Իրանցի պատգամավորն Ադրբեջանին սպառնացել է Գյուլիստանի ու Թուրքմենչայի պայմանագրերի վերանայմամբ
Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով իրանական Fars լրատվական գործակալությունը հայտնում է, որ Իրանի խորհրդարանը զգուշացում է արել Ադրբեջանին: Մասնավորապես, Իրանի խորհրդարանի այսօրվա նիստում Ուրմիա նահանգից ընտրված պատգամավոր Նադիր Գազիպուրը հայտարարել է.
«Մենք զգուշացնում ենք Բաքվի առաջնորդներին, որ եթե նրանք չհրաժարվեն իրենց սխալ գործողություններից, ապա մենք խորհրդարանում կվերանայենք մեզ համար ամոթալի և մեզ պարտադրված Գյուլիստանի ու Թուրքմենչայի պայմանագրերը»:
Նա Ադրբեջանի կառավարությանը զգուշացրել է չձեռնարկել Թեհրանի դեմ ուղղված գործողություններ, հակառակ դեպքում Իրանի խորհրդարանը կընդունի օրինագիծ, որում կառավարությունից կպահանջի վերանայել Թուրքմենչայի պայմանագիրը:
Իրանցի պատգամավորը հավելել է, որ եթե հանրաքվի անցկացվի Գյուլիստանի ու Թուրքմենչայի պայմանագրերով Իրանից անջատված տարածքներում, ապա վերջիններիս բնակիչները «վերստին կարտահայտվեն» Իրանի կազմ մտնելու օգտին:
Հիշեցնենք, որ Գյուլիստանի պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև 1813 թվականի հոկտեմբերի 24–ին, Ղարաբաղի Գյուլիստան (Խաչեն) գյուղում, որով վերջ տրվեց 1804-1813 թվականների ռուս–պարսկական պատերազմին։
Գյուլիստանի հաշտության պայմանագրով Ռուսաստանին անցան Դաղստանը, Վրաստանը, Մեգրելիան, Իմերեթիան, Գուրիան, Աբխազիան, Բաքվի, Ղարաբաղի, Շիրվանի, Դերբենդի ու Թալիշի խանությունները, Լոռու, Ղազախի, Շամշադինի, Իջևանի, Շիրակի և Զանգեզուրի շրջանները։ Ռուսաստանը Կասպից ծովում ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք ստացավ։
Իսկ Թուրքմենչայի պայմանագիրը Ռուսաստանի և Պարսկաստանի միջև տորագրվել է փետրվարի 21-ին, Պարսկաստանի Թուրքմենչայ գյուղում (Թավրիզի մերձակայքում)՝ 1826-1828 թվականների ռուս–պարսկական պատերազմին վերջ դնելու համար։
Պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, Պարսկաստանը Ռուսաստանին է հանձնել Երևանն ու այսօր Ադրբեջանի մաս կազմող՝ Նախիջևանը, Թալիշը, Օրդուբադը, և Արրան նահանգի Մուղան շրջանը, ինչպես նաև այն շրջանները, որոնց նա Ռուսաստանին էր հանձնել Գյուլիստանի պայմանագրով, Արաքս գետը դառնում էր Ռուսաստանի ու Պարսկաստանի միջև նոր սահման: