«Օրինաց երկիրը» սահմանափակ հնարավորություն ունի նույն այդ կոալիցիա ներսում. ՕԵԿ-ի նոր համախոհ
«Օրինաց երկիր» կուսակցությանը միավորվելուց հետո այլևս նախկին «Նոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Բաբկեն Հարությունյանը պատասխանեց լրագրողների հարցերին.
– Դուք նշեցիք, որ կուսակցությունը դեռևս գրանցված չէ Արդաարդատության նախարարությունում: Ստացվում է, որ այսօր գոյություն չունեցող կուսակցության համագումա՞րն էր:
– Ի՞նչ է նշանակում գոյություն չունեցող կուսակցություն: Այսօր մենք ունենք բազմաթիվ կուսակցություններ, որոնք բաղկացած են կուսակցության վկայականից և կնիքից: Հիմա ուզում եք ասեք՝ էդ կուսակցությունները կուսակցությո՞ւն են: Ընտրություններին մասնակցելու համար դու պետք է ունենաս այդ վկայականն ու կնիքը, եթե դու առանձին ես մասնակցում, իսկ քաղաքական գործունեություն իրականացնելու համար պարտադիր չէ արդարադատության նախարարի կնիքը դու ունենաս: Հայաստանում այդ նույն նախարարության գործունեության արդյունքում գոյություն ունի մի երեք Հնչակյան կուսակցություն:
– Եթե ստեղծվելուց ընդամենը մի քանի ամիս անց պետք է միանայիք ՕԵԿ-ին, նպատակահարմար չէ՞ր միանգամից ՕԵԿ անդամագրվելը:
– Ամեն ինչ պետք է հիմնավորված լինի և ունենա իր նպատակը: Մենք առաջարկել ենք ծրագրեր և տեղի է ունեցել ծրագրերի հաստատում: Եթե կուսակցությունն իր գործունեությամբ ընդունելի է, դու պետք է կարողանաս նաև այդ գաղափարներն իրացնել: Մենք ստացել ենք դրա հավաստիքը:
– Ինչո՞վ եք պայմանավորում դահլիճի սակավամարդությունը:
– Գիտեք, իրականում մենք մինչև համագումարի սկսելը ստացանք տեղեկատվություն, դրա մասին չեմ ուզում խոսել, բայց, կարծում եմ, կարճ ժամանակ անց կխոսենք:
– Վախեցրե՞լ են Ձեր համակիրներին:
– Ես իմ ելույթում անդրադարձա նաև այդ հարցին, երկրորդ անգամ կրկնելու կարիք չկա:
– Եթե հասկանալի լիներ, կրկին չէինք հարցնի:
– Ուշադիր լինեինք՝ կնկատեիք, ավելացնելու ոչինչ չունեմ:
– Դուք կարծում եք՝ այնքան հզոր ուժ եք, որ իշխանությունները փորձում են…
– Տեսեք, իշխանությունները միշտ դժվար են զիջում: Երիտասարդների ստեղծած կուսակցություն էր, որը ոչ մեծ ֆինանսական ռեսուրսների է տիրապետում: Այսօր Հայաստանում շատ ցավալի է ընկալվում քաղաքական սերնդափոխությունը:
– Հիշեցնեմ, որ ՕԵԿ-կոալիցիայի անդամ է:
– «Օրինաց երկիրը» կոալիցիայի անդամ է այնքանով, ինչքանով: Իհրակե, պարզ է, որ «Օրինաց երկիրը» սահմանափակ հնարավորություն ունի նույն այդ կոալիցիայի ներսում, դրանում ոչ մեկը, կարծում եմ, նոր բան չի կարող ասել:
– Այսօր համագումարին մասնակցում էին նաև դպրոցականներ:
– Ոչ, դա ձեր գնահատականն է: Կարծում եմ՝ դուք իրենց դպրոցում չեք տեսնի:
– Նպատակահարմար չէ՞ր, որպեսզի ձեր միավորումը լիներ մինչև Երևանի ավագանու ընտրությունների մեկնարկը, որպեսզի հնարավորություն ունենայիք ընդգրկվել ՕԵԿ-ի համամասնական ցուցակում և մասնակցեիքք Երևանի կառավարմանը:
– Գիտեք, ոչինչ չպետք է ինքնանպատակ լինի: Եթե ամբողջը միանում է, դառնում է մեկ կուսակցություն, ի՞նչ տարբերություն «Նոր Հայաստանից» գնացա՞ծ է, թե՞ ՕԵԿ-ից: Մեկ է՝ շարունակելու ենք գնալ առաջ: Տարբերություն չկա:
– Դուք «Եվրասիական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահն էիք, որը ռուսական կողմնորոշում ունի, իսկ ՕԵԿ-ը՝ հիմնականում արևմտամետ է: Գաղափարական այդ տարբերությունները չե՞ն խանգարել:
– Ինչպես «Եվրասիական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը, այնպես էլ ՕԵԿ-ը, հայամետ հասարակական և քաղաքական միավորումներ են: