Արմեն Մարտիրոսյանը հարցաքննվել է որպես վկա
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Բարև, Երևան» դաշինքի համամասնական ընտրացուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը, ում այսօր առավոտյան հրավիրել էին ՀՔԾ, հարցաքննության է մասնակցել որպես վկա:
Այս մասին 168.am-ին հայտնեց Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ ՀՔԾ-ում «դետալացված» ներկայացրել է ապրիլի 9-ին տեղի ունեցած միջադեպը. «Ես ասել եմ, որ ոստիկանությունը իր լիազորությունները չարաշահել է, իսկ ես՝ որպես ավագանու թեկնածու, «Բարև, Երևան» դաշինքի համամասնական առաջին համար, ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում եմ երթը կատարել, ինչը խոչընդոտել են, ի տարբերություն իշխանական կուսակցությունների քարոզարշավի: Ասել եմ նաև, որ նույնիսկ երթևեկության ընթացքը չեմ խոչընդոտել, որ իմ պատճառով խցանում չի առաջացել, անօրինական ոչ մի բան չեմ իրականացրել»:
Մեր հարցին, թե հարցաքննության ժամանակ մեղադրական հարցադրումներ եղե՞լ են, թե առաջինը Դուք եք հարվածել կամ կազմակերպել, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց. «Նմանատիպ մեկ հարց եղել է ու ես ասել եմ, թե սուտ է, նման բան չկա, որ առաջինը ես հարվածեմ»:
Նա նաև նշեց, որ վերաբերմունքն իր նկատմամբ ՀՔԾ-ում եղել է «նորմալ», շփվել է ընդհամենը մեկ քննիչի հետ, իսկ մանացածների հետ չի առնչվել:
Նշենք, որ Արմեն Մարտիրոսյանի շահերի պաշտպանությամբ զբաղվում է փաստաբան Սեդա Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Բաղրամյան փողոցում ոստիկանների կողմից ծեծի էր ենթարկել Արմեն Մարտիրոսյանը, որի արդյունքում Վարչական օրենսգրքի 182 հոդվածի (ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը) հատկանիշներով գործ է հարուցվել: