Զոյա Թադևոսյան. Քաղաքական գործիչը չի աղոթում՝ ժողովրդին թողնելով ոստիկանների հարվածների տակ

Ի պատասխան Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարության, որ իր մանկության երազանքը չի եղել աղոթել Վովա Գասպարյանի հետ, այսօր «Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը նշեց, թե մարտյան 10 զոհերի երազանքն էլ չի եղել հավատալ, լսել և վստահել Լևոն Տեր-Պետրոսյանին:

«Շատ երգեցիկ տոնով ցիտեցիք Չարենցին, թե «թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի», հավատացին, վստահեցին Ձեզ, իսկ ամենավճռական պահին, երբ արդեն բախումն անխուսափելի էր, Դուք պետք է թաքնվեիք Ձեր չորս պատերի ներսում, հայտարարեիք, թե՝ իշխանությունը իմ անվտանգության համար ոչ մի երաշխիք չի տալիս, և դեպի գնդակահարություն ճանապարհեիք այդ տասը անմեղ զոհերին»,- մասնավորապես նշել էր Հակոբյանը:

ՀԱԿ ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանը, ի պատասխան այս հայտարարության, ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարել է, որ Ռուբեն Հակոբյանը գործում է իշխանական դաշտում և ջուր լցնում իշխանության ջրաղացին:

«Ես այդ անհեթեթությունը չեմ ուզում մեկնաբանել, որովհետև նա ընդհանրապես անտեղյակ է իրավիճակին և առավել ևս կարող էր անտեղյակ լինել, որովհետև նա այդ ժամանակ Հայաստանում չէր, ուստի նրա գնահատականները քաղված են իշխանական լրատվությունից: Թող իրենք մտածեն, թե արդեն ինչ խաղ են խաղում, որ դաշտում են հիմա: Էս պահից սկսած իրենք արդեն ճիշտ տեղը որոշել են՝ որտեղ են՝ ընդդիմադիր դաշտո՞ւմ, թե՞ իշխանական: Այդ գնահատականները իշխանական գնահատականներ են»,- շեշտելէ Զոյա Թադևոսյանը:

Իսկ ինչո՞ւ են ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» զբաղված փոխադարձ մեղադրանքներ միմյանց հասցեին շաղ տալով՝ փոխանակ օրհասական պահին լծվեն առավել կարևոր խնդիրների լուծման գործին:

ՀԱԿ ներկայացուցիչն ասել է, որ իրենք փոխադարձ ոչ մի մեղադրանք չեն հնչեցրել «Ժառանգության» հասցեին. «Երբևէ մեղադրանք չի հնչել: Եթե Տեր-Պետրոսյանը չի ուզում աղոթել… նա չի ուզում աղոթել, որովհետև քաղաքական գործիչը չի աղոթում՝ ժողովրդին թողնելով ոստիկանների հարվածների տակ: Ոչ մի վատ բան չի ասված: Ասված է, որ ես չէի կարող գնալ աղոթելու»:

Տեսանյութեր

Լրահոս