«Չի կարելի սահմանափակվել միայն քո երկրով և ասել, որ մենք մրցունակ ենք»
«Չի կարելի սահմանափակվել միայն քո երկրով և ասել, որ մենք մրցունակ ենք: Իրականում մրցունակ լինելու համար պետք է կապ ունենալ միջազգային շուկայի հետ: Դա նույնն է՝ ինչպես սպորտում, երբ քո երկրի ներսում առաջնության ժամանակ մարզիկն առաջին տեղ է գրավում, բայց իրականում պարզ չէ, թե որքանո՞վ է նա լավ խաղում առհասարակ տվյալ սպորտաձևում: Այսինքն՝ դրսի հետ համեմատությունը հնարավորություն է տալիս սուբյեկտիվ գնահատականից գնալ դեպի իրավիճակի օբյեկտիվ գնահատում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) պրոֆեսոր Արամ Հաջյանը, ով նաև նույն համալսարանի Ճարտարագիտության բաժանմունքի դեկանն է:
Նրա խոսքով՝ կան սպորտաձևեր, ինչպես, օրինակ՝ շախմատը, երբ մեր շախմատիստները կարողանում են մրցել աշխարհի ամենաուժեղների հետ, և մենք համեմատելով՝ իրապես կարողանում ենք գնահատել մեր ուժերը տվյալ բնագավառում: «Հենց այդ մրցակցության ժամանակ են քո բոլոր ուժեղ և թույլ կողմերը երևում: Եվ որքան շատ մեր բիզնեսը դառնա միջազգային, և դրսի հետ մեր շփումները շատանան, մենք այդքան ավելի լավ կկարողանանք հասկանալ, թե որո՞նք են կրթության ոլորտից սպասվող պահանջները, որո՞նք են մեր բացթողումները, և ինչի՞ վրա է անհրաժեշտ շեշտադրում կատարել»,- ասաց Ա. Հաջյանը: Նրա խոսքով՝ բարձր տեխնոլոգիական ոլորտներ կան, որտեղ տվյալ մասնագետը միանգամից կարողանում է միջազգային ասպարեզում հայտնվել: «Օրինակ՝ քո բջջային հավելվածը միանգամից ուղարկում ես App store, Play store, և այդպիսով մրցակցում ես բոլոր մյուսների հետ, և քո ստեղծած հավելվածի լավ կամ վատ լինելն անմիջապես պարզ է դառնում՝ կախված քո առաջարկի պահանջարկից և դրա նկատմամբ մարդկանց հետաքրքրությունից»,- ասում է նա:
Ըստ Ա. Հաջյանի՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները բազմակողմանի զարգացած են, նրանք կարող են և՛ այստեղ սովորել, և՛ աշխատանք ստեղծել կամ ընդունվել մեկ այլ տեղ աշխատանքի, երբեմն գիտական աշխատանքով են առաջ ընթանում և շարունակում են իրենց կրթությունն ԱՄՆ-ում կամ Եվրոպայում, իսկ երբեմն էլ նրանք կիրառական-հետազոտական աշխատանքներ են կատարում: Նմանատիպ աշխատանքներից է, օրինակ, համագործակցությունը Samsung ընկերության հետ:
Նշենք, որ Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների մի խումբ ալգորիթմ է գրում «Samsung» ընկերության համար, որը կիրառվելու է ընկերության սարքավորումներում: Այդ աշխատանքները ղեկավարում է ակադեմիկոս Գուրգեն Խաչատրյանը: Ուսանողների գրած ալգորիթմը պատվիրվել է «Samsung» ընկերության Կորեայի և Ուկրաինայի մասնաճյուղերի կողմից:
Ա. Հաջյանի խոսքով՝ իրենք մոտ մեկ շաբաթ առաջ են վերադարձել Ուկրաինայից, որտեղ փոքր խմբով այցելել էին «Samsung» ընկերության Կիևում գործող բավական մեծ գիտահետազոտական կենտրոն: «Իրենք ունեն խնդիրներ, որոնք չեն կարողանում լուծել, իսկ մեր գիտնականներն, ուսանողների հետ միասին, այդ խնդիրներին լուծումներ են առաջարկում, ինչը բավական բարձր է գնահատվում ընկերության կողմից»,- ասաց Ա. Հաջյանը՝ նշելով, որ հենց նման օրինակներն են տրված կրթության օբյեկտիվ գնահատականը հանդիսանում: Այդ օրինակներն են թույլ տալիս հասկանալ, թե կրթության ոլորտի զարգացման ճանապարհներն ինչպիսի՞ ուղղությամբ պետք է զարգացնել:
Ըստ Ա. Հաջյանի՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում առաջիկա հինգ տարիների ընթացքում մոտ չորս անգամ կավելանա ուսանողների քանակը, դրան զուգահեռ՝ մեծ աճ կգրանցվի համալսարանում դասավանդող դասախոսների առումով: «Այս ամենը զուտ մարդկային ռեսուրսների մասին է, սակայն այդ ամենն իր հետ բերում է նաև շոշափելի էներգիայի բարձրացում, ոգևորիչ մթնոլորտի ստեղծում և ոգևորության բարձրացում՝ մասշտաբների շնորհիվ: (ՀԱՀ-ում ուսանողների ավելացումը նախատեսված է համալսարանում բակալավրիատի, ինչպես նաև նոր մագիստրոսական ծրագրի մեկնարկով.- Լ.Մ.) Կավելանան նաև նոր գիտելիքի ոլորտներ, որոնք այսօր դեռևս չկան»,- ասաց Ա. Հաջյանը՝ նշելով, որ համալսարանն այսօր այդ վերելքի ճանապարհին է, և 4-5 տարի հետո մենք արդեն կունենանք զգալիորեն տարբեր Հայաստանի ամերիկյան համալսարան:
Ա. Հաջյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: