Լիլիթ Գալստյան. Ժողովրդի պայքարն արդար է

Հարցազրույց քաղաքագետ, ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանի հետ

– Երեկ Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց. «ո՞ւր են ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն»: Ըստ Ձեզ` ինչո՞ւ է ընդդիմությունը մենակ թողել Րաֆֆի Հովհաննիսյանին: Ինչո՞ւ, օրինակ, ՀՅԴ ներկայացուցիչներն այլևս չեն կանգնում Րաֆֆիի կողքին: Հիասթափվե՞լ են: Ի՞նչ է փոխվել:

– Երեկվա (ապրիլի 12-ի:- Մ.Մ.) հավաքին ներկա էին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն ու շատ դաշնակցականներ։ Անշուշտ, միասնականության լավագույն ձևաչափը միասնական ցանկով Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելն էր, ինչը, ցավոք, չստացվեց։ Սրա համար շատ եմ ափսոսում և համարում եմ կորցրած շանս: Ուզում եմ հավատալ, որ հետընտրական դաշինք կհաջողվի ձևավորել (ինչի մասին հայտարարում են ընդդիմադիր ուժերը), ինչը կծառայի Հայաստանը Երևանից փոխելու նրանց հայտարարություններին։

– Ընդդիմությունը պասիվություն ցուցաբերեց նաև ապրիլի 9-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած միջադեպերի ժամանակ: Ընդդիմությունը միշտ հայտարարում է, որ ժողովրդի կողքին է` իսկ ո՞ւր էր այդ օրը: Ինքներդ ի՞նչ սահմանում կտաք այդ օրը կատարված իրադարձություններին:

– Դժվարանում եմ մեկ բառով սահմանել, թերևս, ամենաճիշտ բնութագրող բառը` բաժանարարն է: Սա խորապես վիրավորում է ինձ, ցավացնում, երբ բաժանարարի երկու կողմում էլ մենք ենք։ Շատ ծանր եմ տարել այն պատկերը, ինչ կատարվեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ, ով քաղաքականության մեջ իմ ճանաչած ամենապարկեշտներից մեկն է: Այդպես շրջկալել, բռնություն գործադրել նրա նկատմամբ` ցավալի է, երկրի համար` տխուր։

Իսկ այդ բաժանարար գծերի, երկու մասերի միջև խրված սեպից առաջացած վերքը ժամանակ կպահանջի: Իհարկե, եղան նաև ուժեր, որոնք պահը բաց չթողեցին ինքնահաստատվելու կամ զարթոնքի շարժումն արատավորելու համար։ Ինչևէ, կուզենայի, որ քաղաքական մեծամասնությունը քաղաքական կամք ու խոհեմություն ունենար երկիրը տանելու բարեփոխման այնպիսի ընթացքով, որ բացառեր անհանգիստ փողոցն ու ներքին ու արտաքին կայունության վտանգները։ Չարության, անհանդուրժողականության, բաժանարարների քաղաքական մշակույթը հեռանկար չունի:

– Տարօրինակ կամ զարմանալի չէ՞ր ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանի և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի համատեղ աղոթքը Ծիծեռնակաբերդում: Ինչպե՞ս արձագանքեցիք դրան:

– Գնահատելու համար պետք է տեղյակ լինել մանրամասներին, բայց փորձում եմ հասկանալ: Կարծում եմ, եթե նույնիսկ իրավիճակային լուծում էր, ոստիկանապետի հետ համատեղ աղոթքն ինչ-որ խորհուրդ-նպատակ ունեցավ: Համոզված եմ, որ երկուսի համար էլ երթը բախումից հեռու պահելու միջոց էր։ Այս իմաստով իսկ արդարացված էր, հասկանալի: ժողովրդի պայքարն արդար է, ազնիվ է, այսօր հրապարակում որակապես բոլորովին այլ ժողովուրդ է` իրավատեր, արժանապատիվ, երկրի կայունությունն ու հեռանկարը կարևորող, նրանք ապրում են լավ հայրենիքի երազով: Այս ռեսուրսը, էներգիան պիտի կարողանալ ի շահ Հայաստանի օգտագործել։ Իշխանությունը կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ` արմատական բարեփոխումներն այլընտրանք չունեն: Բանակցելու, երկխոսելու հրավերի թեման մնաց օդի մեջ, այնինչ անհրաժեշտություն է, որ այդ ընդհատված երկխոսությունը վերականգնվեր, որովհետև դրա առանցքում Հայաստանի հեռանկարն է:

– Ապրիլի 9-ին հրապարակում արդեն ընդգծված էր հիասթափության և, որքան ցավալի է` հուսահատության ալիքը: Մարդիկ չէին ուզում գնալ տուն, նրանք ուրիշ պահանջ ունեին: Չե՞ք կարծում, որ մարդիկ հիասթափվեցին` գործողությունների պակաս տեսնելով հրապարակում:

