Արթուր Սարգսյան. «Հայաստանի որոշ թանգարաններ դամբարաններ են»
Նկարիչ Արթուր Սարգսյանն այն արվեստագետներից է, ով ամեն տարի անհատական ցուցահանդես կազմակերպելու առաջարկ ստանում է ԱՄՆ-ից: Նրա նկարչությունը մշտապես ցուցադրվում է դրսում, բայց արվեստանոցը գտնվում է Հայաստանում, որտեղ նկար գնելու կուլտուրան շատերի համար նույնքան խորթ է, որքան՝ «օբյեկտ» կառուցելու փոխարեն` թանգարան ստեղծելը:
Հայաստանն առայժմ իր արվեստագետից նկար չի գնում՝ նվեր է ուզում, մինչդեռ հայ ժամանակակից արվեստի պոտենցիալն արդեն դառնում է օտարերկրյա պետությունների սեփականությունը: Արվեստի զարգացման տեսանկյունից այլ երկրներում նկար «իրացնելը» օրինաչափ է, սակայն ստացվել է այնպես, որ ժամանակակից «պրոդուկտը» որպես փաստ` Հայաստանում չի ամրագրվում, ետևաբար` հաջորդ սերունդը հետադարձ հայացք գցելիս այսօրվա ստեղծվող արվեստը փնտրելու է այլ երկրներում:
Ժամանակակից արվեստի պահպանության հարցում մեծ դերակատարում ունեն թանգարանները, սակայն մեր մեծահարուստներն առայժմ չեն գիտակցում, որ իրենց դղյակների բակում, եկեղեցի կառուցելուց զատ, թանգարանի կառուցումը նույնպես հոգևոր արժեք է: Ի վերջո, թանգարանը դառնում է պատմություն, որը նաև հավերժացնում է այն կառուցողին: Օրինակ` Ռուսաստանում օլիգարխների հարստության մասին խոսելիս` ասում են՝ Աբրամովիչն ունի Մալևիչ, իսկ Հայաստանում՝ այսինչ օլիգարխը՝ այսինչ ռեստորանը, հյուրանոցային համալիրը: Սա տիպիկ բնորոշում է տարբեր երկրների մեծահարուստների արժեքային համակարգը:
– Որքան տեղյակ եմ, այս օրերին մշտապես եղել եք Ազատության հրապարակում՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին: Հետաքրքիր է՝ քաղաքական շարժումներից ազատ արվեստագետի ակնկալիքը ո՞րն է:
– Նախ` ինձ համար շատ կարևոր տենդենց եմ նկատում: Րաֆֆին կարողացավ ժողովրդի միջից այդ ստրկամտությունը հանել, վախի մթնոլորտը կոտրել, ինչն ինձ համար շատ կարևոր զարգացում է: Պատկերացրե՛ք, մարդը վախի մթնոլորտում արվեստ կամ գիտություն ստեղծի. անհնար բան է: Ես վստահ եմ, որ Հյուսիսային Կորեայում մեծ արվեստ ստեղծել հնարավոր չէ: Մեր պատմության մեջ հիմա մենք ունենք ամենամեծ շանսը` իրականությունը փոխելու: Արվեստագետը պետք է ավելի ազատ շնչի՝ բարձրարժեք արվեստ ստեղծելու համար: Ընդ որում՝ ոչ թե մշակույթ, այլ՝ արվեստ: Մեր մշակույթը պահպանվում է, ցուցադրվում է թանգարաններում, բայց շարունակություն ունենալու մասին պետք է մտածենք: Մինչդեռ շարունակություն՝ արվեստ ստեղծելու համար չպետք է մշտապես երկրից գնալ-չգնալու հարցադրումի փնտրտուքի մեջ լինենք, այլ իրականությունը փոխենք:
– Երկրից գնալ-չգնալու հարցադրումը վաղուց արդեն սպառնալիք է դարձել: Տարօրինակ է, բայց ամեն երկրորդ հայ սպառնում է Հայաստանից հեռանալ:
– Մենք` հայերս, լեգեոներներ ենք: Օրինակ` մենք` նկարիչներս, ապրում ենք Հայաստանում, բայց ցուցադրվում ենք դրսում: Մեր արվեստանոցները Հայաստանում են, բայց մեր 1990-2000 թվականների լավագույն գործերը դրսում են:
