
Ցմահ ազատազրկվածները կկարողանան տեղափոխվել բաց ուղղիչ հիմնարկներ

ՀՀ կառավարությունն այսօր քննության է առել Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Հարությունյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ցմահ ազատազրկման դատապարտված և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալներին տալ բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հնարավորություն։ Կառավարության եզրակացության համաձայն նախագծերի փաթեթը լրամշակման կարիք ունի։
Նիստում քննարկվել է ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ։ Օրինագիծը, ըստ հեղինակների, նպատակ ունի ձևավորել հասարակության վստահությունն ընտրական գործընթացի և արդյունքի նկատմամբ։ Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել նախաձեռնությանը` հիմնավորելով այն։
Վերը նշված օրինագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։