Ինչո՞ւ Հայկ Գրիգորյանն իր մանդատը չի զիջի Սուրիկ Խաչատրյանին
Հարցազրույց թիվ 37 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Գրիգորյանի հետ
– Որպես նորընտիր պատգամավոր` այս ընթացքում օրենսդրական ի՞նչ նախաձեռնությամբ եք հանդես եկել:
– Այս պահին ես և Կարինե Աճեմյանը «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնության հեղինակներն ենք: Օրենքն առաջին ընթերցմամբ արդեն անցել է: Խոսքը վերաբերում է կանանց աշխատանքային իրավունքին, երբ կանայք ֆիզարձակուրդ էին գնում, և գործատուն ինչ-ինչ պատճառներով ժամանակից շուտ կարող էր ազատել աշխատանքից: Հիմա մենք օրենք ենք ներկայացրել, որ գործատուն կարող է ազատել կնոջը՝ միայն ընկերությունը լուծարելու դեպքում:
Ասեմ նաև, որ դա միակ օրենսդրական նախաձեռնությունը չէ այս պահին. օրենսդրական այլ նախաձեռնություններ էլ եմ պատրաստում, մասնավորապես, նախընտրական իմ ծրագրում այն ժամանակ կար, որ, երբ երեխաներին նպաստ է տրվում (խոսքը վերաբերում է օրենսդրությամբ այս պահին աշխատող բոլոր մայրերին), առաջարկում եմ նպաստը տալ բոլոր մայրերին, նույնիսկ չաշխատող մայրերին: Չաշխատող մայրը մեղք չունի, որ ինքը գործ չունի, առանց այդ էլ ինքը տուժված է պետության կողմից, և պետությունը պարտավոր է իր ներկա փոքր քաղաքացու` երեխայի մասին հոգ տանել:
– Ինչպե՞ս եք Ձեզ զգում խորհրդարանում, պատգամավորի կարգավիճակում:
– Շատ նորմալ, շատ աշխատանքային մթնոլորտ է, բարձրացնում եմ իմ ընտրատարածքի հարցերը, ստանում եմ պատասխաններ, որոշ պատասխաններից բավարարվում եմ, որոշներից` ոչ:
– Այսինքն` գո՞հ եք աշխատանքից:
– Այո, շատ պատասխանատու աշխատանք է: Նորմալ մարդը չի կարող գոհ չլինել պատասխանատու աշխատանքից:
– Իսկ օլիգարխ պատգամավորներ տեսնո՞ւմ եք Ձեր գործընկերների շարքերում:
– Ես օլիգարխ չեմ, ես կարող եմ խոսել միայն իմ մասին, իսկ ընդհանրապես չեմ ուզում խոսել ուրիշների մասին, որովհետև դա կարող է մեկնաբանվել այլ կերպ:
– Վերջերս Սյունիքում խոսում են մարզպետի փոփոխության մասին: Տեղյա՞կ եք այդ մասին:
– Վերջերս շատ է խոսվում նախարարների, մարզպետների փոփոխությունների մասին: Դրանց վերաբերվում եմ խոսակցությունների մակարդակով: Այս պահին չեմ կարող ասել: Ես չեմ այդ որոշում կայացնողը, չեմ կարող ասել` այո՛, ճիշտ է: Դա ինձնից կախված չէ:
– Իսկ ինչպե՞ս են Ձեր և մարզպետ Սուրեն Խաչատրյանի փոխհարաբերությունները:
– Գործնական: Քաղաքացիներից ստանալով առաջարկներ, դիմումներ, բողոքներ՝ ես որոշ առաջարկներ եմ անում, որոնք պետք է լուծվեն մարզպետի մակարդակով, և դրանք ներկայացնում եմ իրեն, դիմումներ եմ ներկայացնում իրեն, իսկ դիմումները, որոնք պետք է լուծվեն քաղաքապետի մակարդակով, ներկայացնում եմ քաղաքապետին, իսկ որոնք ուղղված են բարձր ատյաններին` ներկայացնում եմ բարձր ատյաններին:
– Բայց մարզպետը Ձեզ սատարել է ընտրություններին:
– Բնական է, որովհետև ես Հանրապետական կուսակցության թեկնածուն էի թիվ 37 ընտրատարածքում, իսկ մարզպետն էլ՝ Հանրապետական կուսակցության մարզային կազմակերպության նախագահն է, դա բնական է:
– Իսկ ճի՞շտ են այն լուրերը, որ Դուք մարզպետի երեխաների ուսուցիչն էիք:
– Ես ընդհանրապես մանկավարժ եմ եղել, և ուրախ եմ, որ իմ աշակերտների ցանկում եղել են նաև մարզպետի երեխաները:
– Ի՞նչ առարկա եք դասավանդել:
– Անգլերեն:
– Մարզպետի հետ է՞լ եք անգլերեն պարապել:
– Ընդամենը խորհուրդ եմ տվել, թե ինչ գրականությունից օգտվի, որպեսզի կատարելագործի իր անգլերենի իմացությունը: Մարզպետն անգլերեն խոսում էր, և ես ընդամենը խորհուրդ էի տվել իրեն:
– Պարոն Գրիգորյան, ըստ Կապանում շրջանառվող լուրերի` Սյունիքում սպասվում է մարզպետի փոփոխություն, նաև նշում են, որ Դուք պատգամավորության մանդատը վայր եք դնելու, և նոր ընտրություններ են լինելու թիվ 37 ընտրատարածքում, որպեսզի Ձեր փոխարեն Աժ մուտք գործի մարզպետը: Դուք կզիջե՞ք Ձեր մանդատը մարզպետին:
– Դուք հիմա գիտե՞ք` ի՞նչ եք ասում: Դա նույնն է, որ ասեք` պարոն Գրիգորյան, Դուք ականատես եղե՞լ եք, ասենք, Սասունցի Դավթին, ապրե՞լ եք այդ ժամանակաշրջանում, նրա գործունեությունը տեսե՞լ եք: Այսինքն` առասպելներն ինչպե՞ս կարող եմ մեկնաբանել կամ ինչ-որ բան ասել դրա մասին:
– Դուք տեղացիների շրջանում շրջանառվող լուրերը համարում եք առասպե՞լ:
– Իհարկե, դա ընդամենը միֆ է: Եթե լրագրողները ցանկանում են, որ իրենց նյութերը, հոդվածները լավ սենսացիոն զետեղումներ ստանան, տարածում են նման խոսակցություններ:
– Նկատենք, որ ոչ թե լրագրողներն են տարածում այդ խոսակցությունները, այլ սյունեցիներն են խոսում այդ մասին:
– Ես լրագրողներից եմ լսել դա: Ես մամուլից եմ ծանոթացել այդ ամենին, ինչ ասում եք:
– Եթե այդ հարցը դրվի…
– Ես դրան լուրջ չեմ վերաբերվում, հասկանո՞ւմ եք:
– Այսինքն` Դուք չե՞ք պատրաստվում զիջել մանդատը:
– Մանդատն ինձ տվել է ժողովուրդը, թիվ 37 ընտրատարածքի բնակչությունը: Եթե 37 ընտրատարածքի բնակչությունը որոշի, որ ես վատ եմ աշխատում, որ ես հավուր պատշաճի չեմ ներկայացնում իրենց հոգսերն ու խնդիրները համապատասխան մարմիններին, ես, բնականաբար, առանց ինչ-որ մեկի ասելու, առանց ինչ-որ մեկի պահանջի՝ ստիպված պետք է լինեմ հրաժարական տալ, բայց այս պահին իմ ընտրատարածքի բնակիչների հետ հանդիպելուց՝ առայժմ նման ցանկություն չկա:
– Այսինքն` մարզպետի ցանկությունը կամ պահանջը կարևոր չի՞ լինի:
– Ինձ ո՞վ է լիազորել մանդատով` բնակչությունը:
– Սակայն Ձեզ սատարել է ՀՀԿ-ական մարզպետը:
– Սատարողը մեղմ ասած է: Ինձ սատարել է ամբողջ բնակչությունը: Քանի որ ես ՀՀԿ անդամ եմ, ինձ սատարել է նաև մարզպետը: Ընդամենը դա է: