Յասաման

Բուժիչ նամակներ

Յասամանը մինչև 5-7 մ բարձրությամբ թուփ է, երբեմն` ծառ, պատկանում է ձիթենազգիների ընտանիքին։ Բնության մեջ հանդիպում են յասամանի մոտ 30 տեսակներ. երկուսը` հարավարևելյան Եվրոպայի լեռներում, մեկը` Պարսկաստանում, գերակշռող մասը` Չինաստանում։

Գիտական անվանումն է` Syrinda=խողովակ, հայերեն այլ ձևով անվանում են եղրևանի և շեփորուկ։ Յասամանի տերևները բացվում են վաղ գարնանը և չեն դեղնում աշնանը, իսկ պտուղները ձմեռում են թփի վրա։ Ծաղկաթերթերը չորսն են, հազվադեպ` հինգը։ Ըստ ավանդազրույցի` նման ծաղիկ գտնողին մեծ հաջողություն է սպասվում։

Բուրավետ, բազմերանգ, մեղրատու յասամանն անհիշելի ժամանակներից մշակվել է մեր հայրենիքի բոլոր բնակավայրերում` դաշտավայրային և լեռնային։

Յասամանի բողբոջը մթերում են վաղ գարնանը, ծաղկաբույլերը` ծաղկման սկզբում` ճյուղերի հետ, տերևը` հունիսի վերջում։ Հումքը չորացնում են օդափոխվող ծածկի տակ, ծաղկաբույլերը` կախված, իսկ բողբոջը և տերևը` բարակ շերտով փռված։ Բուժիչ հատկություններ ունեն նաև մատղաշ ճյուղերը, որոնք պետք է հավաքել հյութաշարժման շրջանում` վաղ գարնանը։
Բույսն ունի ջերմիջեցնող, քրտնամուղ, հակամանրէ, հակաբորբոքային, ցավամոքիչ, միզամուղ հատկություններ։

Ժողովրդական դեղատոմսեր
Ոգեթուրմեր. 50 գ թարմ ծաղիկը կամ տերևը 10 օր թրմեք 500 մլ օղու մեջ, քամեք։
Թուրմ. 1 ճ/գ ծաղիկը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։
Ցիստիտ, հոդացավ. Խմեք 1-ական ճ/գ ծաղկի թուրմ, 30-ական կաթիլ ոգեթուրմ կամ 20-ական կաթիլ տերևի ոգեթուրմ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։ Ընտրեք երեք դեղատոմսերից մեկը։

Երիկամաբորբ. Յասամանի 2 ճ/գ չոր տերևը 10 րոպե թրմեք տաք ջրում, հասցրեք եռման ջերմաստիճանի, եփեք 1 րոպե, 3 ժամ թրմեք, քամեք, հումքը մզեք։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 4 անգամ, ուտելուց առաջ։ Շարունակեք 2 շաբաթ, ընդմիջեք 20 օր, կրկնեք 3 անգամ։
Շաքարային դիաբետ. 20 գ տրորած բողբոջը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։

1. 10 գ բողբոջը 6 ժամ թրմեք 200 մլ եռջրում` տարան փաթաթեք լաթով։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։
2. 1 թ/գ չորացրած բողբոջը 1 րոպե եփեք 100 մլ ջրում, 1 ժամ թրմեք։ Խմեք 1-ական ճ/գ` 4 ժամը մեկ։ Շարունակեք 28 օր, կարելի է կրկնել 14 օրից։

Օստեոխոնդրոզ- 2 թ/գ թարմ տերևը 24 ժամ թրմեք` 300 մլ սպիտակ բողկի հյութի, 200 գ մեղրի և 100 մլ օղու խառնուրդի մեջ։ Ներմերսեք հիվանդ հատվածին, օգտագործելուց առաջ խառնեք։ Պահեք սառնարանում։
Ընկնավորություն. 1 թ/գ չորացրած ծաղիկը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 3-4 անգամ։ Խորհուրդ է տրվում խմել մի քանի տարի շարունակ։

Զգուշացում։ Յասամանի բոլոր մասերը պարունակում են ոչ մեծ չափով թունավոր նյութեր, խստորեն պահպանեք չափաբաժինները։
Վարիկոզ. Տերևը 5 րոպե թրջեք ջրում, տրորեք, տեղադրեք հիվանդ մասի վրա, վիրակապեք, հանեք մեկ օր հետո։
Ջերմիջեցնող, քրտնամուղ. Խառնեք յասամանի և լորենու ծաղիկները, 2 ճ/գ հումքը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ, գոլ վիճակում։

Խառնեք յասամանի, հազարատերևուկի, տարկավանի ծաղիկները (2։2։1), 1 ճ/գ հումքը 8 ժամ թրմեք 200 մլ եռջրում` ջերմապահի մեջ, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 4 անգամ։
Դժվար բուժվող վեքեր, խոց. 2 ճ/գ տերևը մի քանի վայրկյան եփեք 200 մլ ջրում, թրմեք 3 ժամ, դրեք թրջոց կամ լվացեք վերքը։ Կատարեք լոգանք տաք ջրով։

Բուժում է յուղամզվածքը
Յասամանի 3 ճ/գ թարմ բողբոջը 30 րոպե տաքացրեք եռացող ջրային բանիքի վրա` 130 մլ արևածաղկի զտված յուղի մեջ, 4 օր թրմեք մութ տեղում, քամեք, հումքը մզեք յուղի մեջ։ Պահեք սառնարանում։ Խորհուրդ է տրվում կիրառել հետևյալ դեպքերում։
Իշիաս, ռևմատիզմ, արթրիտ, նևրալգիա. Յուղամզվածքը քսեք օրը 1 անգամ, կապեք բրդյա կտորով։ Շարունակեք` մինչև ցավերը դադարեն։
Հոդատապ, պարանոցի հատվածի օստեոխոնդրոզ. Յուղամզվածքը ներմերսեք շրջանաձև շարժումներով` մինչև մաշկը կարմրատակի, ծածկեք թրջոցների համար նախատեսված թղթով, վիրակապեք։ Շարունակեք, մինչև ցավերը մեղմանան։ Սահմանափակեք աղի և մսեղենի օգտագործումը։

Չիբան. Յուղամզվածքը քսելուց հետո ծածկեք բարակ պոլիէթիլենային թաղանթով, վրայից դրեք թանզիֆե անձեռոցիկ և ամրացրեք։ Վիրակապը փոխեք օրը 2 անգամ, շարունակեք` մինչև արտադրությունը դուրս գա, մշակեք ակնամոմի ոգեթուրմով կամ սպիրտով։
Ռևմատիզմ, արթրիտ, օստեոխոնդրոզ. Չորացրած, փոշիացրած բողբոջը խառնեք տաք, հալեցրած խոզի ճարպի հետ (1։4), հովանալուց հետո պահեք սառնարանում։
Բրոնխիտ. Աղացեք թարմ տերևը, խառնեք տաք, հալեցրած խոզի ճարպի հետ` կարևոր է, որ ստացվի խիտ համասեռ զանգված։ Քսեք կրծքին, ծածկեք թղթով, վիրակապեք։
Միգրեն. Մանրացրեք ծաղիկները խառնեք կարագի հետ (1։1), 24 ժամ թրմեք։ Համասեռ զանգվածը քսեք քիմքին և ճակատին։
Հոդացավ. Մանրացրեք սպիտակ ծաղիկները, խառնեք կարագի հետ (1։1)։

Յասաման սպիտակ
Ծաղիկները լցրեք ապակե տարայի մեջ` ոչ խիտ, ազատ ծավալը լրացրեք օղիով, 10 օր թրմեք մութ, տաք տեղում, քամեք։
Օստեոխոնդրոզ- Խմեք 30-ական կաթիլ` օրը 3 անգամ, դրեք թրջոց,
Սկսվող վարիկոզ. Ոգեթուրմը քսեք ոտքերին` ոտնաթաթից մինչև ծունկը, թողեք չորանա։ Մաշկը մշակեք վուշի կամ արևածաղկի յուղով։ Շարունակեք 2 շաբաթ, ընդմիջեք 7 օր, կրկնեք 4 անգամ։
Արթրիտ. 10 գ չորացրած սպիտակ ծաղիկը 10 օր թրմեք 100 մլ օղու մեջ, քամեք։ Խմեք 20-ական կաթիլ` օրը 3 անգամ։ Քսեք հիվանդ հոդերին կամ թրջոց դրեք։

Օգտակար է նաև հոդատապի դեպքում։

Կորյակներ, մաշկային ցան. Ոգեթուրմը լուծեք նախօրոք եռացրած սառը ջրում (1։1), լոսյոնով մաքրեք դեմքը։

Կարևոր է իմանալ. Ռևմատիկ ցավերի դեպքում ավելի արդյունավետ են մանուշակագույն ծաղիկներից ստացված պատրաստուկները։

«168 ԺԱՄ»

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Արդեն վաճառքում է Ջուլիետա Սահակյանի հեղինակած «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը, որը վաճառվում է «Նոյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից։

 

Տեսանյութեր

Լրահոս