Բաժիններ՝

Ավստրիացի պրոֆեսոր. Վահե Ավետյանի ուղեղը մահացել էր վնասվածք ստանալու պահին

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Հարսնաքարի» գործով դատական հերթական նիստը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը դատարան ներկայացրեց Վիեննայի համալսարանի պրոֆեսորի, վնասվածքաբանի և նյարդաբանի կողմից տրված եզրակացությունը, որը նկարագրում էր Վահե Ավետյանի ուղեղի մահը:

Ըստ փաստաթղթի՝ Վահե Ավետյանի ուղեղը մահացել էր վնասվածք ստանալու պահին:

Տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն էլ ասաց, որ համակարգչային առաջին հետազոտության արդյունքները ուղարկվել էին Ավստրիա, որպեսզի անհրաժեշտության դեպքում արագ արձագանքման խումբ ուղարկվեր Վահե Ավետյանին անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելու համար:

Կարդացեք նաև

Ավստրիայից, սակայն, պատասխան էր ստացվել, որ կանչը չի սպասարկվի, որովհետև Վ. Ավետյանի առողջական վիճակի մասին ուղարկված ցուցանիշները խոսել են նրա ուղեղի մահվան մասին, և նման պայմաններում հնարավոր չէր լինի ուղեղի վերակենդանացում իրականացնել:

Տիգրան Եգորյանը նաև ասաց, որ հետազոտությունը կատարվել է Վ. Ավետյանի ընկերոջ նախաձեռնությամբ:

Նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանն էլ ասաց, թե նման պայմաններում հնարավոր չէ կարծիք հայտնել նշված փաստաթղթի մասին, քանի որ պարզ չէ՝ ում կողմից և ինչ փաստաթղթերի հիման վրա է տրվել այդ եզրակացությունը:

Տ. Եգորյանը խոստացավ այդ տվյալները հայտնել հաջորդ դատական նիստի ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս