Ցեղասպանագիտության մրցույթի երեք մրցանակակիրներից մեկն այլազգի է
Այսօր ամփոփվեցին «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնության հայտարարած երկու մրցույթները` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Մրցանակներ էին նախատեված ազդեցության գործակից ունեցող կամ ինդեքսավորվող միջազգային պարբերականներում և միջազգային առաջատար լրատվամիջոցներում ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայոց ցեղասպանության մասին գիտական հոդվածների տպագրության համար:
Մրցույթին մասնակցած և համապատասխան հոդվածներ ունեցող երեք մրցանակակիրները «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից կպարգևատրվեն 400 հազարական դրամի չափով: Մրցանակի են արժանացել .
1.Վահրամ Այվազյանը` «Ցեղասպանություն. մտադրությունը, հիմնավորումը և տիպոլոգիան» աշխատանքի համար, որը վերլուծում է ցեղասպանության, որպես ծանրագույն հանցագործության, տեսական և գործնական հիմքերը, որոնք հանգեցնում են ոճրագործ պետության և գործող հանցակից անձանց կողմից իրենց մտադրության իրականացմանը:
2. Տիգրան Սարուխանյանը` «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Արմին Թ. Վեգների (1886-1978թթ.) հրապարակախոսական վկայությունները և Հայոց ցեղասպանությունը» աշխատանքի համար: Հեղինակը լուսաբանել է այնպիսի կարևորություն ներկայացնող գիտական հիմնախնդիր, ինչպիսին հայ ժողովրդի բնաջնջման ընթացքում, պատերազմում Օսմանյան Թուրքիայի գլխավոր դաշնակից Գերմանիայի որդեգրած քաղաքականությունն է, մասնավորապես` ոճրագործության կատարման գործում նրա ունեցած մեղսակցությունը:
3. Ազգությամբ տաջիկ Շավքաթ Կասիմովը` «Հայոց ցեղասպանության օրինակը և միլլեթի համակարգի դերը դրա իրականացման գործում» աշխատության համար: Հեղինակը տեսակետ է զարգացնում, որ Հայոց ցեղասպանությունը օսմանյան հասարակարգի բնական զարգացման մի գործընթաց էր, որը ձևափոխման իր այդ փուլում ընտրեց հայ ժողովրդի տեղահանության և բնաջնջման ծրագիրը, որպես պետական և հասարակական միատարր միավոր ստեղծելու հնարավոր ճանապարհ։
Հաշվի առնելով, որ մրցանակակիրներից մեկը բնակվում է ԱՄՆ-ում, իսկ հայազգի մրցանակակիրներն այս պահին գործուղման մեջ են արտերկրում, «Տաշիր» բարեգործական հիմնադրամը և «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնությունը նպատակահարմար գտան մրցանակների հանձնման արարողությունը անցկացնել հայաստանցի մրցանակակիրների` ՀՀ-ում գտնվելու ժամանակ:
Հավելենք, որ նշյալ մրցույթները շարունակական են և ընդգրկելու են ամեն տարվա ապրիլի 20-ից մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածները` մինչև 2015թ.: Մրցույթները նպատակ ունեն խրախուսել մեր ազգի, մեր ժողովրդի համար ամենացավոտ խնդրով՝ Ցեղասպանագիտությամբ զբաղվողներին ու այդ հարցը մրջազգայնացնողներին:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամ
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնություն