Ծաղկակաղամբի բուժիչ հատկությունները
Կաղամբը խաչածաղկավորների ընտանիքին պատկանող բույս է։ Մեզ հայտնի կաղամբի տեսակները` սպիտակ, կարմիր, բրյուսելյան, սավոյան, ծաղկային, ծնեբեկային (բրոկկոլի), ցողունային (կոլրաբի) բուծվել և մշակվել են պատմական տարբեր դարաշրջաններում։ Կաղամբազգիների «ծագումնաբանական նախահայրը» վայրի տերևային կաղամբն է, որն այժմ էլ աճում է որպես մոլախոտ Միջերկրական ծովի և Ատլանտյան օվկիանոսի եվրոպական ափերին։
Սպիտակագլուխ կաղամբը մշակվել է Հին Հռոմում, այժմյան Իտալիայի սահմաններում են մշակվել նաև կաղամբի սավոյան և բրոկկոլի տեսակները։ Ծաղկակաղամբը բուծվել է անմիջականորեն տերևակաղամբից և մինչև մեր օրերը մեծ քանակություններով մշակվում է Սիրիայում։ Բրոկկոլին սովորական ծաղկակաղամբի տարատեսակն է։
Եթե սպիտակ, կարմիր և բրյուսելյան (ստեղծվել է անմիջականորեն տերևակաղամբից) տեսակների` սննդի մեջ օգտագործվող օրգանը «գլուխն» է, ապա ծաղկակաղամբինը փոփոխված սերմնարան ունեցող ծաղկաբույլերի փունջն է։ Սիրիական կաղամբի կենսաբանական հատկությունները և մշակման առանձնահատկություններն առաջին անգամ նկարագրել է արաբ կենսաբան Իբն-Էլ-Բեյթարը` 12-րդ դարում։
Նույն դարի վերջում սիրիական կաղամբը սկսեցին մշակել Իսպանիայի հարավում, սակայն առավելագույն հաջողությունների հասան Կիպրոս կղզու հողագործները. նրանք զգալիորեն բարելավեցին բույսի համային որակը և ստացան բարձր ծլունակություն ապահովող սերմեր։ Կիպրոսը դարձավ ծաղկակաղամբի սերմի առաջատար մատակարարը։
Եվրոպական երկրներում բույսը մեծ տարածում ստացավ 19-րդ դարի սկզբից, երբ Ֆրանսիայի ֆերմեր Կալվարին կարողացավ ստանալ ծաղկակաղամբի որակյալ սերմ տվող տեսակը։ Արդեն նույն դարավերջում` Գերմանիայում, իսկ այնուհետև` Նիդեռլանդներում և Դանիայում բազմացրեցին այդ մշակաբույսի վաղահաս և միջահաս ենթատեսակներ։
Պատմական Հայաստանում կաղամբը հայտնի է եղել հնագույն ժամանակներից։
Հայտնի է, որ Բյուզանդիայի հայազգի կայսր Մորիկը խճճվելով արքունական ինտրիգների սարդոստայնում` սուրհանդակներ է ուղարկում իր հողագործ հոր մոտ` խորհուրդ ստանալու ակնկալիքով։ «Ի՞նչ ասաց հայրս»,- հարցրեց նա հետ վերադարձած մարդկանց։
«Նա աշխատում էր իր բանջարանոցում, մենք փոխանցեցինք ձեր ցանկությունը, սակայն նա ոչինչ չպատասխանեց` այլ կտրեց հասունացած մեծ կաղամբները (լատիներեն` caputum=գլուխ) և սկսեց խնամել նոր հասունացողները»։ Մորիկը նույն օրը գլխատեց հին պաշտոնյաներին և նշանակեց նորերին։
Մեր ժամանակներում ծաղկակաղամբը մշակվում է ողջ Եվրոպայում, ԱՄՆ-ում, զգալի չափով դուրս մղելով սպիտակագլուխ կաղամբը։
Ծաղկակաղամբի նկատմամբ բարձր պահանջարկը պայմանավորված է ոչ միայն համային որակներով, այլ նաև բարձր սննդային արժեքով։ Պարունակում է օրգանիզմում չսինթեզվող ամինաթթու` մետիոնին։ Սպիտակուցների, C վիտամինի քանակությամբ մոտ 2 անգամ գերազանցում է սպիտակագլուխ կաղամբին։
Պարունակում է նաև B1, B2, B6, PP վիտամիններ, քոլին, ֆոլիաթթու, ֆոսֆոր, կալցիում, մագնիում, կալիում, երկաթ, կոբալտ, յոդ, ֆերմենտներ և այլն։ Ծաղկակաղամբի թաղանթի կառուցվածքը նուրբ է, հեշտությամբ է յուրացվում օրգանիզմում` ինչի շնորհիվ ընդգրկվում է աղեստամոքսային համակարգի հիվանդություններ ունեցող անձանց և երեխաների սննդակարգի մեջ։
Մի քանի տարի առաջ Անգլիայում բուծվել են ծաղկակաղամբի նարնջագույն և մանուշակագույն ենթատեսակներ, նարնջագույն ծաղկակաղամբը պարունակում է 20 անգամ ավելի շատ կարոտինային նյութեր, քան սովորական կաղամբը։ Մանուշակագույնն անտոցիանային ներկանյութերի շտեմարան է, ինչի շնորհիվ շատ օգտակար է սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ ունեցող անձանց։
Ծաղկակաղամբի կանոնավոր օգտագործումը կանխարգելում է շագանակագեղձի ադենոմայի զարգացումը` քառասուն տարին լրացած տղամարդկանց մոտ։ Ինդոլի պարունակության շնորհիվ (շատ է նաև բրոկկոլիում), ծաղկակաղամբը կանխարգելում է կրծքագեղձի ուռուցքի զարգացումը։ Ինդոլը բարձրացնում է օրգանիզմում առկա այն հատուկ սպիտակուցի և ֆերմենտների ակտիվությունը, որոնք ոչնչացնում են կրծքագեղձի, ձվարանի և հաստ աղիի քաղցկեղածին բջիջները։
Ծաղկակաղամբը պարունակում է յուրահատուկ նյութեր` «իզոտիոցիանտներ», որոնք ի զորու են պաշտպանել թոքերը` մթնոլորտն աղտոտող և ծխախոտի ծխի մեջ պարունակվող բազմաթիվ քաղցկեղածին նյութերի ազդեցությունից։ Մեծածավալ հետազոտությունների շնորհիվ պարզվել է, որ կաղամբի կանոնավոր օգտագործումը 35-70 տոկոսով նվազեցնում է թոքերի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։ ԱՄՆ-ի և Կանադայի ուռուցքաբանները խորհուրդ են տալիս շաբաթական 2-3 անգամ ուտել ծաղկային, բրյուսելյան կամ բրոկկոլի կաղամբից պատրաստված ուտեստներ։
Մասնագետները կարծում են, որ եթե հղիության և երեխային կրծքով կերակրելու շրջանում մայրը կանոնավոր կաղամբ օգտագործի, ապա երեխան ձեռք կբերի որոշակի նախապաշտպանություն քաղցկեղածին հիվանդությունների հանդեպ` ոչ միայն մանուկ, այլ նաև հասուն տարիքում։
Ծաղկակաղամբն անփոխարինելի մթերք է շաքարային դիաբետով հիվանդների համար, քանի որ կարգավորում է շաքարի պարունակությունն արյան մեջ։
Ուռուցքաբանական հիվանդություններ. Խմեք 100-ական մլ ծաղկակաղամբի հյութ` օրը 2 անգամ, շարունակեք 1 ամիս, կրկնեք 2 ամիս հետո։ Ունի կանխարգելիչ ազդեցություն` 50 տոկոսով նվազում է կրծքագեղձի քաղցկեղի և շագանակագեղձի ադենոմայի առաջացման հավանականությունը։
Ոչ լիարժեք սեռական զարգացում. Խառնեք 100-ական մլ ծաղկակաղամբի և բազուկ կարմիրի հյութեր, 4-ական ճ/գ կիտրոնի հյութ, մեղր և սառը (նախօրոք եռացրած) ջուր, 40 րոպե թրմեք փակ տարայում։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ։ Շարունակեք 2 շաբաթ, կրկնեք 2 շաբաթից` ընդամենը 3-4 անգամ։
Ավիտամինոզ. Խառնեք 150 մլ ծաղկակաղամբի և 100 մլ խնձորի (ցանկացած տեսակի) հյութեր։ Խմեք օրը 1 անգամ, շարունակեք 20-30 օր։
Ստամոքսաբորբ, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոց. Խմեք 100-ական մլ ծաղկակաղամբի թարմ հյութ` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։ Շարունակեք 1 ամիս, կրկնեք 2 շաբաթ հետո։ Հակացուցված է ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքում։
Դիմադրողականության անկում. Խառնեք 20-ական մլ ծաղկակաղամբի և գազարի հյութեր, 2 թ/գ մեղր, 50 մլ եփած (գոլ) կաթ։ Խմեք 30-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ։ Շարունակեք 1 ամիս։
Աթերոսկլերոզ. Խառնեք 200-ական մլ գազարի, բազուկի, ծաղկակաղամբի հյութեր, 2-ական ճ/գ բժշկական սպիրտ և կիտրոնի հյութ,
1-ական ճ/գ ծովաբողկի հյութ և մեղր։ Պահեք սառնարանում` կիպ փակված ապակյա տարայի (շշի) մեջ։
Ալերգիկ բնույթի հիվանդություններ. Խառնեք հավասար քանակությամբ խնձորի, գազարի և ծաղկակաղամբի հյութեր։ 200 մլ կոկտեյլին ավելացրեք 20 մլ մաղադանոսի հյութ։ Խմեք 70-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
Ուժեղ քորի դեպքում քսեք սամիթի հյութի ջրային լուծույթ (1։2) կամ դառնափուշի թարմ հյութ։
Հելմինտոզ. Վերոգրյալ կոկտեյլին ավելացրեք 20 մլ սխտորի հյութ (մաղադանոսի փոխարեն)։ Շարունակեք 14 օր` ճիճվաթափությունից հետո։
Լնդերի բորբոքում. Ծաղկակաղամբի թարմ հյութը լուծեք գոլ (նախօրոք եռացրած) ջրում (1։1)։ Կատարեք ողողում։
Այրվածք, դժվար բուժվող վերքեր. Աղացեք ծաղկակաղամբի տերև, 50 գ հյութը խառնեք ձվի սպիտակուցի հետ։ Քսուքը հաստ շերտով դրեք վերքի վրա, ծածկեք քառատակ ծալած թանզիֆով, վիրակապեք։
Շաքարային դիաբետ. 400 գ ծաղակաղամբը 30 րոպե պահեք աղաջրի մեջ (1 թ/գ աղ և 1 լ ջուր), եփեք։ Կես կգ դդմիկը մաքրեք, հեռացրեք սերմերը, կտրատեք։ Եփեք թույլ աղաջրի մեջ, քամեք։ Պատրաստեք աղցան, համեմեք ըստ ճաշակի։
Աղցան` խառնեք 400 գ մարինացված ծաղկակաղամբ, 100 գ քաղցր պղպեղ, 50 գ ձիթապտուղ (ցանկացած տեսակի, անկորիզ), 1 ճ/գ բուսայուղ։
Մարինադը կարելի է պատրաստել հետևյալ ձևով. Մանրացրեք ծաղկակաղամբը, 10 րոպե պահեք թույլ աղաջրի մեջ (լուծեք նաև մի փոքր կիտրոնի աղ կամ կիտրոնահյութ), հեղուկը թափեք։ Ճյուղիկները տեղավորեք տարայի մեջ` ծաղիկները դեպի ապակին, լցրեք մարինադը, ստերիլիզացրեք։ Մարինադի բաղադրությունը` 1 լ ջուր, 50 գ շաքար կամ աղ, 1 թ/գ քացախի էսենցիա, 5-6 սև պղպեղի հատիկ, 1-2 ճ/գ կարկադեի թեյ (հիբիսկուս, Սուդանի վարդ)։
Շագանակագեղձի բորբոքում.
1. Կտրատեք 1 գլուխ սոխ, պատրաստեք սոխեռած (կարագ կամ յուղ), ավելացրեք 50-ական գրամ դդմի մաքրած սերմ, չամիչ և անմիջապես անջատեք կրակը։ Մեկ միջին ծաղկակաղամբը եփեք աղաջրում, ջուրը թափեք, խառնեք սոխեռածի հետ։ Կերեք տաք վիճակում։
2. Կտրատեք 200-ական գրամ ծաղկակաղամբ և ապուզանի մատղաշ ծիլեր, շոգեխաշեք, ընթացքում ավելացրեք կանաչեղեն, սև պղպեղ և այլն։
Ապուզանը (թորթոջ, առվի շահպրակ) տարածված է Ստեփանավանի, Սևանի, Մարտունու, Ջերմուկի և այլ շրջաններում։ Շատ օգտակար է տղամարդկանց առողջության պահպանման համար։
Զգուշացում։ Ծաղկակաղամբը հակացուցված է հոդատապի դեպքում։
Կարմրագլուխ կաղամբ
Մարդիկ վաղուց նկատել են, որ խաղողի և խնձորի կարմիր տեսակները լավացնում են մարսողությունը, սև հապալասը շատ օգտակար է տեսողությանը, կարմիր սոխն ունի նյարդերը հանգստացնող հատկություն։
20-րդ դարի կեսերին պարզվել է, որ նշված և մի շարք այլ հատապտուղների, պտուղների և բանջարեղենի մեջ պարունակվում են զգալի քանակությամբ ֆլավոններ։
Դարի վերջում գիտնականներն ապացուցել են, որ ֆլավոնները բարձրացնում են արյունատար անոթների առաձգականությունը և կանխարգելում թրոմբերի առաջացումը։ Առավել հայտնի ֆլավոնոիդը ռուտինն է կամ այլ կերպ` P վիտամինը։
Ռուտինը մտնում է արյունատար մազանոթները (կապիլյարներ) մաքրող և ամրացնող ժամանակակից (օրինակ` ասկորուտինի) դեղորայքի բաղադրության մեջ։
Բացի ռուտինից, կան հարյուրավոր այլ ֆլավոններ, որոնք պարունակվում են, օրինակ կանաչ թեյի, կակաոյի, սերկևիլի, խնձորի, ծիրանի, դեղձի, գետնամորու, հաղարջի, ազնվամորու մեջ և այլն։ Ֆլավոններ են պարունակվում նաև խաղողի հատապտղի կեղևում, գրեյպֆրուտի կարմիր կեղևում, նռան մեջ, բալում, սմբուկում, կարմիր կաղամբում և շատ այլ կարմրամանուշակագույն գույն ունեցող պտուղ- բանջարեղենում և հատապտուղներում։ Նշված պտուղներն ունեն ազդեցիկ հակաօքսիդանտ հատկություններ։ Հակաօքսիդանտ նյութերը պաշտպանում են բույսերի բջիջներն ազատ ռադիկալների քայքայիչ ազդեցությունից` նույնը տեղի է ունենում մարդու օրգանիզմում։
Ավելի պարզ ասած. հակաօքսիդանտ նյութերը պաշտպանում են բուսական և կենդանական աշխարհը ռադիացիայից և ուլտրամանուշակագույն ճառագայթումից։
Կարմրագլուխ կաղամբը բուծվել է Արևմտյան Եվրոպայում, 16-րդ դարում։ Կարմրամանուշակագույնը ստացվում է անտոցիանից։ Քացախ ավելացնելիս այս կաղամբը ձեռք է բերում մուգ ազնվամորու գույն, իսկ սոդայից կապտում է։ Հնում գույնի այդպիսի փոփոխումը համարում էին կախարդական, և ահա թե ինչու կարմրագլուխ կաղամբը հաճախ անվանել են «հրաշք բույս» կամ «կապույտ կաղամբ»։ Նրան են վերագրում արյուն ստեղծելու հատկությունը։ Առաջներում արևմտաեվրոպական բժիշկներն այն համարում էին բուժիչ բանջարեղեն և օգտագործում էին «վատ արյունը» բուժելու, ուժերը վերականգնելու և ստամոքսն առողջացնելու համար։
Թափանցելով արյան մեջ` անտոցիանը բարձրացնում է մազանոթների առաձգականությունը, ինչի շնորհիվ բարձրանում է սիրտ-անոթային համակարգի դիմադրողականությունը հիվանդությունների հանդեպ։ Բույսը խորհուրդ է տրվում ընդգրկել հիպերտոնիայով հիվանդ մարդկանց սննդակարգի մեջ։
Դանիացի բժիշկները կարծում են, որ կարմրագլուխ կաղամբը կրկնակի նվազեցնում է կրծքի քաղցկեղի զարգացման հավանականությունը։ Բույսի մեջ պարունակվող ֆիտոնցիդները կանխարգելում են տուբերկուլյոզի ցուպիկի զարգացումն օրգանիզմում։ Ծանր, երկարատև հազի դեպքում խորհուրդ է տրվում` խմեք 1-ական ճ/գ կարմիր կաղամբի հյութ, օրը 3-4 անգամ` շաքարով։
Կարմիր կաղամբում շատ է սելենը, որը մասնակցում է իմունային համակարգի բջիջներին անհրաժեշտ ֆերմենտների սինթեզին։
«168 ԺԱՄ»
Հ.Գ. Արդեն վաճառքում է Ջուլիետա Սահակյանի հեղինակած «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը, որը վաճառվում է «Նոյան տապան», «Բուկինիստ» և «Նոր գիրք» գրախանութներում։