Ամերիկացի կոնգրեսականները կոչ են արել մեծացնել ՀՀ-ին ու ԼՂՀ-ին հատկացվող օգնության ծավալը
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ կոնգրեսի՝ Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն և Մայքլ Գրիմը Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների հանձնաժողովի պետական և օտարերկրյա գործառնությունների ենթահանձնաժողովին կոչ են արել 2014 թվականի ֆինանսական տարում ավելացնել Հայաստանին ու ԼՂՀ-ին տրվող ֆինանսական օգնության ծավալը:
Բացի այդ, կոչում նաև խոսք է գնում Ջավախքի զարգացման ու Մերձավոր Արևելքի հայ քրիստոնյաների խնդիրների վրա ուշադրություն հատկացնելու մասին: Փալոնեի ու Գրիմի այդ կոչին միացել են նրանց ավելի քան 20 գործընկեր: Նամակն այսօր ուղարկվել է ենթահանձնաժողովի ղեկավար Քեյ Գրենջերին:
Դրանում կոչ է արվում 2014 թվականի ֆինանսական տարում ԼՂՀ-ին հատկացնել 5 միլիոն դոլարի օգնություն, Վրաստանին հատկացվող օգնության առնվազն 10 տոկոսն ուղղել Ջավախքում աշխատատեղերի ստեղծմանը, Հայաստանին ցուցաբերվող տնտեսական օգնության ծավալը հասցնել 50 միլիոն դոլարի, գումարներ տրամադրել Մերձավոր Արևելքի ոչ վաղ անցյալի իրադարձություններից տուժած հայերի և մյուս փոքրամասնությունների ներկայացուցիչների վերաբնակեցմանը: