Բաժիններ՝

Իվանիշվիլին խոստացել է հետագայում վավերացնել Տարածաշրջանային լեզուների խարտիան

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Ստրասբուրգում գտնվող Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր ելույթ է ունեցել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում, որում անդրադարձել է Տարածաշրջանային լեզուների խարտիայի վավերացմանը.

«Ադրբեջանական բնակչությունը, ինչպես և մյուս էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները չեն հալածվում Վրաստանում: Պետությունը ձեռնարկում է բոլոր միջոցները՝ ապահովելու համար ազգային փոքրամասնությունների էլ ավելի ինտեգրումը:

Խնդիր է փոքրամասնությունների կողմից պետական լեզվի վատ իմացությունը: Կարծում եմ, որ նոր իշխանության պայմաններում մենք կձեռնարկենք հավելյալ ջանքեր՝ փոքրամասնությունների կողմից վրացերենի ուսուցման համար, ինչը նրանց հնարավորություն կտա ինտեգրվել մեր հասարակությանը:

Վրաստանն իր վրա է վերցրել տարածաշրջանային լեզուների վավերացման հարցը և այդ պարտավորությունը կկատարվի ժամանակի հետ»:

Հիշեցնենք, որ Տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիան ընդունվել է 1992 թվականին, Վրաստանը դրան միացել է 1990-ական թվականների վերջին: Խարտիան իր մասնակիցներին պարտավորեցնում է նպաստել տարածաշրջանային լեզուների կիրառմանն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը, դատական վարույթները, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը, ինչպես նաև ԶԼՄ-ներում:

Վերջին շրջանում վիրահայերը երկրի իշխանություններից պահանջել են անհապաղ վավերացնել Տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիան: Դա սրել էր երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ու վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի միջև հարաբերությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս