Տ. Ուրիխանյանը՝ ԲՀԿ-ի ընդդիմադիր լինելու և իշխանական լծակներ չունենալու մասին

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանից այսօր լրագրողները փորձեցին պարզաբանում ստանալ նույն կուսակցության ներկայացուցիչ, Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումների և ելույթներ մասին, սակայն հստակ պատասխաններ այդպես էլ չտրվեցին դրանց:

Հարցին, թե կիսո՞ւմ եք արդյոք Ձեր կուսակից ընկերոջ՝ ֆեյսբուքյան այն հայտարարությունը, թե ժամանակն է, որպեսզի ԲՀԿ-ն դառնա ընդդիմադիր կուսակցություն, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Ժամանակն է, որպեսզի վաղուց արդեն բոլորը փաստեն իրավիճակը, կոնկրետ գործողությունները և քայլերը և ոչ թե ձևակերպումները, որոնք շատ ժամանակ հրամցվում են նրանց կողմից, ում որ առանձնապես դա չի էլ հետաքրքրում, պարզապես այլ նպատակներ է հետապնդում: Մինչդեռ քաղաքացին շատ լավ տեսնում և հասկանում է, թե ինչ է անում այս կամ այն կուսակցությունը, դրանից եզրակացություններ է անում: Փաստացի իրավիճակը հետևյալն է. մենք իշխանության մաս չենք կազմում՝ դրանից բխող հետևանքներով հանդերձ: Մենք հանդես ենք եկել պաշտոնական դիրքորոշումներում բազմաթիվ անգամներ տարբեր խնդիրներով՝ դրանից բխող եզրակացություններով հանդերձ: Այսքանը»:

Լրագրողներից մեկի ճշտող հարցին, թե Վարդան Օսկանյանի գրառումը չի՞ նշանակում, որ արդեն կա ձևակերպված կոնկրետ առաջարկ՝ դառնալ ընդիմություն, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց, թե երբ առաջարկի վերաբերյալ կլինի կուսակցության պաշտոնական դիրքորոշում, ինքն ուրախությամբ կփոխանցի լրագրողներին:

168.am-ի այն հարցին, թե համամի՞տ եք արդյոք Վարդան Օսկանյանի՝ երեկ հնչեցրած հայտարարությանը, թե ԲՀԿ-ն երբեք իշխանական լծակներ չի ունեցել, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Բոլորի համար հասկանալի է, թե ինչ է ասում պարոն Օսկանյանը, եթե Դուք ուզում եք հակասություն բռնել… «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որով հանդես եմ գալիս ես, որով հանդես է գալիս պարոն Օսկանյանը, երբևէ իշխանական լծակ չի ունեցել:  Նախկին քաղաքական կարգերի ժամանակաշրջանում մասնակցություն է բերել կառավարման գործընթացին, ինչից գոհացած չլինելով, անբավարար համարելով՝ դուրս է եկել և չի կազմել կոալիցիա»:

Մեր հաջորդ հարցին, թե արդյո՞ք նախարարների պոտֆելներ ունենալը ԲՀԿ-ն չի համարում իշխանության լծակ ունենալ, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Ես չեմ  հնչեցնելու Ձեր ուզած խոսքերը, ես ասում եմ այն, ինչ ասում եմ»:

Տեսանյութեր

Լրահոս