350 միլիոն դրամ, 3.5 միլիոն դոլար և 1.4 միլիոն եվրո. Սամվել Ալեքսանյանի քրոջ որդու կարողության մի մասն է

«Լուս Աստղ շուգր» (Ախուրյանի շաքարի գործարան) ընկերության փոխտնօրենը` Արթուր Պետրոսյանը, Երևանի ավագանու ընտրություններում զբաղեցնում է ՀՀԿ-ի ցուցակի 44-րդ համարը:

Արթուր Պետրոսյանը թեև հանրապետական է, սակայն նրան «առաջ» է տարել մորեղբայրը` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Այս մասին հաղորդում է hetq.am կայքը:

Որպես ավագանու թեկնածու՝ Արթուր Պետրոսյանը ներկայացրել է գույքի ու եկամուտների հայտարարագիր, որտեղ ներառված գույքն ու դրամական միջոցները, մեղմ ասած, առողջ տրամաբանության շրջանակից դուրս են:

Ըստ նույն հայտարարագրի՝ Արթուրը 2012թ. հունվարի 1-ից մինչև այս տարվա հունվարի 1-ն ունեցել է ընդամենը 1 միլիոն 100 հազար դրամի եկամուտ, որը «Լուս Աստղ շուգր» ՍՊԸ-ից ստացած աշխատավարձն է, սակայն կուտակել է մեծ կարողություն:

Պարզ հաշվարկով, պատգամավորի քրոջ որդին ամսական ստացել է մոտ 92 հազար դրամի եկամուտ, սակայն նրան է պատկանում 34 միավոր անշարժ գույք. շենք-շինություններ, հողամասեր, բնակարաններ, ավտոտնակներ ու ավտոկայանատեղիներ, կրպակներ, առևտրի սրահ, շուկա, խանութներ և այլն:

Նշենք, որ 30-ամյա Արթուր Պետրոսյանի հողամասերից 4-ը, ինչպես նաև 2 բնակարան և 2 ավտոկայանատեղին գտնվում են Հյուսիսային պողոտայում:

Համեմատության համար նշենք, որ Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարաններից մեկի մակերեսը 140 քմ է, իսկ այդ վայրում մեկ քառակուսի մետր անշարժ գույքի շուկայական գինը սկսվում է 600 հազար դրամից:

Ավագանու թեկնածուն ունի նաև «ԳԱԶ 33021-212» և «Ռենջ-Ռովեր Սպորտ V-8» մակնիշի 2 ավտոմեքենա:

Քիչ չեն նաև նրա դրամական միջոցները: Ապրիլի 3-ի դրությամբ Արթուր Պետրոսյանի հաշվին եղել է 350 միլիոն դրամ, 3 միլիոն 500 հազար դոլար և 1 միլիոն 400 հազար եվրո:

Չի բացառվում, որ Արթուր Պետրոսյանի անշարժ գույքի և ֆինանսական միջոցների զգալի մասի իրական սեփականատերը լինի ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Որպեսզի պատգամավորը մնա ստվերում, դրանք գրանցել է իր բարեկամների, այդ թվում` Արթուր Պետրոսյանի անունով:

Տեսանյութեր

Լրահոս