Բաժիններ՝

XXXL տաբատներից հրաժարվելու ժամանակը. Արմեն Արզումանյանը հեռուստատեսային լուծում է առաջարկում

ՀՀ նախագահի նախկին խոսնակ Արմեն Արզումանյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է հեռուստաընկերությունների արտադրանքի բովանդակային խնդիրներին և լուծումներ առաջարկել։ Ստորև ներկայացնում ենք այդ գրառումն ամբողջությամբ։

 

* * *

Լուծումը մասնագիտացված հեռուստաալիքներն են

Կարդացեք նաև

Ինչպես կարելի է տաբատ կարել, որ ունիվերսալ լինի: Ասենք, որ հնարավոր լինի հագցնել և չաղերին և նիհարներին, կրթվածներին ու անկիրթներին, հարուստներին ու աղքատ մարդկանց: Կարծում եք հնարավոր չէ՞: Ենթադրում եմ, որ միակ տարբերակը գերմեծ չափի տաբատն է` XXXL-ը, որ կարող են հագնել բոլորը: Ճիշտ է այն չաղերից բացի բոլորին անճոռնի տեսք կտա, բայց համաձայնեք, որ հնարավոր է: Այդպիսին են այսօրվա մեր հեռուստաալիքները: Երբ ստիպված են բավարարել բոլորի պահանջները միաժամանակ:

Հեռուստատեսություններն իսկապես բարդ խնդրի առաջ են կանգնած: Մի կողմից մեր գովազդային շուկան իսկապես անբավարար է որակյան հեռուստաարտադրանք տալու համար, մյուս կողմից էլ որակյալ կադրերը հազիվ կես ալիքի կհերիքեն:

Պատկերացրեք մի ընտանիք, որտեղ մեկը պանիր չի սիրում, մյուսը ձկան հոտը տանել չի կարող, իսկ երրորդն էլ լոլիկի տեսքից փշաքաղվում է: Ի՞նչ եփի խեղճ տանտիկինը, մանավանդ որ խոհարարական գիտելիքներն էլ մեղմ ասած բավարար չեն… հաստատ մի անհամ բան կստացվի` միջին վիճակագրական հայկական սերիալի պես:
Սրան էլ գումարեք, որ փողն էլ չի հերիքում թանկ սննդամթերք գնելու համար:
Պատկերացրեցի՞ք ինչ եմ ասում: Պանիր, ձուկ ու լոլիկ չպիտի լինի, իսկ միս, երշիկեղեն ու այսպես կոչված թանկ այլ ուտելիք ի վիճակի չեք գնել: Ստիպված կլինեք ամեն օր խաշած կարտոֆիլ ուտել:

Իսկ հիմա մի քիչ ավելի լուրջ: Հեռուստաընկերությունները պայքարում են հնարավորինս մեծ լսարան ունենալու համար: Այսինքն ստեղծում են ծրագրեր, որ միաժամանակ կարող են հետաքրքիր լինել տարբեր կրթություն ու հետաքրքրություններ ունեցող մարդկանց համար: Իսկ այդպիսի հաղորդումը բնականաբար պիտի պարզ լինի (եթե չասենք պարզունակ), որ նույնիսկ նվազագույն կրթությամբ մարդուն ընկալելի լինի: Միջին գիտելիքներով մարդը ոչինչ չի հասկանա հիդրոնային բաշխիչներից և այնտեղ պրոտոնների և ծանր իոնների հետ կատարվող պրոցեսներից: Ու եթե փորձեք դրա մասին պատմել` միանգամից կփոխեն ալիքը: Դրա համար էլ մեր ալիքները լցված են պարզ երաժշտությամբ, հումորով և սիրո ու դավաճանության մասին սերիալներով:

Իսկ ի՞նչ կա այլ երկրների ալիքներում, կհարցնեք դուք: Մինչև վերջերս այս նույնը ուղղակի ավելի շատ փողով, որ դիտարժան է դարձնում և ավելի որակյալ` մասնագետների շնորհիվ:

Իսկ ի՞նչ անել եթե այս ամենը ձեզ դուր չի գալիս: Պատասխանում եմ. Դա բնական է, քանի որ XXXL չափի տաբատով քայլելը ոչ մեկին հարմար չի, բացի 5 տոկոս չաղերից: Դուք ստիպված եք դա կրել, դա է ունիվերսալ հագուստ, ունիվերսալ թիվի ունենալու գինը:

Ո՞րն է լուծումը: Լուծումը շատ պարզ է: Պետք է գնել ձեզ հարմար տաբատ, ձեր մարմնին համապատասխան: Պետք է դադարել դիտել ունիվերսալ թիվիներ: Դիտեք մասնագիտացված հեռուստաակիքներ:
Սովետական խանութներում ընտրություն չկար, ինչ վաճառում էին դա էլ պիտի գնեիր, այլ ելք չկար: Հեռուստատեսությունն էլ մեկն էր… Բայց ժամանակակից տեխնոլոգիաները վաղուց լուծել են խնդիրը: Այսօր արևմուտքում հեռարձակվում են հարյուրավոր մասնագիտացված հեռուստատեսություններ, որոնք հաշվի են առնում մարդկանց տարբեր հետաքրքրությունները:

Մի քանի տարի հետո հայաստանյան հեռուստաընկերությունները կսկսեն թվային հեռարձակումը: Սա ինքնին բովանդակային առումով ոչինչ չի փոխի, բայց նաև եզակի հնարավորություն կտա տարբեր չափերի տաբատներ կարելու: Այսօրվա մեկ անալոգային ալիքի փոխարեն թվային հեռարձակման դեպքում հնարավոր կլինի ունենալ 4 և ավելի հեռարձակում: Թվայինի ամբողջական անցումից հետո Հայաստանում տեսականորեն պիտի առաջանա 18 անալոգային ազատ ալիք: Այսինքն տեսականորեն մենք կարող ենք ունենալ 70-ից ավելի նոր հեռուստաալիք: Ուղղակի պետք է խելացի բաշխել դրանք: Պետք է օրենսդրորեն ամրագրել, որ դրանք լինեն միմիայն մասնագիտացված: Հերիք է որքան XXXL տաբատներ կրեցիք: Թող լինեն ալիքներ գիտության, սպորտի, լուրջ երաժշտության, մշակույթի, բարձր տեխնոլոգիաների, մանկական… և այսպես ևս յոթ տասնյակից ավելի ալիք, որոնց անուններն ինքներդ կարող եք տալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս