Անդրիաս Ղուկասյանը կմասնակցեր, եթե հրավիրեին
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը չի մասնակցելու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, 2013թ. նախագահի ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած այսօրվա քաղաքացիական ազգային համաժողովին:
«Ինձ չեն հրավիրել: Ես լինում եմ այն միջոցառումներին, որին ինձ հրավիրում են: Ես Րաֆֆի Հովհաննիսյանին աջակցել եմ հետևյալ սկզբունքով. հրավիրել են՝ մասնակցել եմ, չեն հրավիրել՝ չեմ մասնացել: Նույն սկզբունքով շարունակում եմ համագործակցել այդ քաղաքական ուժի հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Անդրիաս Ղուկասյանը:
Մեր այն դիտարկմանն ի պատասխան, թե հրավերքն արվել է Ազատության հրապարակից՝ հրապարակայնորեն, Անդրիաս Ղուկասյանը պնդեց, որ ինքը լինում է այնտեղ, որտեղ հրավիրում են, իսկ եթե չեն հրավիրել, նշանակում է՝ նպատակահարմար չեն համարել:
Այդուհանդերձ, Անդրիաս Ղուկասյանը վստահեցրեց, որ որևէ խնդիր չի տեսնում դրանում, և իր՝ այսօրվա բացակայությունը չի նշանակում, թե այլևս չի աջակցում Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը: Նա նշեց, որ անկախ նրանից՝ ինքը ներկա կլինի՞ այսօր, թե՞ ոչ, սա համարում է կարևոր միջոցառում:
Անդրիաս Ղուկասյանը նաև վստահեցրեց, թե ապրիլի 9-ից հետո իր և Րաֆֆի Հովհաննիսյանի հարաբերությունների սրում չկա: «Որևէ փոփոխություն չկա: Ես համագործակցում եմ բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք գտնում եմ, որ աջակցում են մեր ժողովրդի շահերի իրականացմանը: Բնականաբար, դա առաջին հերթին «Ժառանգություն» կուսակցությունն է և Րաֆֆի Հովհաննիսյանը»,- ասաց նախագահի նախկին թեկնածուն:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ի հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր՝ ամոթ նրանց, ովքեր ապրիլի 9-ին, օգտվելով իր մեկ ժամվա բացակայությունից, փորձել են իրենց քաղաքական ղեկավար և ժողովրդի «վոժդ» համարել:
Այս անուղղակի մեղադրանքը շատերը վերագրեցին հենց Անդրիաս Ղուկասյանին, քանի որ հենց նա էր ապրիլի 9-ին, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը Վլադիմիր Գասպարյանի հետ քայլում էր դեպի Ծիծեռնակաբերդ, Բաղրամյան պողոտայի սկզբնամասում հավաքված քաղաքացիներին կոչ է արել կամ միանալ այդ երթին, կամ սկսել նստացույց: