
Արմեն Մարտիրոսյանը՝ ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին և ՀՅԴ-ին. Ո՞ւր էիք փետրվարի 18-ին, ապրիլի 9-ին…

«Հարգելիներս, ո՞ւր էիք փետրվար 18-ին, որ միասին պայքարեինք, չէ՞ որ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնել էր այդ ձեռքը»,- այսօր Արաբկիր համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարև Երևան» դաշինքի Երևանի ավագանու ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը՝ դիմելով ընդդիմադիր ուժերին՝ ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին և ՀՅԴ-ին:
«Ինչո՞ւ որևէ մեկդ չաջակցեցիք, չէ՞ որ իշխանության դեմ էինք պայքարում։ Եթե դուք իսկապես պայքարում էիք իշխանությունների դեմ, ո՞ւր էիք փետրվարի 18-ին, ապրիլի 9-ին, չկայիք, մեր կողքին չէիք, ժողովրդի կողքին չէիք, ասում էիք՝ ժողովրդի կողքին եք։
Հանրապետական կուսակցությունն էլ է ասում՝ «ես ժողովրդի հետ եմ», դուք ՀՀԿ-ի նմա՞ն եք ժողովրդի հետ, թե՞ ձեր խնդիրը բոլորովին այլ հարթության մեջ է»։
Արմեն Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ Երևանի բնակիչները այլևս հասկացել են, թե որ քաղաքական ուժն ինչպիսի գործունեություն է ծավալում։ Նա նաև ավելացրեց, որ այսօր Երևանում բարեփոխումներ կարող է իրականացնել այն քաղաքապետը և ավագանին, ով չունի բիզնես հետաքրքրություն։ Սա է, որ բերելու է «Բարև Երևան» դաշինքը։
«Ես միանշանակ համոզված եմ, որ այն քաղաքական աջակցություն է ստանալու և մեր քաղաքացիները ինչպես փետրվարի 18-ին ասեցին՝ «Բարև Հայաստան», այնպես էլ մայիսի 5-ին ասելու են՝ «Բարև Երևան»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։