– Բայց վտանգավոր բան է, երբ մեր պետության արվեստի ներուժը, այլ կերպ ասած՝ «արտադրանքը» իրացվում է միայն դրսում: Ստացվում է, որ վաղվա սերունդը չի ունենալու արվեստի այսօրվա ինֆորմացիան, ավելին՝ բազան և պահպանությունը, որը նաև կրթական առաքելություն պիտի ունենա:
– Հայաստանում ստեղծվող հոգևոր արտադրանքը, այո, դրսում է: Հայաստանին պետք է այդ հոգևոր արտադրանքը, բայց նվերի տեսքով: Օրինակ` Պատկերասրահից, Շուշիի, Լաչինի, Քաղաքապետարանի թանգարաններին պետք է, ու մենք միշտ ասում ենք՝ խնդրեմ, վերցրեք, ցուցադրեքգ Բայց, եթե նկարչից այդքան նվեր եք ուզում, ապա կարելի է, չէ՞, մեկ անգամ այդ նկարը գնել և մի տեղ շեշտել, որ այն գնահատված է պետության կողմից: Եթե բյուջեում պետական պաշտոնյաներին, օլիգարխներին մեքենաներ բաժանելու գումար կա, ապա բյուջեում ինչ-որ մի մաս չկա՞, որով պտտվեն նկարիչների, կոմպոզիտորների, գրողների կողմը: Այդպիսով գնահատեն, վերցնեն և դա դարձնեն իրենց սեփականությունը: Ի դեպ, Լոս Անջելեսում, Նյու Յորքում անհատների տներում եմ եղել, որոնցից ամեն մեկը մի տուն-թանգարան է: Հայ կոլեկցիոներների տներում թանգարանային արժեք ունեցող գործեր կան: Վստահ եմ, որ ապագայում իրենց կոլեկցիան կտեղափոխեն Հայաստան և նոր թանգարան կկառուցեն, ինչպես Գաֆէսճեանն արեց:
– Նկարիչներից շատերի հետ զրույցներից հասկանում եմ, որ մեծ մասը հուսահատության մեջ է: Բայց պարադոքս է, որովհետև կա կատարյալ ազատություն, ու թվում է՝ արվեստագետին այլևս ոչինչ պետք չէ:
– Շատ պարզ օրինակ մատնանշեմ. Կերպարվեստի բնագավառից մենք շատ լավ արվեստագետներ կորցրեցինք, բայց, որոնց հետևից ոչինչ չմնաց: Որևէ մեկի մտքով չանցավ ստեղծել մի փոքր թանգարան այս սերնդի համար, այս կոնցեպցիայով աշխատող նկարիչների կամ քանդակագործների համար: Չարլզ Բուկովսկին ամբողջ կյանքում հայհոյել է Միացյալ Նահանգներին, ընդ որում, այդ երկիրը չէր ընդունում Բուկովսկուն: Նա շատ վատ թաղամասում էր ապրում ու իր լքյալ, բոմժային կյանքով հանդերձ` շատ հետաքրքիր պոետ էր:
Նրա մահից հետո անմիջապես տուն-թանգարան ստեղծեցին, արժեքավորեցին: Հիմա մեզ մոտ մի քանի մարդու մատներ են պետք` հաշվելու համար, թե քանի նկարիչ մահացավ, բայց…
Իրենցից հետո փակվեց ամեն ինչ: Միակը Կալենցի տուն-թանգարանն է, որը Սարոյի անհատական էներգիայով, գումարների ներդրմամբ կառուցվեց: Տեսե՛ք, թե այսօր ինչ ռեստորաններ են կառուցվում, որոնցից ամեն մեկը մի պալատ է, մինչդեռ թանգարան ստեղծելու համար շատ քիչ գումար է պետք՝ թեթև կոնստրուկցիայով, առանց շքեղությունների:
– Անդրադառնալով թանգարանների խնդրին, Դուք` որպես ժամանակակից նկարիչ, ինչո՞ւ պահանջատեր չեք Ժամանակակից արվեստի թանգարանի շենքի հարցում: Այդ թանգարանի տեղանքը, շենքն ուղղակի խայտառակություն է:
– Նախ` դա Ժամանակակից արվեստի թանգարան չէ, այլ՝ «Modern Art», որը հերոսաբար ստեղծվել է Հենրիկ Իգիթյանի կողմից: Խնդիրն այն է, որ, երբ նոր արվեստ է ստեղծվում՝ պահանջվում է նոր սերնդի թանգարան: Մենք կանգնած ենք 70-ականների շեմին: Գրիգոր Հասրաթյանի տված այդ տարածքն իր մակերեսով տալիս էին դերձակներին, վարսավիրանոցներին:
Թանգարան կարող են կառուցել նույնիսկ ոչ քաղաքի կենտրոնում, այլ, օրինակ` Այգեստանում կամ մեկ այլ տեղ, որտեղ հեռվից նայելիս` մարդկանց հետաքրքրությունը շարժվի: Օրինակ՝ այլ երկիր մուտք գործելուց հետո անմիջապես թանգարանների մասին տեղեկատվություն ես պահանջում: Մենք շատ լավ լանդշաֆտ ունենք. քաղաքի կենտրոնից կարող ես տեսնել, ասենք` Նորքի, Այգեստանի ֆոնին մի ժամանակակից, գեղեցիկ կառույց, որը զբոսաշրջիկների ուշադրությունը կգրավի:
– Մեզ մոտ մեկ այլ շատ կարևոր խնդիր կա: Թանգարանները կենսունակ չեն, պրոյեկտներով, հետաքրքիր իդեաներով հանդես չեն գալիս, որով քաղաքացուն «կկանչեն» դեպի իրենց: Օրինակ՝ Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ Ժանսեմի, Գառզուի ցուցահանդեսը, որի մասին պատահաբար տեղեկացանք: Թանգարաններից նույնիսկ լրատվամիջոցներին չեն տեղեկացնում որևէ ցուցահանդեսի մասին: Իրականում թանգարանները նույնպես պետք է հասարակության հետաքրքրությունը շարժեն, մինչդեռ, անգամ տարրական ինֆորմացիա փոխանցելու կուլտուրա չկա:
– Ինստիտուցիա չկա, ամեն ինչ արվում է տնավարի: Պետք է նախ` մամուլի ասուլիս անել, հակառակ դեպքում՝ գաղափարը ո՞րն էգ որ պահեստներից հանես, Ժանսե՞մ ցուցադրես: Ի դեպ, ՆՓԱԿ-ը (Նորարար Փորձառական արվեստի կենտրոն) այդ իմաստով շատ ճիշտ քաղաքականություն է վարում՝ նախապես տեղեկացնելով ցուցահանդեսի գաղափարի մասին: Եվ հետո, մենք ունենք թանգարաններ, որոնք դամբարաններ են: Երբ գնում ես` նույն մարդու ցուցահանդեսն է:
Օրինակ՝ Փարիզում Պիկասոյի թանգարանում սրահներ կան, որտեղ ցուցադրվում են և՛ ժամանակակիցներ, և՛ դրսից են նկարիչներ հրավիրվում: Հայաստանում թանգարանների ներկայացուցիչները տեղյակ չեն, որ աշխարհում ժամանակակից արվեստի զարգացման համար դրամաշնորհներ են տրվում, որի միջոցով հնարավոր է շատ լավ ծրագրեր իրականացնել: Բարեբախտաբար, դրսից արվեստագետներ հրավիրելու, դրսի ինֆորմացիան Հայաստանում տարածելու իմաստով ՆՓԱԿ-ն է բավականին մեծ աշխատանք կատարում: Ես շատ կցանկանայի, որ 3-4 տարվա ընթացքում, ասենք, Թալինում կառուցվեն ամենալավ գալերեաները, որպեսզի ես իմ նկարները տեղափոխեմ այնտեղ ցուցադրելու և հետ բերեմ: Հակառակ դեպքում` ամեն ինչ կենտրոնացված է Երևանում:
Հայաստանի մարզերում գալերեաներ ստեղծելը նաև տուրիզմի զարգացման լավագույն մոդելը կլինի, որտեղ գյուղը նույնպես կիրացվի տնտեսական, հասարակական, մշակութային կյանքում: Օրինակ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը «Բարևի» շարժման շրջանակներում շրջեց բոլոր մարզերում, գյուղերում՝ մարդկանց ձեռքը սեղմելով, ինձ համար Հայաստանը մեծացավ: Գյուղացին նույնպես պետք է արվեստի ուժն ընկալի:
Ընդհանրապես, երբ գալիս են Երևանում ներդրում կատարելու՝ քաղաքային իշխանությունները պետք է ասեն` եղբայր, Երևանն այլևս փակ քաղաք է, այստեղ շինարարություն չի լինելու: Թող ուղղորդեն դեպի մարզեր, գյուղը: Այս երկիրը դարձրել են տարադրամի փոխանակման կետ. մի 20 միլիոն 2%-ով վերցնում են, 14%-ով վարկ են տալիս գյուղացուն և նստած վիճակում փողի ծորակը բացում են: Հայաստանը փոքրացրել, դարձրել ենք մեծ գլխով փոքր մարմին, մինչդեռ Հայաստանի մարզերը կարելի է 2-3 տարում զարգացնել, պարզապես ցանկություն է պետք: Ցանկությունը չկա, որովհետև Հայաստանը տարադրամի փոխանակման կետ է իրենց համար:
«168 ԺԱՄ»