– Նախևառաջ ծրագրերը Րաֆֆի Հովհաննիսյանի այն առաջարկություններն են, որ ներկայացվեցին Սերժ Սարգսյանին: Հուսահատության մասին ավելի շատ խոսում են կողքից մարդիկ, ովքեր կուզենային մարած տեսնել շարժումը կամ այն տանել անկանխատեսելի սցենարների: Այդ օրը հրապարակում կային ոմանք, ովքեր շիկացնում էին մթնոլորտն ու կտրուկ գործողություններ պահանջում։ Ես, իհարկե, չեմ բացառում նաև անկեղծ պոռթկումի տեսակը, որ զզված է այս իրականությունից։ Բայց քաղաքականությունը կամ արմատական փոփոխությունը իրավիճակային խնդիրը չէ, քաղաքականությունը նաև զոհաբերության ճանապարհ է, ինչպես նաև հնարավորի արվեստ է: Իրատես պետք է լինել:

Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը բազմիցս ասել է, որ Նոր Հայաստանի կերտումը երկարատև պայքարի ճանապարհ ունի անցնելու: Շատերն են փորձում պիտակավորել Րաֆֆին, նույնիսկ նրանք, ովքեր նրա հաղթանակի հարթակում հայտնվելու համար պահը բաց չթողեցին ու երանության պահեր էին ապրում։ Հիմա իբրև թե պարտություն են արձանագրել ու դաս են տալիս, քարկոծում են Րաֆֆուն, դրդում «արմատական» գործողությունների: Դուք կարողանայիք անել այն, ինչ Րաֆֆին արեց: Փաստ է, իրողություն է, որ ոչ մեկը չունեցավ այն համարձակությունը, քաղաքական համոզումն ու խիզախումը, իսկ Րաֆֆին մենակ դուրս եկավ և ապացուցեց, որ հնարավոր է: Նա կարողացավ, և ուրիշ ոչ ոք։

– Փաստացի, ապրիլի 9-ին նա մնաց մենակ: Ինչո՞ւ, օրինակ, ՀՅԴ ներկայացուցիչները, որ նախկին հանրահավաքներում կանգնել էին նրա կողքին, այդ օրը չկային:

– Րաֆֆու մենակ մնալու սցենարը դեռ երևակվել էր մեկ շաբաթ առաջ, սակայն նրա մենակ մնալը, կարծում եմ, չթուլացրեց նրա ու ժողովրդի համոզումն ու հավատամքը դեպի նոր Հայաստանը։ Ժողովրդի հետ լինելու մասին հայտարարած այլ ուժեր ևս չկային։ Սա քաղաքական որոշում է, մոտեցում։ Գնահատականը կտա ժամանակը:

– Ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում:

– Ես շատ կուզենայի, որ ընդհատված երկխոսությունը կայանար, որովհետև այստեղ ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանի, ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ Հանրապետականի, ո՛չ էլ այլ քաղաքական ուժի նեղ խնդիրն է: Այդ երկխոսության առանցքում Հայաստանի Հանրապետության հեռանկարի և նրա ճակատագրի խնդիրն է:

– Բայց այդ երկխոսության անհաջող նախադեպը եղել էր. խոսքը ՀԱԿ-ի և իշխանությունների հետ բանակցությունների մասին է:

– Եթե այդ երկխոսությունն իսկապես կայանար, գիտակցվեին երկրի մարտահրավերները, գուցեև որակապես այլ երկիր կունենայինք այսօր և այլ քաղաքական իրավիճակ։ Մենք այնքան ենք արժեզրկել բառերն ու դրանց քաղաքական բովանդակությունը` մոռանալով, որ երկրի հեռանկարի հետ ենք խաղում։

– Այդ դեպքում ի՞նչ երաշխիքներ կան, որ այդ երկխոսությունը ցանկալի արդյունքներ կտա:

– Ես չեմ կարող երաշխիքներից խոսել, ես դատողություններ եմ անում` որպես քաղաքացի ու քաղաքական մարդ, ով նախընտրում է լուծումների և ոչ առճակատման ճանապարհը։

– Իսկ այդ դեպքում ինչո՞վ եք բացատրում Րաֆֆի Հովհաննիսյանի անկանխատեսելի այցը Մոսկվա, այդ մասին որևէ տեղեկություն չտալն իր համակիրներին: Ձեր կարծիքով` ազնի՞վ է նման վերաբերմունքը մարդկանց նկատմամբ:

– Ես տեղյակ չեմ, թե ինչ բովանդակություն ունի այցը, գնահատական չունեմ։

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս