Բաժիններ՝

Forbes-ը կազմել է ՌԴ-ի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակը. կա 6 հայ

Ամերիկյան Forbes պարբերականը կազմել է Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակը: Forbes-ը դա հրապարակում է արդեն 10-րդ անգամ: Ընդհանուր առմամբ, վարկանիշային աղյուսակը կազմելիս հաշվի է առնվել 6 գործոն, որոնց թվում են նաև ձեռնարկատիրոջը պատկանող ակտիվների, ընկերությունների բաժնետոմսերի, հողակտորների, անշարժ գույքի, ինչպես նաև անձնական գույքի և այլնի արժեքի հաշվի առնելը:

Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների ցուցակը կազմելիս նվազագույն նշաձող է սահմանվել 500 միլիոն դոլարը: Եթե որևէ հայտնի ձեռնարկատեր տեղ չի գտել այդ ցուցակում, ապա նշանակում է, որ Forbes-ը նրա ունեցվածքը գնահատել է 500 միլիոն դոլարից պակաս: Ցուցակում գործարարների ունեցվածքը գնահատված է 2013 թվականի փետրվարի 14-ի դրությամբ, իսկ գործարարների տարիքը՝ 2013 թվականի ապրիլի 18-ի դրությամբ:

Առաջին տեղում 59-ամյա Ալիշեր Ուսմանովն է՝ 17.6 միլիարդ դոլար, երկրորդ տեղում՝ 48-ամյա Միխայիլ Ֆրիդմանը՝ 16.5 միլիարդ դոլար, իսկ երրորդ տեղում՝ 57-ամյա Լեոնիդ Միխելսոնը՝ 15.4 միլիարդ դոլար:

Ապա գալիս են 56-ամյա Վիկտոր Վեկսելբերգը՝ 15.1 միլիարդ դոլար, 62-ամյա Վագիտ Ալեկպերովը՝ 14.8 միլիարդ դոլար, 41-ամյա Անդրեյ Մելնիչենկոն՝ 14.4 միլիարդ դոլար, 52-ամյա Վլադիմիր Պոտանինը՝ 14.3 միլիարդ դոլար, 56-ամյա Վլադիմիր Լիսինը՝ 14.1 միլիարդ դոլար, 60-ամյա Գենադի Տիմչենկոն՝ 14.1 միլիարդ դոլար, 47-ամյա Միխայիլ Պրոխորովը՝ 13 միլիարդ դոլար:

46-ամյա Ռոման Աբրամովիչը հայտնվել է 13-րդ տեղում՝ 10.2 միլիարդ դոլար: Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների թվում ընդգրկվել են նաև վեց հայեր: Հայերի թվում առաջատարը 47-ամյա Սամվել Կարապետյանն է («Տաշիր»)՝ 3.8 միլիարդ դոլար, մինչդեռ նախորդ ցուցակում նրա ցուցանիշը կազմել է 1.6 միլիարդ դոլար:

41-ամյա Դանիլ Խաչատուրովը («Ռոսգոսստրախ») զբաղեցրել է 43-րդ տեղը: Նրա կարողությունը գնահատվել է 2.4 միլիարդ դոլար, ինչը նշանակում է, որ մեկ տարում այն ավելացել է 0.4 միլիարդ դոլարով: 44-ամյա Նիկոլայ Սարկիսովի (Ռեսո Գարանտիա) ցուցանիշը կազմել է 1.35 միլիարդ դոլար: Նախորդ ցուցակի համեմատ դա 150 միլիոն դոլարով ավելին է:

Forbes-ի ցուցակում Նիկոլայ Սարկիսովին անմիջապես հաջորդում է եղբայրը՝ 53-ամյա Սերգեյ Սարկիսովը (Ռեսո Գարանտիա): Նրա կարողությունը նույնպես կազմել է 1.35 միլիարդ դոլար և մեկ տարում նույնպես աճել է 150 միլիոն դոլարով:

42-ամյա Ալբերտ Ավդոլյանը (Յոտա) իր 0.7 միլիարդ դոլար ցուցանիշով հանգրվանել է 143-րդ հորիզոնականում: Իսկ 44-ամյա Ռուբեն Վարդանյանի (Սբերբանկ) կարողությունը գնահատվել է հենց 0.5 միլիարդ դոլար: Նա 193-րդն է: Ողջ ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանը 600 միլիոն դոլարով վաճառել է АвтоВАЗ-ում իր բաժնեմասը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս