Լևոն Զուրաբյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի տարիքի մասին
«Վերջին ամիսներին ունեինք փոքր ճգնաժամի նման մի բան, որը կապված էր նրա հետ, որ մարդ-կուսակցությունները արգելակում էին Կոնգրեսի արդյունավետ գործունեությունը»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԱԿԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Վերջինս նշեց, որ «չէր կարելի հաշտվել այն իրողության հետ, որ քաղաքական գործընթացներին մասնակցության ցանկություն ունեցող անկուսակցականները չունեին հնարավորություն մասնակցել դրանց»:
Նրա հավաստմամբ, հենց սա էր պատճառը, որ իրենք դիմեցին ՀԱԿ ռեֆորմացիային, շարժմանը տվեցին կազմակերպական նոր ձև: Զուրաբյանը շեշտեց, որ իր մատնանշած ճգնաժամը հաղթահարված է, և ՀԱԿԿ համագումարն ապացույց էր, որ «գործ ունենք հզոր, համախմբված, պայքարին պատրաստ ուժի հետ», որը, նրա խոսքով, այլևս որևէ «կապանք» չունի:
Լ. Զուրաբյանն ընդգծեց, որ այսուհետ որոշումները կընդունվեն կուսակցության ներսում, հաստատված վարչության կազմի կողմից՝ մեծամասնության քվեարկությամբ:
Լևոն Զուրաբյանը նշեց, որ կուսակցության ստեղծմամբ իրենք ապահովեցին երկու խնդրի լուծում՝ ներգրավվեցին մարդկանց քաղաքական գործընթացների մեջ, որոշումների ընդունման մեխանիզմն էլ դարձրին ավելի պարզ:
Նա հայտնեց, որ կուսակցությանն արդեն անդամագրվել են մոտ 2000 մարդ: Ինչ վերաբերում է մարդկային ռեսուրսներին, ապա Լ. Զուրաբյանն ասաց, որ այդ առունով ՀԱԿԿ-ն հզոր է, քան երբևէ:
Նրա փոխանցմամբ՝ կազմակերպչական անցման փուլն ավարտված է, և ՀԱԿԿ-ն պատրաստ է շատ ագրեսիվ ընտրարշավի. «Արդեն տեսնում եք, բայց շուտով ավելին կտեսնեք»,- ասաց նա:
Հարցին, թե Լևոն Տեր-Պետրոսյանի տարիքը չի խանգարո՞ւմ ղեկավարել կուսակցությունը, ՀԱԿԿ փոխնախագահը պատասխանեց. «Եթե համաձայնվել է ղեկավարել, ուրեմն չի խանգարի»: