Ոստիկանության զորքերը մարզումներ են անցկացնում

Մեր երկրի Էներգաարդյունաբերական խոշորագույն համալիրի՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի պաշտպանությունն ու պահպանությունը իրականացնում է ոստիկանության զորքերը: Առաջադրված խնդիրները հուսալի և լիարժեք կատարելու և այդ բարդ ու խիստ պատասխանատու ծառայությունն իրականացնելու համար ոստիկանության զորքերի համապատասխան ստորաբաժանումների ծառայողներից մշտապես պահանջվում է զգոնության, կարգապահություն և մասնագիտական գիտելիքների անհրաժեշտ իմացություն: Անձնակազմի գիտելիքներն ու ունակությունները հստակեցնելու և գործնական հմտություններ ձեռք բերելու նպատակով մշտապես անցկացվում են գործնական պարապմունքներ և հրամանատարաշտաբային մարզումներ:
ՀՀ ոստիկանության պետի կողմից հաստատված պլանի համաձայն՝ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի գլխավորությամբ ապրիլի 19-ին ոստիկանության զորքերում անցկացվեցին շտաբային մարզումներ՝ «Հատուկ նշանակության օբյեկտի (ՀԱԷԿ-ի) պահպանության և պաշտպանության կազմակերպումը հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերից» թեմայով:
Շտաբային մարզումներին ընդգրկված էին ոստիկանության զորքերի 1043 զորամասը՝ ամբողջ կազմով, 1031 զորամասի հրամանատարական կազմը և պլանով նախատեսված գործողություններին մասնակից ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի օպերատիվ խումբը:
Մարզումների հիմնական նպատակն էր՝ կատարելագործել հրամանատարական կազմի և զորամասերի շտաբների պաշտոնատար անձանց ունակությունները գործառութային պարտականությունների կատարման և մարտական փաստաթղթերի ձևակերպման գործում:
Մարզումների ընթացքում ճշգրտվեցին ստորաբաժանումների մարտական խնդիրները, կազմակերպվեց համագործակցություն տարբեր գերատեսչությունների ստորաբաժանումների միջև, ինչպես և անցկացվեց տեղազննում, որի ընթացքում հրամանատարական կազմը զբաղեցրեց ղեկավարման կետերը և ճշգրտվեցին ստորաբաժանումների խնդիրները տեղանքում:
Շտաբային մարզումների արդյունքները զեկուցվեցին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին:
Ոստիկանության պետի կողմից տրվեցին ցուցումներ առկա թերությունների վերացման վերաբերյալ:

ՀՀ Ոստիկանություն

Տեսանյութեր

Լրահոս