
Պան Գի Մունն ԱՊԼ-ին կոչ է արել դադարեցնել զենքի մատակարարումը Սիրիա

РБК-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն Արաբական պետությունների լիգային (ԱՊԼ) կոչ է արել դադարեցնել զենքի մատակարարումները Սիրիա:
Պան Գի Մունն իր այս հայտարարությունն արել է ԱՊԼ-ի ղեկավար Նաբիլ ալ-Արաբիի և Կատարի վարչապետ ու ղեկավար, շեյխ Համադ բեն-Ջասեմ ալ-Թալիի հետ հանդիպման ժամանակ: Հանդիպումից հետո ՄԱԿ-ի տարածած պաշտոնական հաղորդագրությունում նշված է.
«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգ է Սիրիայում իրավիճակի վատթարացման և տարածաշրջանի վրա դրա ազդեցության աճի կապակցությամբ: Դրա հետ կապված՝ նա կոչ է անում դադարեցնել զենքի մատակարումները Սիրիա: Զենքի քանակի աճը միայն հանգեցնում է զոհերի քանակի աճին»:
2011 թվականի մարտից Սիրիայում մեկնարկած բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 70.000 մարդ՝ համաձայն ՄԱԿ-ի տվյալների: