Ալեքսանդր Ամարյան. Բարեգործությունը վերածում են բիզնեսի
Հայաստանում կրոնական կազմակերպություններից շատերը բարեգործությունն օգտագործում են բիզնես ծավալալու նպատակով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Քայքայիչ աղանդներից տուժածների վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:
Նա հայտարարեց, թե հաճախ բարեգործության անվան տակ Հայաստան ներմուծված ապրանքներն ազատում են հարկերից, սակայն դրանք իրականում հանվում են վաճառքի:
Ալեքսանդր Ամարյանի խոսքով, վաճառքից ստացված շահույթն այնուհետև չի վերահսկվում, իսկ այն, ըստ նրա՝ կարող է կազմել 100-ավոր մլն դոլարներ: Նա հայտարարեց, որ նման գործունեություն մասնավորապես ծավալում է Հայաստանի Ավետարանական եկեղեցին:
Ալեքսանդր Ամարյանը նշեց, որ այս կազմակերպության հետ կապված տեղեկատվություն կա նաև, որ իրենց համայնքի ներկայացուցչին մի քանի աշխատանքային գրքույկ են տվել` տարբեր ժամանակներով թվագրված:
«Հայաստանում Ավետարանական եկեղեցին Ավետարականչական ընկերակցության կցորդն է: Արտասահմանում ավետարանական եկեղեցին իսկական եկեղեցի է, որը ես չեմ կարող միանշանակ չընդունել, որովհետև դա կարող է 16-րդ դարից եկող, պատմական եկեղեցի համարվել»,- ասաց Ալեքսանդր Ամարյանը` հավելելով, որ արտասահանից Հայաստան եկած բոլոր եկեղեցիները նպատակ ունեն հասնել իշխանության և փողի: