
ԱՄՆ-ը 200 զինծառայող է ուղարկում Հորդանան

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը բանակի շտաբից մոտ 200 զինծառայող է ուղարկում Հորդանան՝ Սիրիայի հետ նրա սահմանի երկայնքով իրավիճակի վերահսկման և Սիրիայում անվտանգության ապահովման համար գործողություններ անցկացնելու նպատակով:
Այս մասին ԱՄՆ կոնգրեսում հայտարարել է Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը, ով մեկնում է Իսրայել, Հորդանան, Եգիպտոս, Սաուդյան Արաբիա և ԱՄԷ:
Հորդանան 200 զինծառայող, որոնց թվում կան նաև հետախուզության, լոգիստիկայի, նախագծման գծով մասնագետներ, ուղարկելու մասին որոշումն ընդունվել է այն բանից հետո, ինչ մի շարք օրենսդիրներ ճնշում են գործադրել Բարաք Օբամայի վարչակազմի վրա՝ գնալու համար առավել արմատական քայլերի և վերջ դնելու համար Սիրիայում ավելի քան երկու տարի ընթացող հակամարտությանը:
Ի պատասխան՝ Պենտագոնը հասկացնել է տվել, որ իրավիճակը չափազանց ծանր է, և որ պաշտպանական գերատեսչությունը պետք է վստահ լինի յուրաքանչյուր ռազմական գործողության հաջողության մեջ՝ արյունահեղությանը վերջ դնելու համար:
Հորդանանի տեղեկատվության նախարար Մոհամեդ Մոմանին հաստատել է, որ երկիր է ժամանելու 200 զինծառայող: Նա հավելել է, որ ամերիկացի զինծառայողների գործողությունները կոորդինացնելու է երկրի կառավարությունը: