Բաժիններ՝

ԱՄՆ-ը կրկնապատկում է սիրիական ընդդիմությանը տրվող օգնության ծավալը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը կրկնապատկելու է սիրիական ընդդիմությանը հատկացվող օգնության ծավալը՝ հասցնելով մինչև 250 միլիոն դոլարի և ավելացնելու է ոչ մահաբեր զինամթերքի մատակարարումը: Այս մասին Ստամբուլում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ով մասնակցել է «Սիրիայի բարեկամների» խմբի հերթական հանդիպմանը:

Նա մանրամասնել է, որ սիրիական ընդդիմությանը մատակարարումները ներառելու են միայն սննդամթերք ու դեղորայք: Միևնույն ժամանակ ամերիկյան ԶԼՄ-ները գրել են, որ Վաշինգտոնը պլանավորել է սիրիացի ապստամբներին մատակարարել զրահաբաճկոններ, զրահատրանսպորտներ, գիշերային տեսանելիության սարքեր ու կապի միջոցներ:

Սիրիական ընդդիմությունը խնդրել է իրեն հատկացնել զենք, սակայն մերժում է ստացել: Քերին հայտարարել է. «Այս հակամարտությունն արդեն դուրս է գալիս Սիրիայի սահմաններից և սպառնում է հարևան երկրներին: Պետք է դադարեցվի արյունահեղությունը: Վրա է հասել վճռորոշ պահը»:

Քերին սիրիական ընդդիմությանն աջակցող մյուս երկրներին ևս կոչ է արել ունենալ սեփական ներդրումը, որպեսզի դրանով իսկ սիրիական ընդդիմությանը հատկացվող օգնության ընդհանուր ծավալը հասցվի մինչև 1 միլիարդ դոլարի:

Քերին խոստացել է Սիրիայի խաղաղ բնակչության և Հորդանանում սիրիացի փախստականների համար հատկացնել ևս 25 միլիոն դոլար: Ավելի վաղ ԱՄՆ-ն արդեն իսկ 385 միլիոն դոլար է հատկացրել Թուրքիայում, Իրաքում, Հորդանանում ու Լիբանանում ապաստան գտած սիրիացի փախստականներին:

ՄԱԿ-ի գնահատմամբ՝ Սիրիայում ավելի քան երկու տարի ընթացող բախումների հետևանքով հարևան երկրներում ապաստան է գտել ավելի քան 1.2 միլիոն սիրիացի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս