Ինչպես «կթում են», այնպես էլ «ընտրում են». մամուլ
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանում տնտեսությանր վերաբերող պաշտոնական վիճակագրությունը ոչնչով չի տարբերվում ընտրություններում Սերժ Սարգսյանի «հավաքած» ձայների պաշտոնական հաշվարկից:
Խոսքը դրանց արժանահավատության մասին է: Այն, որ Սերժ Սարգսյանը հաղթել է նախագահական ընտրություններում, նույնքան ճիշտ է, որքան այն, որ ՀՀ-ում 7.2 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել:
Այս թեման արդիական դարձավ երեկ, երբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որով բացատրում է, թե ինչու է Հայաստանում առաջացել պանրի դիֆիցիտ:
Ըստ նախարարության՝ պանիրը վերջացել է, քանի որ դրա հումքի՝ կաթի արտադրությունը խիստ սեզոնայնություն ունի: Այսինքն, քանի որ ձմռանը մեր կովերը կաթ քիչ են տվել, ուստի պանիրն էլ քիչ է արտադրվել:
Նախարարությունը երևի ծանոթ չէ ՀՀ պաշտոնական վիճակագրությանը, ըստ որի, մեր սիրելի կովերը այս ձմռան ամիսներին, անցած տարվա ձմռան համեմատ կտրուկ մեծացրել են կաթի ծավալները:
Ու ընդհանրապես, դատելով մեր պաշտոնական վիճակագիրների տվյալներից՝ Հայաստանում պանրի դիֆիցիտ առաջանալ ուղղակի չի կարող այն պարզ պատճառով, որ մեկ շնչի հաշվով արտադրված կաթի ծավալներով մրցում ենք ԱՄՆ-ի հետ: Սա չափազանցություն չէ ամենևին:
Ահա այսպիսի խիստ «արժանահավատ» վիճակագրությունն է արձանագրում, որ Հայաստանում 7.2 տոկոս տնտեսական աճ է եղել, իսկ իրականում 1.9 տոկոս անկում է եղել: Իսկ ԿԸՀ-ն էլ ահա այսպիսի թվաբանությամբ է արձանագրել, որ Սերժ Սարգսյանը հաղթել է նախագահական ընտրություններում
Նկարում՝ ահա այս հանդիպումից հետո մեր կովերը որոշեցին կտրուկ բարձրացնել կաթնատվությունը, բայց այդ կաթից, չգիտես ինչու, պանիր չի ստացվում»: