբ՝ Ֆրեզնոյի շրջանը դարձավ Կալիֆոռնիա նահանգի առաջին շրջանը, որ ճանաչեց ԼՂՀ-ի (Արցախ) անկախությունը: Շրջանի ղեկավար խորհուրդը երեկ ընդունել է Բորջեաս Անդրեասի հեղինակած բանաձևը, որով ճանաչվում է ԼՂՀ-ի անկախությունը՝ այն ներկայացվելով որպես Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընկած պատմական հայկական շրջան:

Բացի այդ, տվյալ բանաձևում Կալիֆոռնիայի օրենսդիրներին կոչ է արվել պաշտոնապես ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը: ԱՄՆ-ում ԼՂՀ-ի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, մեկնաբանելով այդ ամենը, հայտարարել է. «Մենք շնորհակալ ենք տվյալ նախաձեռնության համար և հուսով ենք, որ այս բանաձևի ընդունմամբ կհաստատվի էլ ավելի խոր համագործակցություն»:

Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանն իր հերթին հայտարարել է, որ ԼՂՀ-ի անկախության ճանաչման յուրաքանչյուր քայլ նպաստում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը:

Բանաձևի հեղինակ, Ֆրեզնոյի շրջանի ղեկավար խորհրդի անդամ Անդրեաս Բորջեասը բանաձևի ընդունումից հետո հայտարարել է. «Ես հուզված եմ՝ այստեղ, Հայաստանում ու Արցախում մեր հայ ընկերների կողքին կանգնելու համար: Հուսով եմ, որ Սակրամենտոն (Կալիֆոռնիա նահանգի կենտրոն) նույնպես պաշտոնապես կճանաչի ԼՂՀ-ի անկախությունը:

Թեև Ֆրեզնոյի շրջանը Կալիֆոռնիայի առաջին շրջանն է, որ ընդունեց ԼՂՀ-ի անկախության ճանաչման բանաձև, իմ այս նախաձեռնության նպատակը տվյալ հարցում ոգեշնչումն է, որպեսզի այն հանգեցնի նահանգի, երկրի տարածքում և վերջին հաշվով Վաշինգտոնի կողմից ԼՂՀ-ի անկախության ճանաչմանը»:

Տեսանյութեր

Լրահոս