Արցախի դպրոցներում կանցկացվեն աստղագիտական դասախոսություններ
Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ) Արցախի Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ Արցախի դպրոցներում կազմակերպում է աստղագիտական դասախոսությունների շարք: ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) գիտաշխատողները դասախոսությունների ընթացքում կպատմեն ժամանակակից աստղագիտության խնդիրների և զարգացումների, հայ աստղագիտության պատմության, ԲԱ և հայկական աստղագիտության ներկայիս վիճակի, մեծ գիտնական Վիկտոր Համբարձումյանի և մյուս նշանավոր հայ աստղագետների մասին: Դասախոսների թվում են Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, ԲԱ առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը, ԲԱ ավագ գիտաշխատող Հովհաննես Պիկիչյանը և ԲԱ երիտասարդ գիտաշխատող Գոհար Հարությունյանը: Աշակերտներին կբաժանվեն նաև աստղագիտական հանրամատչելի նյութեր:
Այս հանդիպումների նպատակներն են աստղագիտական գիտելիքների տարածումը և դպրոցներում օժտված և աստղագիտությամբ հետաքրքրքվող աշակերտների հայտնաբերումը՝ նրանց հետ հետագա կապ պահպանելու և նրանց հետագա մասնագիտական աճին օժանդակելու համար: Դասախոսությունները կանցկացվեն ապրիլի 15-16-ին Արցախի 12 դպրոցներում, ինչպես նաև տեղի կունենան հանդիպումներ Արցախի Կրթության և գիտության նախարարությունում և Արցախի պետական համալսարանում:
Ծրագիրն անցկացվում է ամերիկահայ նշանավոր աստղագետ, Կոռնելի համալսարանի պրոֆեսոր Երվանդ Թերզյանի աջակցությամբ:
2012թ. նոյեմբերին ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ նման ծրագիր է իրականացվել Հայաստանի դպրոցներում, որի ընթացքում աստղագետներն եղան ՀՀ բոլոր մարզերում և Երևանի բոլոր վարչական տարածքներում, ինչպես նաև մի քանի մասնագիտացված դպրոցներում: Ընդհանուր առմամբ անցկացվեց 30 դասախոսություն:
Հայկական աստղագիտական ընկերություն