Գուրգեն Եղիազարյանի խորհուրդը Տիգրան Սարգսյանին. Առաջին հերթին`ինքնասպանություն
«Մի նախադասություն, որ արտաբերեց, իհարկե հոգեբուժարանի ժպիտը դեմքին, ասեց՝ «բա ի՞նչ անենք, թողնենք՝ մնան, որ հեղափոխություն անեն, թող լքեն Հայաստանը»: Միայն այդ նախադասության համար (ոսկու վաճառքը դրանց գլխին կպնի) էս Տիգրան Սարգսյանը պետք է վարչապետ չլիներ, որովհետև Հայաստանում տոտալ հայաթափման պայմաններում սրան պահել վարչապետ, նշանակում է ուղղակի արհամարհել ժողովրդին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության վարչության անդամ Գուրգեն Եղիազարյանը` խոսելով ՀՀ վարչապետի վերանշանակման մասին:
Իսկ որպես ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ՝ Հայաստանի ոսկու պահուստների վաճառքի համար, ըստ Գ. Եղիազարյանի՝ Տիգրան Սարգսյանը պետք է պատասխանատվության ենթարկվի:
Գ.Եղիազարյանը հիշեցրեց ռուսական հայտնի արտահայտությունը` «мальчик для битья», և կարծիք հայտնեց, որ Տիգրան Սարգսյանը նախագահ Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է հենց այդ դերի համար:
«Տղայիկներ, ում կարելի է հարվածել, որովհետև «ընդդիմությունը» քննադատության սլաքն իհարկե միշտ կուղղի դեպի Տիգրան Սարգսյանը, և կողքի վրա կմնա Սերժ Սարգսյանը` հիմնական մեղավորն այս ամեն ինչի, քաղաքացիները, լրագրողները` դուք, ձեր ուշադրության կենտրոնում կլինի Տիգրան Սարգսյանը»,- նշեց նա:
«Իհարկե, ժողովուրդն արհամարհված է կարտոֆիլային երկրում, ավելի լավ կլիներ ասել, օրինակ, խիյարի երկրում, որովհետև խիյարի երկիր է, որտեղ այդ խիյարը, որպես կանոն, թարս է բուսնում` առայժմ ժողովրդի համար: Հուսով եմ` հետո իրենց համար թարս կբուսնի»,- շարունակեց Գուրգեն Եղիազարյանը:
Շարունակելով Գ. Եղիազարյանն անդրադարձավ Երևանի ավագանու ընտրություններին, որն, ըստ նրա, հնարավորություն է քաղաքացիների համար ասել «ոչ»` «տարբեր մեծ ու փոքր տզրուկներին, Հայաստանը հայաթափողներին, հիվանդ երեխաներին, անօգնական ծերունիներին այդ վիճակում թողողներին, Արամի, Բուզանդի, Ֆիրդուսու փողոցներից, Հյուսիսային պողատայից մարդկանց բնակարանները լափողներին և նրանց դուրս վռնդողներին»:
Իսկ հարցին, այնուամենայնիվ, վերանշանակված վարչապետը ո՞ր խնդիների վրա պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնի և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց այսպես. «Առաջին հերթին ես խորհուրդ կտամ սուիցիդը (ինքնասպանություն,- Ա.Ս.), ամենապարզ ճանապարհն է, որպեսզի մենք և հայ ժողովուրդը դրանից պրծնի: Սերժ Սարգսյանը թույլ չի տա, որ մենք նրանից պրծնենք»: