Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր կեսօրին Մոսկվայից գալու է
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն, ի պատասխան այն հարցի, թե ո՞րն է լինելու իրենց հաջորդ քայլը, եթե, կարծես, բանակցություններն իշխանության հետ սպառված են, ասաց. «Իշխանությունն ո՞վ է՝ Սերժ Սարգսյա՞նը: Մենք իրեն չենք ճանաչում: Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին կնքեց իր մահկանացուն, այսինքն՝ որպես մարդ չեմ ասում, այլ սուտ երդումը: Դուք բոլորդ երևի ականատես եղաք, երեկ տեղի ունեցավ այդ սուտ երդման և կեղծիքի հուղարկավորությունը, և, փաստորեն, քաղաքային իշխանությունները մեզ չէին տրամադրել հող, որպեսզի մենք գերեզմանոցում թաղենք կեղծիքն ու սուտը: Ստիպված նրանք մեզ խորհուրդ տվեցին, որ կեղծիքի և ստի համար նախատեսված է աղբարկղ, և դա, ըստ էության, այն տեղն էր, որտեղ պետք է թաղվի այդ կեղծիքն ու սուտը: Սերժ Սարգսյան՝ որպես իշխանավոր, այլևս գոյություն չունի Հայաստանի Հանրապետությունում՝ ապրիլի 9-ից»:
Փոստանջյանի խոսքով՝ իրենք լծվելու են աշխատանքի, իսկ ծրագրային դրույթների մասին նա նախընտրեց չխոսել՝ նշելով, որ հարմար պահը չէ: Ինչ վերաբերում է ապրիլի 9-ին Երևանի Բաղրամյան պողոտայում «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ տեղի ունեցած միջադեպին, պատգամավորն ասաց, որ բոլորը դիտել են այդ միջադեպի կադրերը, որտեղ Ոստիկանությունը բռնի ուժ է գործադրում նրա նկատմամբ:
«Իմ կարծիքով՝ Արմեն Մարտիրոսյանը և՛ խելամիտ քաղաքական գործիչ է, և՛ ամուր տղամարդ է, հարկ եղած դեպքում կարող է պաշտպանել ցանկացած քաղաքացու, և այդ պահին ինքը պաշտպանում էր տասնյակ-հազարավոր քաղաքացիներին, և ինքն էր առաջին գծում, և ինքը դարձավ թիրախ»,- ասաց Զ . Փոստանջյանը՝ այնուհետ հայտարարելով, որ այսօր «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը կեսօրին գալու է Մոսկվայից, և ժամը 18:00-ին տեղի է ունենալու հանրահավաքը:
168.am-ի հարցին, թե «Ժառանգության» անդամները տեղյա՞կ են` Ր. Հովհաննիսյանն ի՞նչ օրակարգ է ունեցել Մոսկվայում, ի՞նչ հանդիպումներ է ունեցել, Զ. Փոստանջյանը պատասխանեց, որ այդ բոլոր հարցերի պատասխանն այսօր հանրահավաքում կտա Րաֆֆի Հովհաննիսյանը: