Րաֆֆին ու Ծառուկյանը նպաստում են կլանի իշխանության ամրապնդմանը
Հարցազրույց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ
– Պարոն Հովհաննիսյան, ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում կարդաց «Նոր Հայաստանի» երդումը: Արդյոք այդ օրը սկիզբ դրվե՞ց Նոր Հայաստանի, և ինչպե՞ս եք Դուք անձամբ պատկերացնում այն:
– Ինչպե՞ս կարելի է խոսել «Նոր Հայաստանի» մասին, եթե քրեաօլիգարխիկ համակարգը շարունակում է գործել: Նույնիսկ իշխանափոխություն տեղի չունեցավ, մինչդեռ իշխանափոխությունը «Նոր Հայաստանի» կառուցման անհրաժեշտ, բայց ոչ բավարար նախապայմանն է: Իշխանափոխությունից հետո անհրաժեշտ է անցնել արմատական բարեփոխումների ճանապարհ, որի հաղթահարման համար պետք է ունենաս հստակ պատկերացում քայլերի հաջորդականության մասին և, ամենակարևորը, ինչ պետություն ես ցանկանում ունենալ՝ ինչ ասել է՝ «Նոր Հայաստան»:
Եթե քո պատկերացումները «Նոր Հայաստանի» մասին սահմանափակվելու են «խորհրդանշական իշմարներով», և ամեն ինչ հանգելու է բոլորին ձեռքերով բարևելու մշակույթի ներդրմանը կամ էլ սեփական հայրենասիրության մասին վերամբարձ հավաստիքներին, ապա պատկերացնում եմ` քանի՜-քանի՜ սրիկաներ, ինչպես այսօր պատսպարվել են Սերժ Սարգսյանի թևի տակ, այնպես էլ կպատսպարվեն այդ վերամբարձ և անպտուղ հայրենասիրական ճառերի քողի ներքո: Չէ՞ որ հայրենասիրությունը, ինչպես ասել է մեծ մտածողը, սրիկաների վերջին ապաստանն է:
Րաֆֆին շատ ազնիվ, մաքուր, զուլալ անձնավորություն է, սակայն պարտավոր է հաշվի առնել այն, որ մեր իրականության մեջ հայատյաց, հայակործան քաղաքականությունը, որի հետևանքով Հայաստանը հայաթափվում է՝ վերածվելով անապատի, քողարկվում է կեղծ հայրենասիրական ճառերով: Րաֆֆին իր ելույթներով, կամա թե ակամա, կարծես լրացնում է պաշտոնական քարոզչամեքենայի հայտնի միֆերը: Մինչդեռ «Նոր Հայաստանի» ճանապարհը բացելու համար անհրաժեշտ է այդ առասպելներն անողոքաբար սասանել: Որովհետև դրանք, հայտնի անգլիացի մտածող Ֆրենսիս Բեկոնի բնութագրմամբ, գիտակցության այն ֆանտոմներն են, որոնք մարդկանց զրկում են իրականությունը ճիշտ գնահատելու և, հետևապես, ծանր վիճակից դուրս գալու հնարավորությունից:
Իշխանությունների կողմից շահարկվող առասպելներից ամենակարևորն «Արցախյան հաղթանակի» միֆն է: Անհրաժեշտ է հասկանալ, որ ազգի համար կան երկու կարևորագույն չափանիշներ, որոնք բնութագրում են ազգի առաջընթացը: Առաջինը և ամենակարևորն ազգի ֆիզիկական աճն է: Հիշո՞ւմ եք Աստվածաշնչում Աստծո պատգամը Աբրահամին՝ «բազմացիր»: Երկրորդ կարևորագույն չափանիշն ազգային տարածքի ընդլայնումը, ընդարձակումն է: Ազգի բարգավաճման այս երկու կարևորագույն չափանիշները, եթե չեն ապահովվում միաժամանակ, կորցնում են իրենց նշանակությունը: Եթե «ազատագրված տարածքներում» ազերիների փոխարեն թափառական շներ են ապրում, իսկ դու ստիպված ես մտածել ոչ թե այդ տարածքների բնակեցման մասին, այլ երևանամերձ դատարկվող շրջանների հայաթափման մասին, ո՞ւր մնաց «հաղթանակը»:
Այո՛, մեր «հաղթանակի» մասին առասպելն ընդամենը սպասարկում է Երևանում իշխանությունն ամեն գնով պահպանելու հայտնի կլանի ձգտումները: Րաֆֆին էլ, Ծառուկյան Գագոյի հետ միասին, հայրենասիրական ճառերով նպաստում են այդ միֆը կենդանի պահելու և, հետևապես, հայտնի կլանի իշխանությունն ամրապնդելու գործին:
Րաֆֆու պարագայում, իհարկե, կա արդարացում. Սփյուռքն առանց առասպելների չի կարող առաջ տանել հայապահպանության գործը: Բայց չէ՞ որ առասպելի ֆանտոմային լինելը շուտով կդառնա այնքան ակներև, որ ոչ մի պրոպագանդայով, հայրենասիրական ճառերով հնարավոր չի լինի քողարկել: Այդ ժամանակ, իհարկե, ինչ-որ բան անել ուշ կլինի: Հենց այդպես է եղել պատմական արենայից մեկընդմիշտ հեռացած բոլոր ազգերի հետ: Հիրավի, ճիշտ էր Բեկոնը, երբ ասում էր, որ գիտակցության ֆանտոմները հրեշների նման վտանգավոր են…
– Ըստ Ձեզ` ի՞նչը կամ ո՞վ ստիպեց Րաֆֆի Հովհաննիսյանին, ի վերջո, կայացնել որոշում` գնալու Բաղրամյան 26, եթե նաև հաշվի առնենք, որ նախկինում նա պնդում էր, որ ցանկություն չունի գրոհելու նախագահական նստավայրը, և արդյո՞ք ճիշտ էր նրա այդ քայլը:
– Րաֆֆին ի սկզբանե աղոտ էր պատկերացնում սեփական անելիքը: Նրա մոտ խոսքը մտքից առաջ է ընկնում, որից հետո ինքը դառնում է սեփական խոսքի գերին: Այդպես եղավ, երբ նա ասաց, որ Սերժ Սարգսյանը միայն իր դիակի վրայով կարող է նախագահի երդում ուտել: Այդպես եղավ, երբ ծրագրային ելույթի փոխարեն՝ հայտարարեց, որ մտադիր է Մոսկվա գնալ և Պուտինի միջոցով այնտեղից «ժողովրդի հաղթանակը բերել»: Բայց ինչ վերաբերում է դեպի Բաղրամյան 26 արշավին, ապա պետք է ազնիվ լինել և ընդունել, որ Րաֆֆին ամեն ինչ արեց դրանից խուսափելու համար: Սակայն այս հարցում էլ նա դարձավ իր սեփական հավաստիքների գերին: Նա անընդհատ նախկինում հայտարարում էր, որ ժողովուրդը՝ ի դեմս միտինգավորների, պետք է պատասխանատվություն ստանձնի և որոշումներ կայացնի, իսկ ինքը պարտավորվում է լինել «բոլորից մեկը»:
Ասեմ, որ երբ Ստեփան Դեմիրճյանը դեռ մեկուկես ամիս առաջ ինձ հարցրեց, թե ինչ կլինի, իմ կարծիքով, ապրիլի 9-ին, ես նրան պատասխանեցի. 2004 թվականի ապրիլի 12-ի կրկնությունն է լինելու. էլի ժողովուրդը կփակի Բաղրամյան փողոցը, որից հետո ժողովրդին կցրեն իրենց հատուկ դաժանությամբ: Ցավոք սրտի, իմ կանխատեսումը հարյուր տոկոսով իրականացավ…
– Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ շուրջ 2 ամիս տևած պայքարն այսօր մամուլում ամենաշատն ուղեկցվում է «հիասթափություն» և «ձախողում» բառերով: Իսկ ո՞րն էր այդ ձախողման գլխավոր պատճառը:
– Ես այդ հարցին արդեն պատասխանեցի: Չի կարելի մարդկանց մոտ առաջացնել չափազանցված սպասումներ, եթե պարզից էլ պարզ է, որ այդ սպասումներն արդարացնելու ներուժ չունես: Քաղաքականության մեջ չափազանցված սպասումներ մարդկանց ներշնչելը կրակի հետ խաղալու նման մի բան է: Ես հարցազրույցներիցս մեկում ճիշտ եմ ասել. Րաֆֆին ափսոս է: Ափսոս է, որովհետև նա երեխայի նման մաքուր ու բարի մարդ է, իսկ մեր ժողովուրդը, քսան տարի է, ինչ երազում է բարի նախագահ ունենալու մասին… Դրա համար էլ ես մի շարք փորձեր եմ արել նրան օգնելու, հուշելու ուղղությամբ: Ավաղ, իմ խորհրդատվությունն անտեսվեց: Եթե չանտեսվեր, Րաֆֆին այս վիճակում չէր հայտնվի: Իմ խիղճը հանգիստ է, սակայն այսօր էլ ես պատրաստ եմ նրան օգնել, եթե ինքը ցանկանա…
