Իսրայելն ու Ադրբեջանը հաջորդ շաբաթ քննարկելու են Իրանի միջուկային մշակումների հարցը
Իսրայելական Cursor լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հաջորդ շաբաթ պաշտոնական այցով Իսրայել է ժամանելու Ադրբեջանի փոխարտգործնախարարը: Ենթադրվում է, որ ի թիվս այլ հարցերի կողմերը քննարկելու են նաև Ադրբեջանի հարևան երկրի՝ Իրանի միջուկային մշակումների խնդիրը:
Ադրբեջանը չափազանց դժգոհ է Իրանի քաղաքականությունից և իր ներքին գործերին միջամտելու փորձերից: Վերջին շրջանում մի քանի անգամ հաղորդագրություն է ստացվել, որ Իրանն աջակցում է Ադրբեջանի ընդդիմադիր, կրոնական ուժերին:
Բացի այդ, ադրբեջանական կողմը մի քանի անգամ բարձրաձայնել է ահաբեկչական մասնաճյուղի բացահայտման մասին, որոնք նախապատրաստություն են անցել Իրանում՝ նպատակ հետապնդելով ահաբեկչություններ իրականացնել իսրայելցի դիվանագետների դեմ:
Եվ չնայած այս ամենին՝ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, որ մտադիր չէ իր տարածքը տրամադրել օտար զինված ուժերին՝ հարձակողական որևէ գործունեություն իրականացնելու համար:
Դրա հետ մեկտեղ Իսրայելի հետ Ադրբեջանի ռազմական համագործակցությունը բավական բարձր մակարդակի վրա է և հասնում է 1.6 միլիարդ դոլարի:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ իսրայելական İzRus կայքը հայտնել էր, թե հաջորդ շաբաթ Իսրայել կժամանի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ինչը կլինի նրա առաջին այցն Իսրայել:
2012 թվականի փետրվարի վերջին հայտնի դարձավ, որ Ադրբեջանն ու Իսրայելը ռազմական գործարք են կնքել, ըստ որի՝ Իսրայելը պետք է առաջիկա 4 տարում Ադրբեջանին մատակարարի 1.6 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական տեխնիկա:
Խոսքը Gabriel-5 հականավային հրթիռների, Heron TP և Searcher տիպերի անօդաչու թռչող սարքերի, Barak-8 հակաօդային պաշտպանության համակարգի, Green Pine ռադիոտեղորոշիչ համակարգի, ականազերծման POMİNS-2 համակարգի և այլնի մասին է:
Ի դեպ, տարիներ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունները նման են այսբերգի (սառցալեռ), և որ սովորական աչքերի համար տեսանելի է ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների միայն 1/10 մասը: