Ի՞նչ սպասելիքներ ունեն երևանցիներն ապագա քաղաքապետից (տեսանյութ)
Մայիսի 5-ին տեղի կունենան Երևանի ավագանու հերթական ընտրությունները, որին մասնակցում են 6 կուսակցություններ և մեկ դաշինք: Դրանք են՝ «Բարգավաճ Հայաստան», Հ. Յ. Դաշնակցություն, Հանրապետական, «Առաքելություն», «Հայ Ազգային կոնգրես», «Օրինաց Երկիր» կուսակցությունները և «Բարև, Երևան» դաշինքը:
ՀՀԿ-ն մասնակցում է «Ավելի լավ Երևան» կարգախոսով: Ցուցակի առաջին երեք համարներն են՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գրոստմայստեր, շախմատի օլիմպիական չեմպիոն Սմբատ Լպուտյանը և ԵՃՇՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակում կա 194 անձ: ԲՀԿ-ն մի քանի կարգախոս է ընտրել: Երկու հիմնական կարգախոսներն են՝ «Սկսենք Երևանից» և «Փոխելու ենք», իսկ ցուցակի առաջին եռյակում են՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը, պատգամավոր, առողջապահության նախկին փոխնախարար Աբրահամ Մանուկյանը։
ՀՅԴ-ն ընտրություններին մասնակցում է «Երևան, փոխիր Հայաստանը» կարգախոսով, իսկ ներկայացված ցուցակը գլխավորում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, փոխներկայացուցիչներն են՝ Աղվան Վարդանյանը և Արսեն Համբարձումյանը:
ՕԵԿ-ն ընտրություններին մասնակցում է «Մենք կարող ենք ավելին» կարգախոսով: ՕԵԿ ցուցակը գլխավորում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Հաջորդ համարներն են Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը և Սոֆյա Արթենյանը։
«Բարև Երևան» դաշինքի ցուցակը գլխավորում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ցուցակի հաջորդ համարներն են՝ Անահիտ Բախշյանը և «Ա1+» հ/ը ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը։
ՀԱԿ ցուցակում առաջին երեք տեղերում են՝ Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, Զոյա Թադևոսյանը և ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանը: ՀԱԿ կարգախոսն է՝ «Իշխանությունը՝ քաղաքացուն»:
«Առաքելության» ցուցակի առաջին երեք համարներն են կուսակցության քաղխորհրդի անդամներ Մեսրոպ Առաքելյանը, Մանուկ Սուքիասյանը և Հրաչ Սարգսյանը:
Նշենք, որ Երևանի ավագանու ընտրությունն անցկացվում է 4 տարին մեկ՝ համամասնական ընտրակարգով։ Ավագանին կազմված է 65 անդամից։ Երևանի քաղաքապետ է ընտրված համարվում այն կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարը, որը ստանում է ավագանու տեղերի 40 տոկոսը և ավելին: Եթե այդպիսի կուսակցություն չի լինում, ապա քաղաքապետն ընտրվում է ավագանու կողմից:
168.am-ը հարցում է անցկացրել Երևանի փողոցներում՝ պարզելու համար՝ արդյո՞ք քաղաքացիները որ քաղաքական ուժին են նախապատվություն տալիս առաջիկա ավագանու ընտրություններում: