Լյուդմիլա Սարգսյան. Մենք հույսեր չէինք կապում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ որպես առաջնորդի

«Ապրիլի 9-ին տեղի ունեցած երդմնակալությունների առումով սպասելիքները, որը ուներ ժողովուրդը, հետընտրական հանրահավաքների արդյունքում, ի չիք դարձան, չարդարացվեցին: Ցավում եմ եմ դրա համար»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՍԴՀԿ ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Հետընտրական զարգացումները, ըստ նրա, «դեռ շարժում չեն՝ այլ ժողովրդի հախուռն դժգոհության դրսևորում»:

Լյուդմիլա Սարգսյանը հիշեցրեց, որ ՍԴՀԿ-ն տեսնում էր հետընտրական զարգացումների ավարտը ու հասկանում էր՝ ինչպե՞ս է դա ավարտվելու: «Ավելի լավ է խոսել այն ամենի մասին, ինչ տեսնում ես, քան լռել ու փորձել հաճոյանալ Րաֆֆի Հովհաննիսյանին: Մենք Րաֆֆի Հովհաննիսյանի թշնամին չենք, բարեկամն ենք, բայց հույսեր չէինք կապում կոնկրետ նրա հետ, որպես առաջնորդի, ով կարող է հաղթական հանգրվանի հասցնել ու շարժման տեսք տալ ժողովրդի ըմբոստությանը: Մենք մեր սկզբնական գնահատականներում ճիշտ էինք: Ուրախ կլինեի, որ սխալված լինեինք»,- ասաց պատգամավորը:

Լյուդմիլա Սարգսյանի խոսքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը չի ղեկավարում հարթակը, չի կարողանում որոշումներ ընդունել, չունի մշակված ծրագիր, քայլերի հաջորդականություն, իսկ ժողովրդի առաջ, ըստ նրա, չի կարելի հանրահավաք հրավիրել ու ասելիք չունենա:

Կարդացեք նաև

«Ամսի 9-ին բախում տեղի ունեցավ, չէ՞ որ երբ ժողովրդին հրավիրում ես հանրահավաքի, ու առաջնորդ ես քեզ համարում, իսկ նա այդ ժամանակ, իրոք, առաջնորդում էր, պատասխանատվության չափաբաժինը պետք է շատ լավ գիտակցել: Ավելի ազնիվ կլիներ, որ մշակված քայլերի հաջորդականություն չունենալու դեպքում, Սահմանադրական դատարանի վճռից հետո հայտարարեր, որ նախագահական հետընտրական շարժման էջը փակված է: Դա կլիներ ավելի ճիշտ, քան ժողովրդին հիասթափեցնելը»,- մասնավորեցրեց նա:

Տեսանյութեր

Լրահոս