Սմբատ Այվազյանը՝ ապրիլի 9-ի մասին. Ամեն ինչ անկազմակերպ էր
Ապրիլի 9-ը չկազմակերպված ու պահի տակ որոշված միջոցառում էր: 168.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության վարչության նախկին անդամ Սմբատ Այվազյանը՝ ավելացնելով, թե Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած երդմնակալության արարողությանը հաջորդող դեպքերը ոչ դրական ազդեցություն ունեցան ընդհանուր քաղաքական գործընթացների վրա:
«Ընդհանրապես երդմնակալությունից հետո Ազատության հրապարակից դուրս գալու որոշումը ճիշտ չէր: Նման որոշումը պետք է նախօրոք կազմակերպվեր: Իսկ եթե, այնուամենայնիվ, մտադրություն կար ժողովրդի հետ գնալ նախագահական նստավայր, դա պետք է կեսօրից հետո արվեր: Այդ ժամանակ տրամադրությունն ավելի բարձր էր, ժողովրդի քանակն էլ մեծ էր»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի որոշմանը՝ ոտքով ուղևորվել դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Սմբատ Այվազյանի համար անհասկանալի էր. «Գնալու իմաստը ես չհասկացա: Մինչև հիմա վերլուծում եմ ու տրամաբանական բացատրություն չեմ գտնում: Մի խոսքով՝ ամեն ինչ անկազմակերպ էր»:
Սմբատ Այվազյանը տարօրինակ է համարում նաև այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ապրիլի 9-ից հետո մեկնեց Ռուսաստանի Դաշնություն, ու ավելի տարօրինակ է համարում այն, որ նա այդպես էլ չմանրամասնեց այցի նպատակը. «Րաֆֆի Հովհաննիսյանը որևէ բացատրություն չի տվել այցի հետ կապված, ինչը շատ տարօրինակ է: Ես առիթ ունեցել եմ թե՛ մեկնելուց, թե՛ վերադառնալու օրը խոսելու Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, հանդիպելու նրան, ու այդպես էլ չեմ ստացել այդ հարցի պատասխանը: Ես Րաֆֆի Հովհաննիսյանին հարց չեմ ուղղել, ինքն էլ որևէ բացատրություն չի տվել: Ինքս ինձ թույլ չտվեցի հարցնել նրան, թե ում հետ է հանդիպել, երբ ինքն անձամբ չի պարզաբանել քայլը»:
Ի պատասխան մեր այն հարցին, թե Րաֆֆի Հովհաննիյանի կողքին շարունակելո՞ւ եք կանգնել, հիասթափված չե՞ք, Ս. Այվազյանը պնդեց. «Ես հիասթափված չեմ ու շարունակելու եմ պայքարը, անկախ նրանից՝ Րաֆֆին կլինի, ով կլինի, ես ներքևո՞ւմ կլինեմ, թե՞ հարթակում»: Կարևորն, ըստ նրա, պայքարն է հանուն ժողովրդի ապագայի: