Ո՞վ է Սամվել Ֆարմանյանի ակնարկած առաջնորդը

Այն քաղաքական ուժերը, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն մասնակցել 2013թ. փետրվարի 18-ին կայացած նախագահի ընտրություններին, տիտանական ճիգեր պետք է գործադրեն մայիսի 5-ին՝ Երևանի ավագանու ընտրություններում ընտրողների ձայնը ստանալու համար: Այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ  այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

«Տիտանական ջանքեր են պահանջվելու՝ մայրաքաղաքաբնակներին համոզելու, որ սա սուր հարթությունում գտնվող ընտրություն է, պետք է սկսել Երևանից, ավարտել Երևանով… Իսկապես դա անհնար զբաղմունք է լինելու,  քանի որ ցանկացած ընտրող կարող է նրանց տալ իր հարցադրումը՝ իսկ դուք որտե՞ղ էիք նախագահական ընտրությունների ժամանակ»,- հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը: Նա նշեց, որ նախագահական ընտրությունները կարևորագույն ստուգատես են բոլոր քաղաքական ուժերի համար, և որևէ պատճառաբանություն հիմնավորում չէ: «Ինձ համար առնվազն անհասկանալի է, թե ինչպե՞ս կարող է քաղաքական որևէ կուսակցություն համապետական թիվ մեկ ընտրություններին՝  նախագահական ընտրություններին, մասնակցել կամ չմասնակցել՝ ելնելով սեփական ղեկավարի հայեցողությունից կամ մտավարժանքի կարողության աստիճանից: Սա ինքնին անբնական է»,- ասաց Սամվել Ֆարմանյանը: Լրագրողներից մեկը փորձեց ճշտել, թե ո՞վ է նրա ակնարկած առաջնորդը՝ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյա՞նը, թե՞ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, սակայն Սամվել Ֆարմանյանը պնդեց, թե դա իր ընդհանուր գնահատականն էր: Նա կոչ արեց նախագահի ընտրություններում պասիվություն ցուցաբերած կուսակցություններին՝ ժողովել 2012թ. խորհրդարանական ընտրություններից մնացած կապիտալը՝ հետագա քաղաքական զարգացումներում օգտագործելու համար: Նա հույս հայտնեց, որ Հայ հեղափոխական դաշնակցությանը և «Ժառանգությանը»՝ տվյալ դեպքում «Բարև, Երևան» նախընտրական դաշինքին կտեսնի ավագանու կազմում, իսկ առատաջարը, բնակաբար,  կլինի  ՀՀԿ-ն:  «Հայաստանի հանրապետական կուսակցությունն ունի  բոլոր հնարավորությունները՝ հաղթելու այս ընտրություններում: Տարոն Մարգարյանի պարագայում կարող եմ ասել , որ դա կլինի վաստակած հաղթանակ, քանի որ պաշտոնավարման այս ժամանակահատվածում իրեն դրսևորել է որպես թե՛ եռանդուն, թե՛ աշխատասեր, թե՛ քաղաքացիների նկատմամբ բարյացակամ  քաղաքային տնտեսության արդյունավետ կառավարիչ»,- նշեց ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչը:

Տեսանյութեր

Լրահոս