Ո՞վ է Տարոն Մարգարյանի այլընտրանքը
Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորում է ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը, շատերը թեման փակված համարեցին, և բոլոր հարցերի պատասխանները` ստացված:
Սակայն ՀՀԿ ամբողջական ցուցակի հրապարակումից հետո մի հարց, այդուհանդերձ, բաց է մնում՝ ո՞վ է Տարոն Մարգարյանի այլընտրանքը: Այսինքն, եթե ՀՀԿ-ն հաղթանակ տանի ավագանու ընտրություններում, և Տարոն Մարգարյանն ինչ-ինչ պատճառներով հրաժարվի ստանձնել քաղաքապետի պաշտոնը կամ Աստված մի արասցե` ինչ-որ ֆորսմաժորային իրավիճակի պատճառով նրա պաշտոնավարումն անհնարին դառնա, ո՞վ կարող է լինել ՀՀԿ-ական քաղաքապետը:
Երկրորդ տեղում Սմբատ Լպուտյանն է, ով տաղանդավոր շախմատիստ է, սակայն մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնում նրան պատկերացնելը դժվար է: ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանին նույնպես դժվար է պատկերացնել քաղաքապետի պաշտոնում: ՀՀԿ ցուցակի առաջնային հորիզոնականները զբաղեցնող արվեստագետներ Մարտին Վարդազարյանին, Արա Երնջակյանին կամ Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանին՝ նույնպես: Ոմանք որպես ՀՀԿ-ական քաղաքապետի այլընտրանքային թեկնածու` նշում են ներկայիս փոխքաղաքապետ Կամո Արեյանի անունը:
Սակայն վերջինս, չնայած իր կազմակերպչական հմտություններին և հարուստ փորձին, քաղաքական դաշտում լուրջ դերակատարում չունի: Այսինքն՝ քաղաքական ֆիգուր չէ: Թերևս հենց այդ պատճառով Տարոն Մարգարյանի՝ քաղաքապետ դառնալուց հետո Արեյանին չվստահվեց քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը (այն մինչ օրս թափուր է): Նշենք նաև, որ բավականին հետաքրքիր է դիտվում նաև ՀՀԿ ցուցակի 5-րդ տեղը զբաղեցնող Հովիկ Մուսայելյանը:
Լինելով «Սինոփսիս» ընկերության տնօրենը` նա իրեն դրսևորել է` որպես արդյունավետ կառավարիչ: Բացի այդ` նա բավականին ակտիվ է հասարակական կյանքում, ունի ճանաչելիության որոշակի աստիճան և դրական է ընկալվում թե հասարակության կողմից, թե իշխանական և գործարար շրջանակներում: Սակայն Հովիկ Մուսայելյանը նույնպես քաղաքական ֆիգուր չէ:
Բացի այդ, Երևանի քաղաքապետի և ընդհանրապես ՀՀ ցանկացած համայնքի ղեկավարի «համապատասխանելիությունը» առաջին հերթին որոշվում է ոչ թե գիտելիքների կամ փորձի, այլ` ընտրություն «կազմակերպելու», իշխանության համար ձայն ապահովելու ունակության հիման վրա: Իսկ այս առումով, ՀՀԿ ցուցակի միջին հորիզոնականներում գտնվող ավագանու թեկնածուներն ավելի մեծ շանսեր ունեն, քան նույն Կամո Արեյանը կամ Հովիկ Մուսայելյանը:
Նրանք էլ, սակայն, չունեն բավարար ճանաչվածություն և կշիռ` մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնին հավակնելու համար: Այսինքն, ստացվում է, որ ՀՀԿ-ն Տարոն Մարգարյանին այլընտրանք չի տեսնում: Սա, ի դեպ, ՀՀԿ մոտեցման ամենաէական տարբերությունն է՝ այս և նախկին ընտրությունների ժամանակ։
Հիշեցնենք, որ 2009 թվականին ՀՀԿ ցուցակը գլխավորում էր Գագիկ Բեգլարյանը։
Երկրորդ հորիզոնականում Տարոն Մարգարյանն էր: Գագիկ Բեգլարյանին փոխարինած Կարեն Կարապետյանը 5-րդ համարն էր: Ի դեպ, նա ինքն իրեն փորձում էր քաղաքական դաշտից դուրս դնել և ներկայանալ որպես Երևանի կառավարիչ, սակայն Կարապետյանի կշիռը, ռեսուրսներն ու դերակատարությունը ՀՀ ներքաղաքական կյանքում անվիճելի էին: Այն ժամանակ, որպես գերպահուստային տարբերակ` նշվում էր նաև Դերենիկ Դումանյանի անունը (4-րդ տեղում)։ Ստացվում է, որ նախորդ ընտրություններին Գագիկ Բեգլարյանն ուներ մի քանի պոտենցիալ «փոխարինող», իսկ հիմա` Տարոն Մարգարյանի դեպքում, դժվար է գտնել անգամ մեկին:
Ու տպավորություն կարող է ստեղծվել, որ Տարոն Մարգարյանը համարվում է անփոխարինելի: Սակայն այստեղ կա մի բայց: Եթե ՀՀԿ-ի տեսանկյունից Տարոն Մարգարյանն այլընտրանք չունի, ապա վերկուսակցական մակարդակում ամեն ինչ այդքան միանշանակ չէ: Այսինքն, հնարավոր է, որ իշխանությունը Տարոն Մարգարյանին այլընտրանք դիտարկում է ոչ թե ՀՀԿ-ում, այլ՝ դրանից դուրս: Օրինակ, չի բացառվում, որ նախագահ Սերժ Սարգսյանը որպես նման ֆիգուր դիտարկում է ՕԵԿ ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանին։ Վերջինիս, ի դեպ, Սերժ Սարգսյանն ավելի պակաս չի վստահում, քան ՀՀԿ ցուցակի ցանկացած անդամի:
Միգուցե սրանք տեսական դատողություններ են, սակայն ոչ մի տարբերակ չի կարելի բացառել: Հիշեցնենք, որ Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն, եթե ավագանու ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձն օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ: Եթե այդ կուսակցության ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը չի համապատասխանում քաղաքապետին առաջադրվող պահանջներին, հրաժարվում է, կամ ավագանու ընտրությունների արդյունքով որևէ կուսակցություն չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա քաղաքապետն ընտրվում է գաղտնի քվեարկության միջոցով:
Սա նշանակում է, որ եթե ՀՀԿ-ին չհաջողվի ստանալ ավագանիի անդամների տեղերի 50%-ից ավելին, ապա իշխանությունը մայրաքաղաքում իր ձեռքում պահելու համար անհրաժեշտ է լինելու կոալիցիա կազմել: Իսկ այդ ժամանակ դժվար կլինի կանխատեսել՝ ով է լինելու հիմնական տարբերակը, ով` այլընտրանքային։
«168 ԺԱՄ»