– Իսկ ընդհանրապես, քաղաքագիտական տեսանկյունից` ինչպե՞ս եք Դուք գնահատում, այսպես ասած, Բաղրամյան 26 գնալը: Չէ՞ որ Հայաստանում հետընտրական շրջանում ձևավորված ընդդիմության նման քայլը, ինչպես, օրինակ, 1996 թ. ԱԺ-ն գրոհելը կամ 2004 թ. նույն նախագահական նստավայրը պաշարելու փորձը դարձան տվյալ շարժման վերջին հանգրվանը:
– Իսկ ի՞նչ պետք է աներ Րաֆֆին, եթե հրապարակում հռչակվել էր նախագահ, երդվել էր… Պետք է գնար աշխատանքի, եթե, իհարկե, մտադրվել էր իր երդմնակալությանը լրջություն հաղորդել: Եվ դա պետք է աներ ժամը 12-ին, այլ ոչ թե աշխատանքային օրվա ավարտից հետո: Հասկանում եք, մարդը պետք է մեկ-երկու քայլ չմտածի, այլ առնվազն տասը-տասներկու քայլ, որպեսզի չդառնա անակնկալ իրավիճակի պատանդ կամ չհայտնվի ցուգ-ցվանգում:
– Ձեր գնահատմամբ` որքանո՞վ էին օրինաչափ իշխանությունների և իրավապահ մարմինների գործողություններն ապրիլի 9-ին: Հիշենք, որ շուրջ երկու տասնյակ ակտիվիստներ բերման ենթարկվեցին, իսկ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ծեծի ենթարկվեց:
– Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարելի է ցուցարարին, որը հեռանում է, ծեծելով հետապնդել, դա անել Ոստիկանության բարձրաստիճան սպաների մասնակցությամբ: 2008 թվականի մարտի 1-ին այդպես հետապնդում էին Ազատության հրապարակից հեռացող ցուցարարներին, ինչի հետևանքով նրանք դառնացած հավաքվեցին Մյասնիկյանի արձանի մոտ, և տեղի ունեցավ նորագույն Հայոց պատմության մեջ ամենամեծ ողբերգությունը: Որովհետև, եթե թուրքն է հային սպանում, դա ողբերգություն չէ՝ նահատակություն է, իսկ եթե հայն է հային սպանում՝ դա ողբերգություն է: Մեծ հաշվով, այս դաժանությունների խորքային պատճառը Մարտի 1-ի սպանդի մեղավորներին առայսօր անպատիժ թողնելն է: Քանի դեռ նրանք ազատ շրջում են քաղաքում, յուրաքանչյուր ցուցարարի, նույնիսկ սովորական հետիոտնի կյանքը վտանգված է. ցանկացած մեկին կարող են խոշտանգել կամ նույնիսկ ճանճի նման սպանել …
– Ապրիլի 11-ին Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնեց Մոսկվա, ինչպես ինքն էր արտահայտվել, Պուտինի հետ հանդիպելու և «ժողովրդի հաղթանակը» բերելու համար: Ըստ Ձեզ` ի՞նչ նպատակ էր սա հետապնդում:
– Րաֆֆի Հովհաննիսյանի այցը Մոսկվա ցույց է տալիս, որ նա վերջնականապես դուրս է եկել այն դերակատարությունից, որը նրա համար դեռ նախագահական ընտրությունների նախաշեմին նախատեսել էին Սերժ Սարգսյանը, եվրոպացիներն ու ամերիկացիները: Հիշո՞ւմ եք, նախագահական ընտրություններից հետո ԵԺԿ նախագահ Մարտենսը, ի պատասխան նախագահի ընտրություններին իր հաղթանակը չճանաչելու դեպքում ԵԺԿ-ից դուրս գալու Րաֆֆու սպառնալիքներին, «Ազատություն» ռադիոկայանին տված հատուկ հարցազրույցում հայտարարեց, որ «Ժառանգության» առաջնորդը պետք է ստանար քսան տոկոսից քիչ ավելի, բայց ստանալով 37 տոկոս՝ ոգևորությունից իրեն հռչակել է հաղթող:
Այդ հպանցիկ ակնարկը պետք է հիշեցներ Րաֆֆուն իր համար նախատեսված տեղի՝ ընդդիմության, այլ ոչ թե իշխանության առաջնորդի դերի մասին. «տղաս, դու մոռանում ես քո պարտականությունները»: Այդ պարտականությունները ենթադրում էին ընդգծված արևմտամետի դիրքերից՝ ընդդիմության առաջնորդի և համար երկու քաղաքական այրի դերակատարության միջոցով՝ Սերժ Սարգսյանի համար Արևմուտքի և Մոսկվայի միջև մանևրելու դաշտն ընդարձակելու ուղղությամբ գործադրվող հետևողական քայլեր: Այսինքն՝ Րաֆֆին պարտավոր էր կատարել «արևմտամետ բոբոյի» առաքելություն՝ կանգնեցնելով Մոսկվային վատի և վատթարագույնի միջև ընտրության անհրաժեշտության առջև, ստեղծելով եվրաինտեգրման ճանապարհին Սերժ Սարգսյանի զգուշավոր քայլերի համար նպաստավոր ֆոն: Րաֆֆին պետք է դառնար Սերժ Սարգսյանի ձեռքերում յուրահատուկ ալիբի, որի միջոցով Սերժը կարող էր չեզոքացնել Երևանին եվրասիական ծրագրերում ներգրավելու՝ Մոսկվայի չափազանցված սպասումները:
Րաֆֆու մոսկովյան այցը ցույց է տալիս, որ նա որոշել է խառնել իր հովանավորների բոլոր քարտերը: Րաֆֆին գնաց վա-բանկ՝ դրանից բխող իր համար չափազանց վտանգավոր հետևանքներով: Աշխարհաքաղաքական «կուլբիտները» մեր քաղաքական իրականության մեջ նորություն չեն: Հայերին բնորոշ պատվախնդրությունը հաճախ է ստիպում վիրավորվածության հողի վրա կատարել ծանր կորուստներով հղի քայլեր: Այդպես եղավ, երբ նախագահի ընտրություններից առաջ Գագիկ Ծառուկյանը թռավ Բրյուսել, եվրաինտեգրման կողմնակցի տարազով ներկայացավ Ֆյուլլեին` արժանանալով եվրոպացիների քամահրական ժպիտներին և առաջացնելով Մոսկվայի տարակուսանքն ու վրդովմունքը: Արդյունքը եղավ այն, որ օլիգարխը ստիպված էր հրաժարվել նախագահի ընտրություններին մասնակցելու գաղափարից:
Այդպես եղավ, երբ 2004 թվականի ապրիլյան հայտնի խժդժություններից հետո իր քաղաքական ճակատագրի նկատմամբ ռուսների անտարբերության հողի վրա Արտաշես Գեղամյանը կտրուկ աշխարհաքաղաքական շրջադարձ կատարեց և ՌԴ դեսպան Անատոլի Դրյուկովի գովքը փոխարինեց նրա հասցեին լուտանքներով, Սերժ Սարգսյանին ծախվելու և նրանից «աշխատավարձ» ստանալու խայտառակ մեղադրանքներով: Հիշո՞ւմ եք, ինչպես ընկերացավ ԱՄՆ-ի Դեսպան Օրդուեի հետ և սկսեց անգլերեն սովորել` մոռացության մատնելով իր «հակաճգնաժամային ծրագիրը»՝ Ռուսաստանի հովանու ներքո ստեղծվելիք Մաքսային միության և ռուբլու գոտի մտնելու անհրաժեշտության մասին հիմնադրույթներով հանդերձ:
Դե ինչ, այդպիսին են մեր «քաղաքական» գործիչները: Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական ուժային կենտրոններին, ապա դրանք բոլորն էլ պատրաստ են օգտվել ցանկացած հաճախորդի ծառայություններից: Եթե Բրյուսելում ընդունեցին Գագիկ Ծառուկյանին՝ հռչակելով այնտեղ նրան ՀՀ արժանի նախագահացու, ապա ինչո՞ւ չպետք է Րաֆֆուն ընդունեն Մոսկվայում:
Պարզ է մի բան. Րաֆֆի Հովհաննիսյանի աշխարհաքաղաքական վա-բանկի պտուղները կտեսնենք Երևանի քաղաքապետի ընտրություններին: Չեմ կարծում, որ դրանք ավելի քաղցր են լինելու, քան Գագիկ Ծառուկյանի բրյուսելյան այցի պտուղները…