Միխայիլ Բաղդասարովի «զեմլյակը» սպասում է փոխհատուցման
Մարտի 29-ից, երբ «Արմավիա» ավիաընկերությունը դադարեցրեց թռիչքները և հայտարարեց, որ սկսում է սնանկության գործընթաց, տարբեր ուղղություններով տոմսեր գնած ուղևորները փաստի առաջ կանգնեցին։
Թեպետ «Արմավիան» վստահեցնում էր, որ կփոխհատուցի տոմսերի գումարները, մինչ օրս տվյալներ չկան, թե քանի ուղևոր է փոխհատուցում ստացել։ Ազգային փոխադրողի գրասենյակից այսպիսի տվյալներ չեն հաղորդում, իսկ ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերությունները վստահեցնում են, թե տոմս գնած որևէ ուղևոր չի սպասում փոխհատուցման:
«Մենք մեր ունեցվածքն ենք վաճառում, որ մարդկանց փողերը տանք, մենք ոչ մեկին չենք խաբելու, բոլորի փողերը տալու ենք»,- 168.am-ի հետ զրույցում վստահեցրեց «Արմավիայի» մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան՝ հավելելով, որ ընկերության հաշվեհամարին գումար փոխանցվելու դեպքում՝ իրենք դա ուղղում են տոմսերի վերադարձին: Նա ասաց, թե դժվար է հստակ թիվ նշել, քանի որ այն ամեն օր կարող է փոխվել: Ավետիսովայի խոսքերով, մի օր կարող է 2 ուղևոր փոխհատուցում ստանալ, մյուս օրը՝ 22: Նա վստահեցրեց, որ տոմս ունեցող ուղևորների ցուցակագրումը սկսվել է ապրիլի 2-ից, իսկ գումարի վերադարձի գործընթացը՝ապրիլի 12-ից: Նանա Ավետիսովան նշեց, որ տոմս գնած ուղևորների ցուցակագրումը շարունակվում է, իսկ գումարի վերադարձն էլ կատարվում է՝ ըստ ժամանակացույցի: Հիշեցնենք, որ օրերս Հանրային խորհրդում տեղի ունեցած քննարկման ժամանակ «Արմավիայի» տնօրեն Նորայր Բելլույանն ասաց, որ խոսքը 500-800 տոմսի վերադարձի մասին է:
Չնայած «Արմավիան» նշում է, որ գումարների վերադարձը սկսել է ապրիլի 12-ից, ավիատոմսի վաճառքով զբաղվող ընկերություններն այլ պատասխան էին տալիս: Մենք այցելեցինք մի քանի ընկերություններ՝ պարզելու համար, թե ինչ ընթացքի մեջ է գումարի վերադարձման պրոցեսը: Հետաքրքրական է, որ բոլորը միաբերան պնդեցին, թե «Արմավիայի» տոմսի վերադարձի խնդիր չունեն. ոմանք պատճառաբանեցին, թե հենց ապրիլի 2-ից են վերադարձրել տոմսերի գումարները, ընդ որում, շեշտում էին, թե իրենց մոտ այս ավիաընկերության տոմսերից շատ քիչ է եղել, որոշ ընկերություններ էլ նշեցին, թե մարտի 29-ից՝ «Արմավիայի» թռիչքների դադարեցման օրվանից, տոմս չեն ունեցել: Տոմսերի վաճառքով զբաղվողները, ամենայն հավանականությամբ, ավելորդ հարցերից խուսափելու համար՝ բավարարվում էին՝ ասելով, թե հենց «Արմավիան» հայտարարեց թռիչքների դադարեցման մասին, իրենք գումարները վերադարձրել են, բայց թե քանի ուղևոր է մինչ այդ ցանկացել օգտվել «Արմավիայի» ծառայություններից, կամ որ ուղղությունների տոմսեր են վերադարձվել, որևէ ընկերություն թիվ չնշեց:
Մենք այցելեցինք նաև «Արմավիայի» գլխավոր գրասենյակ և այնտեղ հանդիպեցինք միջին տարիքի ամուսինների, ովքեր ցանկանում էին ցուցակագրվել տոմսի վերադարձի համար: Սկզբում կինը պատմեց, որ որդին մայիսի 4-ի համար տոմս է գնել Դոնի Ռոստովից, և հիմա իրենք սպասում են, որ ցուցակագրվեն՝ փոխհատուցման համար: Բավական էր, սակայն, որ ներկայանայինք՝ իբրև լրատվամիջոց, երբ ամուսինն արգելեց որևէ բան պատմել, փոխարենը՝ հայտարարեց, թե հանգիստ կարող ենք գրել, որ գումարն անպայման վերադարձնելու են: «Համ էլ իմացեք, ինչ էլ լինի, ես իմ զեմլյակին չեմ գցի»,- ասաց «Արմավիայի» տոմսի ձեռքը կրակն ընկած տղամարդը՝ հավանաբար նկատի ունենալով «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին: