Ր. Հովհաննիսյան. Ուզում էին իրենց քաղաքական ղեկավար, ժողովրդի «վոժդ» համարել, ամոթ նրանց

«Մենք մեր հաղթանակն ի կատար ենք ածելու մինչև Մոսկվա, Վաշինգտոն և Բրյուսել և Երևան»,- այսօր Ազատության հրապարակում հրավիրված հերթական հանրահավաքին հայտարարեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով մի քանի ժամ առաջ է վերադարձել Մոսկվայից:

«Սիրելի հայրենակիցներ, մենք չենք ճանաչում և չենք ընդունում այդ կեղծ երդումը և կեղծ ընտրությունը, որ կատարեցին: Նաև չենք ընդունում նրանց ովքեր, լինելով գործող իշխանության մեջ կամ թաքուն, որպես քաղաքացի պտտվելով, ուզեցին մեր արյան վրայով քաղաքական կարիերա սարքել, իրենք գործ չունեն Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Վերջինս նշեց, որ ինքը կարող էր փետրվարի 18-ից մինչև ապրիլի 9-ը շատ սխալներ արած լիներ, բայց խոստացել է, որ հաղթանակը տանելու է ժողովրդի հետ միասին և ոչ մի արյուն չի լինելու:

«Ամեն մեկն իրավունք ունի քննադատելու, և ես դա ընդունում եմ, բայց ով ապրիլի 9-ին ներկա չէր և տաքուկ կուսակցական գրասենյակներում ժողովրդի տապալման մասին էին խոսում և օգտվելով իմ մի ժամվա բացակայությունից` ուզում էին իրենց քաղաքական ղեկավար, ժողովրդի «վոժդ» համարել, ամոթ նրանց»,- շարունակեց «Բարևի» շարժման ղեկավարը:

Կարդացեք նաև

«Մենք չենք ընդունում պարոն Սարգսյանի այս ոչ դե յուրե, կեղծված  և լավագույն դեպքում` հերթական դե ֆակտո իշխանությունը, և նույն շնչով չենք ընդունում նրանց` ոստիկան լինեն, թե կեղծ իշխանության ներկայացուցիչ, կեղծ ընդդիմության ղեկավարներ, ովքեր ուզում էին ժողովրդին արյան տանել: Ես թույլ չեմ տալու մեր արյունը»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը նույնիսկ անվանական անդրադարձավ ընդդիմադիր այն գործիչներին, ովքեր ապրիլի 9-ից հետո այս կամ այն ձևով քննադատության են ենթարկել Րաֆֆի Հովհաննիսյանին: «Ես չգիտեմ` ով ինչպես, եթե դու էլ` Թադևոսյան, և ես քեզ չեմ տեսել, ուրեմն շնորհակալություն, բայց դու ինձ ողորմելի մի´ ասա: Կամ դու` Դաշնակցության ներկայացուցիչ, իմ ընկեր Ռուստամյան, ոչ մեկը` կուսակցական կամ ոչ կուսակցական, թող մեր ժողովրդի վրա մատ թափ չտա»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս