Ի՞նչ է նշանակում «թաղի խուժան». մամուլ
«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. ««Խուժան» բառն ինձ համար կապված է մանկական հիշողությունների հետ: Լենինգրադյան փողոցի այն շենքում, որտեղ ես էի ապրում, շատերը (նաև իմ ծնողները) բնակարան էին ստացել Գիտությունների ակադեմիայից: Իսկ մեր կողքի շենքերից մեկում ապրում էին մարդիկ, ովքեր այդ շրջակայքում մինչև 60-ականների սկիզբը տնակներ են ունեցել, որոնք քանդվել էին՝ խռուշչովյան բազմաբնակարան շենքեր կաոուցելու համար:
Այդ շենքը մենք անվանում էինք «խուժանների շենք»: Աոաջին սեռական բնույթի հայհոյանքները ես լսել եմ այդ շենքի տղաներից: Ի դեպ, «ավտարիտետ» («հեղինակություն»՝ թաղային իմաստով) եզրը ես նույնպես նրանցից եմ լսել՝ այսպիսիք էին համարվում «Չուզուն» մականունով եղբայրները:
Բայց դա «խուժանի», այսպես ասած, ապաքաղաքական ընկալումն է: Քաղաքական իմաստով «թաղի խուժան» բառակապակցությունը ես աոաջին անգամ լսեցի 1995 թվականին, երբ խորհրդարանական ընտրությունների օրը գործարարների թիմակիցները (այն ժամանակ թիկնապահների ինստիտուտը դեռ ձևավորված չէր) ծեծի էին ենթարկում ընդդիմադիրներին: Դրանից հետո ոչ մի ընտրություն առանց նման միջադեպերի չէր անցնում:
Հանուն արդարության նշենք, որ վերջին խորհրդարանական և նախագահական ընտրություններում նման դեպքերը քչացել էին: Բայց «թաղի խուժան» ինստիտուտը գոյություն ունի, և այդ խուժանի երեկվա բախումը ՀԱԿ-ի ակտիվիստների հետ դրա ապացույցն է:
Եթե մարդիկ պարզապես խուլիգանական հակումներ ունեն, նրանց համար միևնույն է՝ ՀԱԿ-ն է քարոզչություն անում, թե ՄԱԿ-ը, նրանք ուշադրություն էլ չեն դարձնի, թե ով է եկել իրենց «մայլեն» և ինչ թռուցիկ է բաժանում: (Ուրիշ հարց, եթե գային, օրինակ, «թաղի աղջկա հարցով»): Բայց այս խուժանը, որը խառնվում է քաղաքական գործընթացներին, ինքնուրույն չէ, ուղղորդված է և ակնհայտորեն քաղաքական գործիք է հանդիսանում:
Այդ քաղաքականացված խուժանը համախմբվում է սովորաբար թաղապետարանների, հիմա՝ վարչական շրջանների շուրջ: Բնականաբար, նրանց գործունեությունը չի սահմանափակվում մարդ ծեծելով՝ այսօր դա ծայրահեղ միջոց է, որից հնարավորության դեպքում հանձնարարված է խուսափել:
Սովորական իրավիճակում խուժանի գործառույթները երեքն են՝ խմբով ներխուժել ընտրատարածքներ և լցոնումներ կատարել, ընտրակաշառք բաժանել և կաշառված մարդկանց «Գազելներով» տանել տեղամաս և խոչընդոտել լրատվամիջոցների աշխատանքին: Մայիսի 5-ին մենք կտեսնենք, թե ինչպես է աշխատում այդ «գործիքակազմը», ընդ որում՝ շեշտը, հավանաբար, դրվելու է խաղաղ՝ «ընտրակաշառքային» մեթոդների վրա: Առանց քաղաքական առաջադրանքի խուժանները պարզապես խուժան են, իսկ առաջադրանքով՝ «պետական գործիչներ»:
Գուցե Երբ ԵԽԽՎ զեկուցողները գրում են պետության և իշխանության սերտաճման մասին, նրանք հենց դա՞ նկատի ունեն»: