ԱՄՆ Սենատն Օբամային կոչ է արել հետմահու ներել 100 տարի առաջ ազատազրկված սևամորթ բռնցքամարտիկին
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Սենատը երեկ բանաձև է ընդունել, որում նախագահ Բարաք Օբամային կոչ է արել վերականգնել սևամորթ լեգենդար մարզիկ Ջեկ Ջոնսոնին՝ հետմահու ներում շնորհելով նրան:
Ջոնսոնն ազատազրկման է դատապարտվել ուղիղ 100 տարի առաջ: Սենատորների հավանությանն արժանացած այդ փաստաթուղթն ուղարկվել է Սպիտակ տուն: 1908 թվականին «Հսկան Գալվեսթոնից» մականվամբ հայտնի Ջոնսոնը դարձավ ԱՄՆ պատմության ընթացքում առաջին աֆրոամերիկացին, ով բռնցքամարտի ծանր քաշային կարգում դարձավ երկրի չեմպիոն:
Երկու տարի անց նա իր տիտղոսը պաշտպանեց հանրահայտ սպիտակամորթ բռնցքամարտիկ Ջիմ Ջեֆրիսի հետ մենամարտում, որով և ողջ երկրով մեկ հարուցեց սևամորթ երկրպագուների ցնծությունը և ռասիստների ատելությունը: ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքներում տեղի ունեցան զանգվածային անկարգություններ և ոստիկանության հետ բախումներ, ինչի հետևանքով զոհվեց 13 մարդ և վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ:
Իր մարզական կարիերայի ընթացքում Ջոնսոնը ռինգում անցկացրել է 114 մարտ, որոնցից հաղթել է 80-ում, այդ թվում նաև 45 նոկաուտով: Այդ ժամանակ նա համարվում էր աշխարհի՝ գրեթե ամենահանրահայտ աֆրոամերիկացին: Սակայն 1913 թվականին նրա դեմ մեղադրանքներ ներկայացվեցին մարմնավաճառության դեմ պայքարի օրենքը խախտելու մասին, որով արգելվում էր անբարոյական նպատակներով կանանց մի նահանգից մյուսը տեղափոխելը:
Ատենակալների ժյուրին, որն ամբողջովին բաղկացած էր սպիտակ քաղաքացիներից, նրան մեղավոր ճանաչեց դրանում և դատապարտեց մեկ տարի և մեկ օր ազատազրկման: Ամենայն հավանականությամբ, Ջոնսոնը հիրավի խախտել է այդ օրենքը, որքան էլ որ այն այժմ անհեթեթ է թվում: Ամերիկացի պատմաբանները համոզված են, որ դատավճիռը կայացվել է՝ ելնելով ակնհայտ ռասիստական համոզմունքներից: