Օջալանին կարող են օգնել փախչել բանտից. թուրք ազգայնական պատգամավոր
Թուրքական Samanyolu Haber հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) պատգամավոր Օզջան Ենիչերին սենսացիոն հայտարարություն է արել.
«Վերջին ժամանակներս հաճախակիացել են այցերն Իմրալը կղզի (ուր ցմահ ազատազրկում է կրում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հիմնադիր ու առաջնորդ Աբդուլլահ Օջալանը): Սկզբնական շրջանում այցերը հազվադեպ էին, գործը հիմնականում ավարտվում էր նամակագրությամբ:
Մինչդեռ ներկայումս այնքան են հաճախակիացել քաղաքական գործիչների, փաստաբանների ու կառավարության թույլատրած տարբեր պատվիրակությունների այցերն Իմրալը, որ ես վախենում եմ, թե Օջալանին կարող են օգնել փախչել բանտից:
Դրանից հետո կհետևեն տարբեր արդարացումներ.
«Մենք մեղավոր չէինք, հսկիչներն են նրան բաց թողել» և այլն: Ցանկանում եմ ենթադրել, որ համապատասխան ատյաններն ուշադիր հետևում են ահաբեկչի (Օջալան) հետ այցելուների շփման գործընթացին: Այլապես հակառակ դեպքում ուշ կլինի: Իրավապահ մարմինները պետք է պատրաստ լինեն յուրաքանչյուր անակնկալի: Հնարավոր է ամեն բան:
Սակայն բոլորին անհրաժեշտ է հաշվի առնել մեկ բան, որ Իմրալըից կարող է դուրս գալ միայն Օջալանի դիակը: Թուրք ժողովուրդը որևէ զիջման չի գնա ահաբեկչի հետագա ճակատագրի հարցում: Անիմաստ է խոսել համաներման մասին: Ժողովուրդը երբեք չի ների այն կառավարությանը, որը կների Օջալանին»: