
Վենեսուելայում չի կատարվի քվեների վերահաշվարկ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայի ազգային ընտրական խորհուրդն անցած գիշեր հայտարարեց, որ չի կատարվի նախագահական ընտրությունների բոլոր քվեների վերահաշվարկ, ինչպես որ դա պահանջում է ընդդիմությունը:
Խորհրդի տվյալներով՝ կիրակնօրյա ընտրություններում Մադուրոն հավաքել է քվեների 50.7 տոկոսը, իսկ Կապրիլեսը՝ 48.9 տոկոսը: Ընդդիմությունը համաձայն չէ այս արդյունքների հետ և պահանջում է քվեների վերահաշվարկ:
Խորհրդի ղեկավար Տիբիսայ Լուսենը հայտարարել է, որ որոշվել է անցկացնել կիրակնօրյա ընտրությունների «քաղաքացիական աուդիտ», ինչը չի նշանակում ձեռքով քվեների վերահաշվարկ: Վենեսուելական օրենսդրության համաձայն, քվեարկությունն ավտոմատացված է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե Մադուրոյի երդմնակալությունը տեղի է ունենալու ապրիլի 19-ին: